ԿարևորՀասարակություն

Հաջորդ սերունդն ավելի անգրագետ է լինելու` ահազանգում է կրթության փորձագետը

2022 թվականին 40 դպրոցներում իրականացված ստուգումները պարզել են, որ «Հայոց լեզու» առարկայից «գերազանց» է ստացել 3624 սովորողների 13.2%-ը, «անբավարար»՝ 27.8%-ը: Մտահոգիչ պատկեր է արձանագրվել նաև «Մաթեմատիկա» առարկայի դեպքում։ Գրավոր աշխատանքին մասնակցած 3543 սովորողներից «գերազանց» են գնահատվել 4.7%-ը, «անբավարար»՝ 44.5%-ը: Ոլորտի մասնագետներն այստեղ լուրջ վտանգ են տեսնում։ Փորձագետները հորդորում են՝ անգրագիտությունից խուսափելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Իսկ կրթական գերատեսչությունն էլ վստահեցնում է, որ հենց դրան են միտված ոլորտային բարեփոխումները։

Մինչ կրթության գերատեսչությունը տարբեր ամբիոններից համակարգային բարեփոխումներ է խոստանում, Կրթության տեսչական մարմնի հաշվետվությունը բացահայտում է ոլորտի համակարգային, դեռևս չլուծված խնդիրները: 40 դպրոցներում իրականացված ստուգումները պարզել են՝ «Հայոց լեզու» առարկայից թելադրությանը մասնակցած աշակերտների  շուրջ 28 տոկոսն անբավարար է ստացել։ «Մաթեմատիկայի» պատկերն ավելի ահազանգող է։ Անբավարար է ստացել մասնակիցների շուրջ 45 տոկոսը։

Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյան.

«Սովորողների մնացորդային գիտելիքների մակարդակը որոշելու նպատակով տրվել են գրավոր աշխատանքներ, համապատասխանաբար՝ 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում։ Վերջին երեք տարիների դինամիկան ցույց է տվել, որ օրինակ՝ «Մաթեմատիկայից» 20-21 թթ անբավարար է ստացել 47 տոկոսը, «Հայոց լեզվից» 2020 թվականին 35 տոկոսն է անբավարար ստացել։ Այդ առումով դրական տեղաշարժ ունենք։ Ինչ խոսք, խնդիրները շատ են, բայց նաև նշեմ, որ սովորողների նույն առարկաների տարեկան միջին միավորը ավելի բաձր է գնահատվել դպրոցի մանակավարժների կողմից։ Դա նշանակում է, որ դպրոցում մանկավարժների կողմից օբյեկտիվ գնահատում չի իրականացվել»։

Գուցե դինամիկան համեմատության մեջ դրական է, բայց պատկերը, միևնույն է, մտահոգիչ է, նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ընդգծելով, որ կրթության արժեզրկումը նոր չէ, որ սկսվել է։

Երբ խստապահանջությանը սկսեցին փոխարինել ազատական զարգացումները, ավելի արժևորվեցին ճարպկությունն ու խորամանկությունը, մաթեմատիկական խնդիր լուծելն ու գրական – գեղարվեստական գրքեր կարդալը հետին պլան մղվեցին, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է փորձագետը․

«Դպրոցների համար այսօր շատ դժվար է սովորեցնել երեխաներին մաթեմատիկա, հայոց լեզու և այլն, որովհետև այն իրավիճակը, որում նրանք գտնվում են, իրենց մոտ այլ հմտություններ է զարգացնում։ Ինչ վերաբերում է նախարարության բարեփոխումներին, ցավոք մենք երկու զուգահեռ իրականություններ ունենք։ Միշտ նախարարությունն ասում է, որ  բարեփոխումներ է սկսում և շուտով լավ է լինելու։ Այդ նույն տրամաբանությամբ 4-5 տարի առաջ խոստացվել էր, որ 2023 թվականին կրթության որակապես այլ վիճակ ենք ունենալու։ Մյուս իրականությունն էլ իրական կյանքն է։ Քանի որ բարեփոխումներն ու իրականությունը զուգահեռ են գնում, մեր կրթական բարեփոխումները որպես կանոն դասարան չեն հասնում»։

Գեղեցիկ շարադրված հայեցակարգը դեռ չի նշանակում, որ այն արդյունավետ է։ Փորձագետի կանխատեսումներով նույն նախարարության նոր ռեֆորմներով պատկերն էլ ավելի մտահոգիչ է դառնալու․

«Այժմ էլ հանվում է անբավարար գնահատականը։ Իհարկե այս ամենի հիմքում  հումանիստական նպատակներ են, բայց, եթե արտաքին մոտիվացիոն գործոնը հանվի, գուցե երեխաների վերաբերմունքը կրթության հանդեպ է՛լ ավելի վատանա։ Որովհետև, եթե չկա նույն դասարանում մնալ, չկա բացասական թվանշան, էլ ինչու ենք սովորում»։

Որքան էլ հասարակությունը ձգտի տեխնոլոգիական մասնագիտություններ ու հմտություններ ձեռք բերել, եթե բազային գիտելիքները թույլ են, դժվար թե այսօրվա սովորողները վաղը կարողանան բարձրարժեք տնտեսություն ստեղծել, նկատում է կրթության փորձագետը։ Ավելին՝ նա վստահ է, որ անբավարար ստացած աշակերտների մեծամասնությունը վաղվա ցածրորակ աշխատուժն է դառնալու․

«Նախ պետք է այս իրավիճակը հռչակվի որպես վտանգավոր, ինչը չի արվում։ Հաջորդ սերունդը կարող է ավելի անգրագետ դառնալ։ Եթե հիմա ստուգում իրականացվի կրտսեր դպրոցի երեխաների շրջանում, հատկապես Քովիդի շրջանում 1-ին դասարան գնացողների, կտեսնեք, որ պատկերը շատ ավելի տխուր է լինելու։ Ես կարծում եմ, որ ժամանակն է SOS ահազանգը հնչեցնելու»։

Մինչ փորձագետները հորդորում են անգրագիտությունից խուսափելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկել, ԿԳՄՍ նախարարությունը հավաստիացնում է, որ հենց դրան են միտված ոլորտային բարեփոխումները։ Իսկ ի՞նչ կշիռ ունեն այդ խոստումները։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, վկայակոչելով տարիների իր փորձը, վստահ է, որ նախարարությունը բարեփոխումների հերթական գեղեցիկ խոստումն է տալիս, որը հազիվ թե կյանքի կոչվի։

Back to top button