ԿարևորՔաղաքական

Կոչերն ու հորդորները բավարար չեն․ Բրյուսելում, Ստրասբուրգում, Լոնդոնում և Վաշինգտոնում խոսում են Լաչինի միջանցքի մասին

Միջազգային կառույցները շարունակում են  հորդորել Բաքվին  բացել Լաչինի միջանցքն ու ապաշրջափակել Արցախը։ Կոչերն ու հորդորները, սակայն, բավարար չեն և արդյունքներ դեռ չեն տալիս, թեև հայաստանյան վերլուծական դաշտում կարծիք կա, որ մոտ ապագայում այդ ամենը պտուղներ տալու է։

Հայաստանի արտգործնախարարը Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում արդեն ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ոչ միայն Արցախում հումանիտար ճգնաժամի, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առնչությամբ։

Զուգահեռաբար  Լաչինի միջանցքի հարցը եղել է նաև Միացյալ Թագավորության խորհրդարանի համայնքների պալատի ուշադրության կենտրոնում։ Մեկ այլ միջազգային կառույցում՝ ԵԽԽՎ–ում, Լաչինի հարցով քննարկում է նախատեսվում վաղը՝ հունվարի 26–ին։ Հարց է նաև, թե որքան կհանդուրժի ԱՄՆ պետքարտուղարությունը այն արհամարհանքը, որով Ադրբեջանի ղեկավարը վերաբերվում է իրեն ուղղված հորդորներին։

Կոչերն ու հորդորները բավարար չեն՝ Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նիստում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը խոսել է Լաչինի միջանցքի հարցում միջազգային հանրության անհապաղ միջամտության ու նաև այն անհրաժեշտության մասին, որ Ադրբեջանին պետք է բացատրել՝ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն։ 

Վերջին 2 տարում Հայաստանը ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում երեք ուղղություններով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում և խաղաղության պայմանագիր՝ նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով բոլոր ուղղություններով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: 

«Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։ Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։ Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունն Ադրբեջանը մերժել է»: 

Լաչինի միջանցքի արգելափակումն ու Արցախի շրջափակումը նաև Միացյալ Թագավորության Համայնքների պալատում հատուկ քննարկում կազմակերպելու առիթ է դարձել։ Genocide Watch –ն իրավիճակն էթնիկ զտման քաղաքականություն  է համարում։ Միացյալ Թագավորություն–Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը պատմել է, թե ինչ է անձամբ տեսել 2021-ին իր այցի ժամանակ։

«Ադրբեջանը գրավել է Հադրութը, Շուշին, որոնք հայկական տարածքներ են։ Ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել, արտադատական սպանություններ են կատարվել հայ գերիների նկատմամբ, բարձրախոսներով կոչ են արել հայերին հեռանալ ԼՂ-ից։ Լաչինի միջանցքի փակմանը մասնակցում են «գորշ գայլերի» ներկայացուցիչները։ Ադրբեջանի հատուկ ծառայության ուժերը ևս ներկա են եղել Լաչինի միջանցքի փակմանը։ Գազամատակարարումը, հոսանքը, ինտերնետ կապը կտրվել են Ադրբեջանի կողմից։ Սա դիտավորյալ և հաշվարկված էթնիկ զտման քաղաքականություն է»։

Ներկա վիճակը բրիտանացի պատգամավորը նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է համարում։

Հայտարարություններից հետո ելույթ է ունեցել պետքարտուղարի Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով խորհրդարանական տեղակալ Դևիդ Ռաթլին։ Հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քայլերին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է, բրիտանական կառավարությունն ակտիվորեն համագործակցում է երկու երկրի կառավարությունների հետ։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով: Ռաթլին հաստատել է՝ Լաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի ցուցարարները՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկելով ապրուստի միջոցներից:

Շաբաթվա ճեպազրույցի ընթացքում իրավիճակին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Ուշագրավ է, որ ճեպազրույցում նա Լաչինի միջանցքից խոսել է նույն հարցով Ադրբեջանի նախագահի հետ պետքարտուղարի հեռախոսազրույցից հետո, որում Բլինքենը Ալիևին  հորդորել էր շուտափույթ բացել երթևեկությունը միջանցքով։ Գնդակը Ադրբեջանի՞ դաշտում է՝ հարցը ձևակերպել է լրագրողը, որ խոսնակն այսպես է պատասխանել։

«Մենք ենթադրություններ չենք անում։ Միացյալ Նահանգները հույս ունի, որ ուղիղ երկխոսությունը երկու երկրների միջև կհանգեցնի այն հարցերի լուծմանը, որոնք վաղուց բաժանում են Հայաստանն ու Ադրբեջանը, և այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, կհասնենք տևական խաղաղության։ Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առևտրային և մասնավոր ճանապարհորդությունների շարունակական խոչընդոտումը սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս է առաջացնում բնակիչների համար, որոնք այդ միջանցքից են ստանում այդ հիմնական պաշարները: Բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն ավելի են խորացնում հումանիտար իրավիճակի վատթարացումը։ Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ՝ կոմերցիոն և մասնավոր ճանապարհորդությունները։ Կարծում ենք, որ պետք է լուծում գտնենք այս փակուղուց դուրս գալու համար՝ ապահովելու տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն թվիթերյան գրառմամբ է պատասխանել Նեդ Փրայսին՝ մեջբերելով ադրբեջանական կեղծ թեզերը։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Լաչինի միջանցքը բաց է։ Պետքարտուղարության խոսնակի «սխալների» Հաջիզադեն անգամ թվերով ուղղել՝ խոսելով ինչ–որ քանակի  մեքենաների շարժի մասին։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը կարծում  է, թե կոչերը պետք է ուղղվեն Հայաստանին։

Հայաստանում շատ վերլուծաբաններ կարծում են, որ անգամ այս իրավիճակում ժամանակն աշխատում է Հայաստանի օգտին, արձանագրում են, որ որքան էլ ծանր է Արցախի շրջափակումը, բայց այս ընթացքում միջազգային հանրությունը փոխում է վերաբերմունքը։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ անգամ 44–օրյա պատերազմի ժամանակ միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ այսպիսին չէր։ Համոզված է, որ Բլինքենի հորդորներն անտեսելը Ադրբեջանի համար հեշտ չի լինի։

«Այդ ճնշումը մենք տեսնում ենք, չէ՞, որ մեծանում է։ Այո, մեր ուզած տեմպերով չէ, բայց եթե Բլինքենի ասածները բանի տեղ չդնի, հաջորդը Բայդենը չի զանգելու։ Հաջորդը այլ գործիքակազմ է կիրառվելու իր դեմ։ Եվ դա կամաց-կամաց կլինի։ Հիմա դարձյալ  կոռուպցիոն պատմությունների մասին հրապարակումներ կլինեն։ Նախկինում դա արվում էր հազվադեպ, հիմա սա ակտիվանալու է։ Այսինքն՝ Ալիևի իշխանության հարցն է դրված Ալիևի առջև։ Ասում են՝ կամ ենթարկվում ես միջազգային կանոններին և մարդասիրական նորմերին,  կամ անցնում ես «սև ցուցակ» այն բոլոր ավտոկրատների, որոնց դեմ Բայդենը արշավ է հայտարարել դեռ Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովին»։  

Լաչինի միջանցքի հարցի քննարկմանը պատրաստվում է նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը։ Տարբեր ելույթների ժամանակ հայ պատվիրակներն արդեն անդրադարձել են Ադրբեջանի աշխատաոճին և ձեռագրին։ Արուսյակ Ջուլհակյանը խոսել է պատերազմական հանցագործությունների և հատկապես հայ կին զինծառայողների մարմինների անարգման դեպքերի մասին։

Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է՝ Լաչինի միջանցքի հարցը քննարկվելու է հունվարի 26–ին՝ օրվա երկրորդ կեսին, բայց թերևս բոլորի ապագային առնչվող հարցի քննարկման համար սահմանվել է ընդամենը 1 ժամ։ Խորհուրդ տվեց հարցի քննարկմանը առաջնորդվել «Mea Culpa»-ի, այսինքն՝ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը գիտակցելու տեսանկյունից։  

Արմեն Գրիգորյանը շեշտադրեց ժողովրդավարության և անվտանգության միջև ընտրությունը։

«Ձեզ քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի քան 40 օր է՝ պաշարված է Ադրբեջանի կողմից: Մեր կազմակերպությանն իր անդամակցության ամբողջ ընթացքում Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվել է քաղաքական բռնությամբ եւ պատերազմով՝ որպես պետական քաղաքականության գործիքներ եւ միջոցներ: Ադրբեջանի կառավարությունը շարունակաբար արմատական ռասիզմի եւ էթնիկ զտումների քաղաքականություն է վարել «այլոց» եւ հատկապես՝ հայերի դեմ: Ադրբեջանի պետական քաղաքականության մեկ այլ բնորոշ գիծն էլ Եվրոպա նավթի եւ գազի արտահանման ներուժի շահարկումն է՝ որպես իր եզակի առավելություն: Ուստի մեզնից յուրաքանչյուրը կարող է որոշել՝ նման քաղաքականությունը ֆաշի՞զմ է, ազգային ռադիկալի՞զմ, թե՞ պետական ահաբեկչություն»:

Հայաստանի Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին։ Հանդիպման մասին սոցցանցում է գրել և պատմել, որ ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Ռուբինյանի ներկայացմամբ՝ համաձայնել են, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Ռուբինյանը կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար։

Back to top button