Ժամանակի վկան

Գերմանացի հայագետի արժեքավոր հետազոտությունները․ Յուրգեն Գիսպերտ․ «Ժամանակի վկան»

Գերմանացի ազգագրագետ, հայագետ, նաև լրագրող, հոր կողմից կիսով չափ հայ դոկտոր Յուրգեն Գիսպերտը հայտնի անուն է հայագիտական և պատմագիտական հանրույթում: Նրա հետազոտությունները հիմնականում վերաբերում են հայոց պատմությանը, մասնավորապես, հայոց ցեղասպանությանը։ 2022  թվականին լույս տեսավ դոկտոր Յու. Գիսպերտի «Հայաստանը երեկ և այսօր. «Զոհերի աճյունները բաբախում են մեր սրտերում»։ Հայկական հիշողության մշակույթի մի տեսության շուրջ» ստվարածավալ (492 էջ) գերմաներեն մենագրությունը (Jürgen Gispert, Armenien gestern und heute – „Die Aschen der Opfer schlagen in unseren Herzen“. Zu einer Theorie der armenischen Memorialkultur, Leipzig, „Eudora-Verlag“, 2022), որը բաղկացած է առաջաբանից, 5 գլուխներից, 25 ենթագլուխներից և հավելվածից։ Գրքում բազմազան տեղեկություններ են հաղորդվում հայ ժողովրդի անցյալի ու ներկայի պատմության, հոգևոր և մշակութային արժեքների, նորագույն մարտահրավերների, դրանց հաղթահարման կարևորության մասին, որպես   հայոց պետականության և հայ ինքնության պահպանման անհրաժեշտ գործոն։

Յուրգեն Գիսպերտին հանդիպեցի Երևանի պետական համալսարանում։ Մեզ ծանոթացրեց պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունին, որը նաև ընդարձակ գրախոսություն է գրել դոկտոր Գիսպերտի մենագրության վերաբերյալ՝ անվանելով այդ աշխատությունը «կոթողային»։
Ես հրավիրեցի Յուրգեն Գիսպերտին մասնակցելու հաղորդմանը։ Ձայնագրությունը կատարվել է Հանրային ռադիոյում՝ 2022  թվականի դեկտեմբերի 6-ին։

-Լավ կլինի, սկսենք սկզբից։ Առաջին անգամ ես այստեղ եղա 1991 թ․։ Հուլիսն էր և հետաքրքիրն այն է, որ դա Հայաստանի անկախության հռչակումից երկու ամիս առաջ էր։ Հիշում եմ մի դեպք, երբ մենք վերնիսաժի հարևանությամբ գտնվող Կինոյի տանը ներկա էինք Հայաստանի մասին որոշ ֆիլմերի ցուցադրությանը։

Ես անդամակցում էի մի փոքրիկ մշակութային կազմակերպության, որն զբաղվում էր Խորհրդային Միության արևելյան նախկին պետությունների հետ մշակութային ձեռնարկումներով և կապերով։ Դրանց մեջ, իհարկե, նաև Հայաստանն էր։ Մի ֆիլմ ցուցադրվեց, որն ինձ շատ հետաքրքրեց, այնտեղ տեսարան կար, որտեղ ոչխարներ էին վազվզում դաշտում և արածում էին։ Չեմ հիշում, ով էր բեմադրիչը, հնարավոր է հայտնի ռեժիսոր Փելեշյանն էր, որը մեծավմասամբ նկարահանել է սև-սպիտակ ֆիլմեր։ Հիշում եմ, այդտեղ հոգևոր երաժշտություն էր հնչում, հնարավոր է, Կոմիտաս էր։
Երկրորդ անգամ, ես այցելեցի 1993 թվականին։ Այդ անգամ, ես մնացի ավելի երկար՝ վեց ամիս։ Էլեկտրականություն չկար, բայց շատ շոգ ամառ էր,- ,-պատմում է Գիսպերտը։

Դառնալով 2000-ականներին,-շարունակում է նա,- ասեմ, որ որոշ ժամանակ այստեղ անցկացնելուց հետո վերադառնալով՝ ես սկսեցի խորությամբ զբաղվել այս հարցերով, առավելապես ազգագրությամբ, ավելի շատ ուշադրություն դարձնելով իմ շրջապատի մարդկանց՝ հայերին, թուրքերին, նաև Իրանից ռամադանի համար ժամանած գործավորներին, նրանց մեջ ո՛չ միայն զուտ պարսիկներ էին, այլ նաև՝ պարսկահայեր, որոնք բնակվում են Իրանում։ Թուրքերին ես հարցնում էի, թե ի՞նչ գիտեն հայոց ցեղասպանության մասին, բայց նրանք ոչինչ չէին պատասխանում կամ չէին ուզում ասել այն, ինչը ուզում էին։ Եվ այսպիսով, ես բացահայտեցի մշակութային դաշտի ամբողջական պատկերը, երբ դեմքը հանկարծ բաժանվում է մի քանի տարբեր մասերի, և դա այն էր, ինչը տեղի էր ունեցել։

Ավելի խորանալով ոլորտի ուսումնասիրության մեջ, ես ավելի շատ բան իմացա հայոց պատմության մասին, և, ինչպես, որ տեղյակ եք իմ աշխատանքը նույնպես այս մասին է։ Ես զբաղվել եմ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի հայոց պատմության վերլուծությամբ։ Դա բավականին մեծ ժամանակահատված է, բայց հետազոտել եմ,-միտքն ավարտեց Յուրգեն Գիսպերտը։

Հետաքրքրվեցի, թե որտե՞ղից է գիտական հետաքրքրությունը հայկական հարցի վերաբերյալ՝ արդյոք, պայմանավորվա՞ծ իր հայկական ծագմամբ, կամ, գու՞ցե, նաև այն պատճառով, որ իր կինը նույնպես հայուհի է։

— Երկու կարևոր փաստ կա այս առումով․ առաջինը՝ դա երկաթե վարագույրի անկումից հետո Արևելքի բացվելն է և, ուստի, արևելյան հատվածում խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը։

Իսկ երկրորդը, դա իմ ծագումն է։ Իմ մայրիկի հայրը հայ էր։ Նա ծնվել էր Թիֆլիսում 1891 թվականին։ Եվ Համաշխարհային առաջին պատերազմի տարիներին նա եկել էր Գերմանիա։ Հակոբ Հակոբյանը, որը դարձել էր Ակոպով․ դա հայկական անունների տիպիկ փոփոխությունն էր ցարական ժամանակաշրջանում։ Ես յուրահատուկ մեթոդաբանություն եմ կիրառել, որը նշանակում է բացատրել, թե այս ոլորտի ուսումնասիրությանը ինչպես է հեղինակը հանգել։ Իմ անձնական ծագումը զգացական դաշտի մաս է կազմում, բայց ո՛չ ինքնին հետազոտության մաս։ Այո՛, շատ լավ է, երբ գիտես պապիկների հետ կապի մասին, բայց սա հետազոտություն չէ իմ ծագման մասին։ Սա է ամբողջը։

Դոկտոր Գիսպերտն առաջնորդվել է հայերի ազգային-քաղաքական և հոգևոր-մշակութային ինքնության մեկնաբանության, հայոց անհատական և հավաքական հիշողության մշակույթի և յուրահատկությունների բացահայտմամբ: Հեղինակը գրքի երրորդ գլխում ներկայացնում է իր կիրառած մեթոդաբանությունը, որի զարգացման մեջ առանցքային դերակատարություն ունեցած ֆրանսիացի նշանավոր գիտնականներ Մորիս Ալբվաքսի, Էմիլ Դուրկհայմի, Անրի Բերգսոնի, գերմանացի գիտնականներ Յան և Ալեյդա Ասմանների գործունեության և գաղափարների հետ զուգահեռներ անցկացնելով՝ նա հիմնավորում է իր դիտարկումները։

-Ես իմ գիտական աշխատանքը որոշ առումով համարում եմ քաղաքական գործ, բայց գիտական ուղղվածությամբ։ Ես մասնակցում եմ Բեռլինում հայոց ցեղասպանության ճանաչման համար կազմակերպված ցույցերին, երբ այստեղ եմ լինում, ապրիլի 24-ին մասնակցում եմ դեպի հուշահամալիր երթին։ Սա իմ կարծիքի քաղաքական արտահայտությունն է։ Եվ հիմա, երբ տեսնում ենք, թե ի՞նչ են անում ադրբեջանցիները հայերի հետ Արցախում, իմ աշխատանքը նաև քաղաքական կարելի է համարել, բայց ինչպես ասացի, գիտական ձևով ներկայացված։

Գրքի առաջին գլխում լուսաբանվում են վերջին տարիներին, մասնավորապես թավշյա հեղափոխությունից առաջ և հետո Հայաստանում կատարված իրադարձությունները։ Երկրորդ գլխում հեղինակը կարևոր տեղեկություններ է հաղորդում հայոց պատմության հնագույն շրջանից սկսած մինչև նորագույն շրջանի առավել կարևոր իրադարձությունների և դրանց հետևանքների վերաբերյալ: Առանձին ենթագլուխներով քննվում են Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքին, հայերի ծագմանը, պարսիկների և հույների հետ պատմական առնչություններին, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն, Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայոց այբուբենի ստեղծման դրվագներին, ինչպես նաև օսմանյան տիրապետության շրջանում Արևմտյան Հայաստանի դրությանը և հայ ժողովրդի վիճակին վերաբերող հարցերը:

Հեղինակն առանձնահատուկ քննարկել է Հայկական հարցի պատմությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո կատարված իրադարձությունները, Արցախյան առաջին պատերազմը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը լայնորեն լուսաբանվել են նաև Արցախից սերող մի հայ ընտանիքի պատմության ներկայացմամբ, որն անմիջականորեն մաշկի վրա զգացել է Բաքվում հայերի զանգվածային հետապնդումների և տեղահանության սարսափները։

Նշեմ, որ Յուրգեն Գիսպերտը բազմիցս հանդես է եկել արցախյան հիմնախնդրի մասին հրապարակումներով, որտեղ նա լուսաբանում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հայերի հանդեպ ոճրագործությունները, որոնք հետևողականորեն իրականացնում են Ադրբեջանն ու Թուրքիան։

Գիտական և քաղաքական տեսանկյուններից հատկապես շեշտադրված կարևորություն ունի աշխատության չորրորդ՝ ամենածավալուն գլուխը: Հեղինակը հանգամանալից պատմում է Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին, ներկայացնում է 1965 թ. Խորհրդային Հայաստանում ազգային զարթոնքը՝ ուղեկցված ոգեցունց ցույցերով և հանրահավաքներով, նկարագրում է ցեղասպանության հուշարձանն ու թանգարանը։  Հայոց ցեղասպանության հուշարձան-համալիրի խորհրդաբանությունը և ճարտարապետաշինարարական յուրահատկությունները ընդգշելով՝ Գիսպերտն այն դիտարկում է որպես հավաքական հիշողության խորհրդանիշ և այդ հիշողությունը սերունդներին փոխանցելու միջոց:

Այս գլխում առանձնահատուկ ներկայացված են նաև հայկական խաչքարագործությունը և դարերի հոլովույթում կրած փոփոխությունները՝ դիտարկելով դրանք որպես հետևանք հայոց պատմության ընթացքում կատարված քաղաքական շրջադարձերի։

Մանրամասն ներկայացվում է հայ մշակույթն ու կրած տարատեսակ ազդեցությունները, որոնք ընդգրկում են մոնղոլադեմ Հիսուսի պատկերով «Ամենափրկիչ» խաչքարերի նկարագրությունը, Կիլիկիայի արվեստն և մշակույթը, հայ միջնադարյան ճարտարապետական կոթողները՝ ընդհուպ մինչև  շուրջ 20 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ջուղայի խաչքարերի պարբերական ոչնչացման փաստի պարզաբանումը, որպես վանդալիզմի ցցուն օրինակ, որն, ըստ հեղինակի՝ «չի եղել մինչև իսկ Շահ Աբասի և Լենկթեմուրի արշավանքների ժամանակ»:

Յուրգեն Գիսպերտը ներկայացնում է նաև ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նա մատնանշում է հայերի ցեղասպանության համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված «ցեղասպանություն» եզրույթին՝ կատարելով միաժամանակյա համեմատական քննություն հրեական հոլոքոստի հետ, ըստ այդմ՝  համարելով հայոց ցեղասպանությունն անառարկելի պատմական իրողություն։

Գրքում հետաքրքրիր փաստեր կան նաև Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանի դատավարության վերաբերյալ, բացի այդ, Յուրգեն Գիսպերտն ուսումնասիրել է նաև աշխարհահռչակ ցեղասպանագետ Ռաֆայել Լեմկինի արխիվային նյութերը և այլ սկզբնաղբյուրներ, որոնց հիման վրա հայկական հարցին առնչվող նորահայտ փաստեր է ընդգրկել աշխատության մեջ։

Քանի որ Յուրգեն Գիսպերտը բացի լուրջ գիտական գործունեությունից զբաղվում է նաև ոչ պակաս լուրջ լրագրողական գործունեությամբ, մենք անդրադարձանք նաև այդ ոլորտին։ Յուրգեն Գիսպերտը որպես լրագրող աշխատակցում է նաև Գերմանիայում բավականին ճանաչում և մեծ լսարան ունեցող Ազատ Ռադիոյին, որն անկախ, շահույթ չհետապնդող, ոչ առևտրային կազմակերպություն է։ Ազատ ռադիոն էական ներդրում ունի խոսքի ազատության ընդլայնման գործում՝ որպես կարծիքների բազմազանություն ապահովող հեռարձակման միջոց։

Գերմանական Radio Blau-ն հեռարձակվում է Լայպցիգում 1995 թվականից։ Ռադիոյի նվիրյալները՝ մանկապարտեզի տարիքից մինչև տարեց քաղաքացիներ, հրավիրվում են իրականացնելու իրենց սեփական գաղափարները, ինքնարտահայտվելու խոսափողի առջև, կամավոր աշխատելու և պարզելու, թե ի՞նչ քնած տաղանդներ կան իրենց մեջ:

Իսկ հեռարձակվող թեմաները բազմազան են՝ կրթական, մշակութային, լեզվական լայն շրջանակով: Երաժշտությունը չափավոր է։ Ռադիոամսագիր, հումորային հաղորդումներ, հետաքննող լրագրություն, խաղարկային, երաժշտական ձևաչափեր և գիտական թեմաներ․ ահա այն ամենը, ինչը հեռարձակվում է։

Հատուկ ուշադրություն է դարձվում ինքնությանը, սեփական կենսամիջավայրին։ Հաղորդումների տևողությունը նույնպես բազմազան է։

 -Ինչպես ասացի, ես օգտագործում եմ այս ռադիո դաշտի ընձեռած հնարավորությունը, մարդկանց մոտ պատկերացում կազմել տալու համար հայկական մշակույթի մասին ընդհանրապես։ Մեր ռադիոն տեղական նշանակության է, ֆինանսավորվում է պետությունից, բայց անկախ է և այնտեղ փոքրամասնությունները նույնպես ներկայացված են։ Լայպցիգում մենք ունենք փոքրիկ հայկական համայնք։ Նրանք Լայպցիգի քաղաքացիներ են, իհարկե, նրանք տեղեկացված են, բայց ես հնարավորություն ունեմ անձամբ նրանց որոշակի տեղեկատվություն տրամադրելու,-մանրամասնում է Գիսպերտը։

-Շատ հետաքրքրիր է, քանի որ երկար ժամանակ պահանջվեց, որ պաշտոնական լրատվամիջոցները ճանաչեն մեզ և հաշվի առնեն փոքրամասնությունների կամքը՝ լինելու անկախ, բարձրաձայնելու իրենց խոսքը, որը հնարավոր չէ կամ չի կարող տեղի ունենալ կայացած ռադիոկայաններում։ Ինչպես ասացի, այն փոքր է, և անհրաժեշտ է, որ մենք նպաստենք, որ այն շարունակի աշխատանքը: Կարող է ամեն մեկը հրավիրվել իր պոդքաստը պատրաստելու և հեռարձակելու, և բացի այդ սովորեցնում են ռադիո տեխնիկական միջոցներին տիրապետելուն։ Ֆինանսավորումը պետական է, և նպատակն է ներկայացնել Լայպցիգի բնակչության կարծիքների ամբողջ բազմազանությունը։ Մենք ունենք նաև անկախ ռադիոների պետական ցանց, օրինակ, ես իմ պատրաստած 7 ռեպորտաժները կրկնօրինակել եմ և որպես մի ամբողջական համախումբ ուղարկել եմ այդ ցանցին, որպեսզի Գերմանիայի բոլոր մասերից ստանամ կարծիքներ այդ մասին։ Եվ, եթե դուք ունեք գաղափար, դուք կարող եք պոդքաստ անել, բայց պետք է քննարկեք այն։ 

-Սեպտեմբերի  13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո ես ինքս ինձ հարց տվեցի, թե անձամբ ինքս ի՞նչ կարող եմ անել։ Եվ սեպտեմբերից մինչև նոյեմբեր, հետևելով լուրերին՝ ես արդեն 7 ռեպորտաժ եմ պատրաստել, վերլուծելով կատարվող իրադարձությունները։ Այժմ դրանով եմ զբաղվում։

Բացի այդ ես զբաղվում եմ նաև համեմատություններ տանելով, օրինակ գերմանական և հայկական մշակույթների միջև։ Ես համեմատում եմ նաև այլ հուշարձանները հայկական հուշարձանների հետ։ Օրինակ Հաղթանակի հուշարձանը համեմատում եմ իսրայելական հաղթանակի հուշարձանի հետ։ Շատ հետաքրքրական է տարբերությունները և նմանությունները համեմատելը։

 «Հայաստանը երեկ և այսօր. «Զոհերի աճյունները բաբախում են մեր սրտերում»։ Հայկական հիշողության մշակույթի մի տեսության շուրջ» աշխատությունը Յուրգեն Գիսպերտի առաջին մենագրություն է։

-Մինչև հիմա առաջին գիրքս է, շատ հոդվածներ ունեմ տպագրված, և հիմա նախապատրաստում եմ տպագրության երկրորդ գիրքս։
Իմ առաջին գրքի վերնագրում նույնպես համեմատություն կա․ «Զոհերի աճյունները բաբախում են մեր սրտերում», այսինքն սրտերի մեջ, ոչ թե վրա, սա շատ տարբեր է, որովհետև եթե դա ձեր սրտի մեջ է բաբախում, ապա դա ձեր գոյության մի մասնիկն է, իսկ եթե բաբախում է ձեր սրտի վրա, ապա ուղղակի հիշեցնում է այդ մասին։

Իսկ երկրորդ գիրքը կլինի առաջինի լրացումը ինչ-որ իմաստով։ Որոշ մասեր պետք է ընդարձակեմ, որոշ մասեր կրճատեմ, որոշ բաներ հանեմ, որոշ բաներ ավելացնեմ։ Նաև հետաքրքրված եմ Կլոդ Շաբրոլի «Գլխարկագործի ուրվականները» հայտնի ֆիլմով, որտեղ Ազնավուրն է խաղում։ Այնտեղ ես փորձում եմ դա համադրել Թումանյանի գրքերի և հոդվածների իմացությամբ։ Տեսնեմ ի՞նչ կստացվի։  

Նաև հարցրեցի, թե՝ որպես գիտնական հայագետ, ազգագրագետ և որպես լրագրող անձամբ ինչպե՞ս է փորձում հակադարձել ադրբեջանական կեղծարարությանը։

-Որպես նախադեպ, կարող ենք դիտարկել Ջուղայի խաչքարերի ավերումը Նախիջևանում, որոնք ավերվեցին 1998 թվականին և դրանից հետո։ Դա տիպիկ օրինակ է, թե ինչպես են ադրբեջանական քաղաքական գործիչները, Ալիևն առաջին հերթին, վնասում այլոց մշակութային ժառանգությունը, հատկապես հայկական մշակութային ժառանգությունը, որովհետև նրանց համար իրական թշնամին հայկական մշակույթն է, քանի որ ադրբեջանական մշակույթ կոչվածը հին չէ կամ ընդհանրապես չկա, այն չունի հազարամյակների պատմություն, ինչպես որ հայկական մշակույթն ունի։ Ինչպես գիտենք, ադրբեջանականը Ստալինի ժամանակներից սկսած է ի հայտ գալիս։ Եվ քանի որ նրանք չունեն իրենց սեփական պատմությունը, ստիպված են այն հորինել։ Ինչպես իմ ուսուցիչ Լևոն Աբրահամյանն է ասում, նման դեպքերում քաղաքական նպատակներով ոչնչացնում են եղած հինը, որ դրա տեղում ստեղծեն իրենց պատմությունը։

Իմ հետազոտությունը ցույց է տալիս նաև, թե այդ մոդելն ինչպե՞ս է գործում գերմանական միջավայրում կամ Գերմանիա-Հայաստան փոխհարաբերություններում։

Այն ամենը, որը կատարվում է Արցախում, և որին այժմ մենք ականատես ենք, Նախիջևանի օրինակով հայկական եկեղեցիների և մշակույթի ոչնչացում է։ Այն, ինչը կատարվում է, կամ կկատարվի Ալիևի կողմից, դա էթնիկ զտում է և ցեղասպանություն, և մենք պետք է ամեն բան անենք կանխելու այդ։ Իսկ ես անում այն, ինչը կարող եմ անել իմ կարծիքով այդ դեպքում։

Հեղինակը բազմաթիվ փաստերով ներկայացնում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, Սումգայիթի և Բաքվի կոտորածները, Արցախի գրավված շրջաններում հայ մշակույթի ոչնչացումն ու յուրացումը՝ որպես թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շարունակություն:

Յուրգեն Գիսպերտը փաստերով ներկայացնում է, որ Ադրբեջանն անկախացել է ոչ ըստ խորհրդային օրենսդրության, առանց հանրաքվե անցկացնելու և իրեն հռչակել ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ 1918-1920 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, այդպիսով Արցախի հանդեպ որևէ հավակնություն ներկայացնելու իրավունք չունի, քանի որ Արցախը երբևէ Ադրբեջանի անկախ հանրապետության մաս չի կազմել, իսկ այդ հանրապետության սահմանները երբևէ միջազգայնորեն չեն ճանաչվել։

Հեղինակն անդրադարձել է նաև  այն իրողությանը, որ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսական ահռելի ռեսուրսներ է ծախսում կեղծ տեղեկատվության տարածման նպատակով, ներկայացնելով դրանք որպես պատմական ճշմարտություն։ Հեղինակը զուգահեռաբար ներկայացնում է ադրբեջանական պետության պատմությունը, որն սկսվում է 1918 թվականից։ Այս կեղծարարություններին հակադրելով հայկական Արցախի հազարամյա պատմությունը, հեղինակը փաստացի ցույց է տալիս, որ ո՛չ միջազգային, և ո՛չ էլ պատմական իրավունքի տեսանկյունից հիմքեր չկան Արցախն  ադրբեջանական համարելու, իսկ հայկական մշակութային արժեքները յուրացնելու Ադրբեջանի քաղաքականությունը ո՛չ այլ ինչ է, քան «էքսպանսիա, որի միջոցով, ամեն բան խժռելու մեթոդաբանությամբ Ադրբեջանն ստեղծում է իր ինքնությունը,-գրում է հեղինակը։

Back to top button