ԿարևորՏնտեսական

Արմավիրի գյուղերում հող են մշակում նաև ձմռանը

Գյուղատնտեսական տարին ավարտվել է, հողի մշակները սպասում են գարնանը։ Բայց Արմավիրի մարզի գյուղերում ձմռանն էլ են բանջարեղեն մշակում: Հայթաղ գյուղում մարդիկ աշխատում են գրեթե ողջ տարին. ամռանը՝ բաց դաշտերում, ձմռանը՝ ջերմոցներում: Այստեղ արդեն սկսել են սածիլները մշակել:

Հայթաղում բանջարեղեն ու կանաչի են աճեցնում՝ սամիթ, համեմ, մաղադանոս, սպանախ: Փորձում են բավարարել շուկայի պահանջարկը: Տարվա այս եղանակին թարմ բանջարեղենը ջերմոցային է:  Գյուղում ջերմոցային մշակաբույսերի սածիլավորումը սկսվել է նոյեմբերի վերջին:  Զրուցակիցս, որ չցանկացավ ներկայանալ, պատմում է ջերմոցային հողագործության նրբությունների մասին:

«Նոյեմբերի 25-ից արդեն ցանում են լոլիկի ու սմբուկի սերմերը: Մենք ցանքսը դեկտեմբերի 5-ին ենք արել, արդեն ծլել է ու մինչև փետրվարի 5-ը տեղափոխելու ենք հողի մեջ, որպեսզի փոքր ամանների մեջ արմատային համակարգը չփչանա»:

Բանջարեղենի սերմերը պլաստմասսայե բաժակներում են ցանում և պահում  պոլիէթիլենային թաղանթների տակ մինչև սածիլ դառնալը: Ջեռուցում են էլեկտրականությամբ: Երկու ջերմոցից մեկն  ապակյա է։ Դրանք երկուսն էլ գազով են ջեռուցում, ուստի ծախսը շատ է: Ապակյա ջերմոցում դեռ սպանախ կա, բայց հողը պետք է շուտ նախապատրաստեն մյուս մշակաբույսի աճեցման համար:

 «Վարունգ ամենաշուտն է աճում. փետրվարին դնում ենք հողը, անհրաժեշտ ջերմությունը ապահովում, գիշերը 15 աստիճանից ցածր չպետք է լինի ջերմությունը, իսկ մեկ ամսից արդեն բերք է տալիս»:

Ջերմոցներում վարունգի հիբրիդային սորտերն են աճեցնում, որոնք ապրանքային լավ տեսք ու համ ունեն, դիմացկուն են հիվանդությունների նկատմամբ:  Լիլիթը վարունգի սերմեր է ցանել և շուտով  սածիլները կտեղափոխի մեծ ջերմոց:

«Փուշ վարունգ է, շուկան դա է պահանջում.  և՛ ափսեի չափսով է, և՛ տեսքն է սիրուն: Եթե չենք ուշացնում բերքահավաքը՝ շատ սիրուն տեսք ունի: Բերք շատ է տալիս և համեղ է»:

Ասում է՝ մյուս ջերմոցում վարունգը կցանի մայիսին, քանի որ այդքան ջեռուցման հնարավորություն չունեն, և արևի ջերմությանն են ապավինելու: Իսկ ամռանը ջերմոցները պետք է հովացնեն, որ բույսերը չխաշվեն:

«Կաթի ու կավճի խառնուրդով ջերմոցի պոլիէթիլենային թաղանթների վրա հովացում ենք ապահովում: Կաթի ու կավիճի փոշին խառնում ենք ու սրսկման ապարատներով շփում պոլիէթելենի թաղանթների վրա, սպիտակացնում, որն էլ ջերմոցները հովացնում է»:

Ջերմոցներն ու տնամերձ հողամասերը Հայթաղ գյուղում ոռոգում են ջրհորների ջրով: Յուրաքանչյուր տան բակում ջրհոր կա, էլեկտրական պոմպով ջուրը քաշում են ու օգտագործում և՛ կենցաղում, և՛ ոռոգման նպատակով: Շուրջօրյա ջրամատակարարման համար  ջուրը նաև ամբարում են և ոռոգում  կաթիլային համակարգով:

«Մեր ջրհորը ճիշտ մակարդակի վրա չի, այդքան ջուր չի տալիս: Եթե մենք կաթիլայինով չջրենք՝ մեր հողը չենք հագեցնի: Գարնանը հորերում ջուրը շատ քիչ է լինում, իսկ վարունգը ջուր է սիրում։ Եթե ջուրն ընդհատումներով մատակարարվի, ապա կարող է արմատը վնասվի»:

Հայթաղցները լավ են հասկանում ջերմոցային մշակաբույսերի լեզուն և լավ բերք են ստանում: Ջերմոցներից բացի, դաշտերում կանաչի են ցանում:  Մի ամիս առաջ աշնանացան  ցորենի նման համեմի, մաղադանոսի սերմերն արդեն ցանել են, սպասում են գարնան ծիլերին.

«Դա կոչվում է՝ ձյան տակ ցանել: Դեկտեմբերի 1-2-ին արդեն ցանում ենք, որ ձյան տակ մնա, բայց այս տարի ձյուն չկա: Սերմը հողում կմնա, խոնավությունը կպահի  և վաղ գարնանը, մինչև ոռոգման շրջանի բացումը, անձրևների ջրերի տակ կծլի»:

Կանաչի մշակողները տարվա մեջ հողը 3-4 անգամ են վարում, ցանում, բայց ցանքաշրջանառություն են անում, որ հողը հանգստանա: Զրուցակիցս ասում է, որ երբեմն նույն հողը մինչև 6 ամիս  պարապ են թողնում: Ամռան սակավաջրությունից  հաճախ  բերքը պակասում է:

«Արտեզյան ջրհորները միշտ չի, որ աշխատում են, իսկ ջրամբարների ջուրն էլ հաճախ կտրվում է. 3, 4, 5 օրը մեկ նոր ջուր են տալիս ու կանաչին էլ չի ծլում: Հնարավոր է 1000 քմ կանաչի ցանենք ու ջրի պակասի հետևանքով չծլի: Գոնե՝ 2 օրը մեկ անգամ պետք է ջրել»:

Հայթաղում 374 հա սեփականաշնորհված հողերի մի մասը չի մշակվում: Ինչու՞…  Գյուղի վարչական ղեկավար Բաբկեն Կարապետյանը բացառում է ոռոգման խնդիրը, բայց նաև դժվարանում է պատասխանել, թե որոնք են պատճառները:

«Հողերի մեծ մասը չի մշակվում, պատճառները տարբեր են, չեմ կարող ասել: Ոռոգման ջուրը սեզոնով պայմանավորված կարող է նվազել, դեպքեր են լինում, երբ դժվարությամբ է տեղ հասնում, հստակ չեմ կարող ասել: Բոլոր սեզոններին էլ ջուր լինում է, եթե չլինի ժողովուրդը ոչ մի բան չի կարող մշակել»:

Վարչական ղեկավարը չկարողացավ ասել նաև թե քանի խորքային հորեր կան գյուղում , որոնք դրված են ոռոգման տակ։ Բաբկեն Կարապետյանն ասում է, որ անցած տարի աշխատել է 7-8 խորքային հոր: Այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսված է վերականգնել երեքը:

Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյան.

«Ոռոգման հիմնական խնդիրը Արշալույս և Հայթաղ գյուղում է, երբ սակավաջուր է լինում, այդ ժամանակ էլ խնդիրները պարզորոշ երևում են: Խոյ համայնքում սուբվենցիոն ծրագրով հաստատված է 19 խորքային հորերի վերականգնում, որից Արշալույսում 8 հատ, Հայթաղում՝ 3»:

Կանաչի մշակելը երկարատև ու աշխատատար գործընթաց է: Այս տարի ամռանը բերքը շատ չի եղել:  Մշակողներն ասում են, որ սերմերը թանկ են, վար ու ցանքը՝ նույնպես:

«Սերմին, տրակտորին, թունաքիմիկատին, պարարտանյութին, ոռոգման ջրին ծախսեր ես անում, ներդրում հողի մեջ, բայց  կարող է օգուտը լինել 30 դրամ, իսկ վերավաճառողին՝ 50 դրամ: Մենք հիմնականում ամռանը տեղական համեմ ենք ցանում, մի պարկը բավարարում է ամբողջ տարվա համար: Կան համեմի հոլանդական, իսրայելական, վրացական սորտեր: Շուկան պահանջում է իսրայելականը.  ցողունները հաստ են, տերևները խոշոր, գեղեցիկ ապրանքային տեսք ունի: Մենք աշնանը վրացականն ենք ցանում, քանի որ դիմացկուն են»:

Զրուցակիցս դժգոհեց պարարտանյութերի գներից, հողը սնուցում են ազոտական պարարտանյութերով, կանաչեղենին գոմաղբ չեն տալիս՝ տհաճ երևույթներից խուսափելու համար, իսկ գարնանը , մինչև բույսի  ծլելը չորացած գոմաղբ են լցնում հողի վրա: Կանաչու վեգետացիան մեկ ամիս է, քաղը՝ 5 օր, որ չդեղնի ու փչանա:  

Back to top button