Երաժշտական եռանկյունի

Արամ Սաթյան. երաժշտական գերդաստանի շառավիղը․ «Երաժշտական եռանկյունի»

Համաշխարհային երաժշտության պատմությունը հարուստ է երաժշտական գերդաստաններով, երբ ստեղծագործության կամ կատարողական արվեստի ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ: Այդպիսին է կոմպոզիտոր Արամ Սաթյանի գերդաստանը:

Նրա հայրը՝ Արամ Սաթունցը և հորեղբայր Աշոտ Սաթյանը անվանի և ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներ են:

«Անշուշտ, երաժշտական ընտանիքի մթնոլորտը, ճանաչված արվեստագետների մշտական այցելությունները կանխորոշեցին նաև իմ երաժիշտ դառնալու ճակատագիրը: Չնայած մեր տան հյուրերն էին ոչ միայն երաժիշտներ, այլ նաև արդեն դասական անուններ դարձած ճարտարապետներ, նկարիչներ, գրողներ, մշակութային գործիչներ: Անցել եմ բոլոր ուսումնական աստիճաններով, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցից, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանից մինչև Երևանի պետական կոնսերվատորիա, որն ավարտեցի 1970 թ.-ին»,- ասում է կոմպոզիտորը:

Իր առաջին ստեղծագործությունները դեռևս ուսանողական տարիներին բացահայտել են հատուկ երաժշտականություն, ինչն ընդգծվել է երիտասարդ կոմպոզիտորի երաժշտական տեսության և կոմպոզիցիայի խորը ուսումնասիրություններով և իր ժամանակի համար նոր կոմպոզիտորական տենդենցներով հետաքրքրվելով: Դեռևս ուսանողական տարիներին՝ 1960 թ.-ին, նրա «Սիմֆոնիկ վարիացիաները» բարձր գնահատական էին ստացել Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթում Մոսկվայում և արժանացել առաջին մրցանակի:

Դեռևս այդ շրջանի ստեղծագործություններում բացի ակադեմիական դասական մոտեցումներից նաև ստեղծագործական դրսևորում էին ստանում ատոնալ երաժշտության, դոդեկաֆոնիկ, ալեատորիկ տեսությունները, որոնք կոմպոզիտորը համարձակորեն կիրառում էր իր ստեղծագործական որոնումներում:

Խորհրդային շրջանում շատ կարևոր էր անդամակցությունը մասնագիտական միություններին և զարմանալի չէ, որ Կոնսերվատորիան ավարտելիս իսկ 1970թ.-ին անցնելով բարդ փորձնական շրջան՝ նա ընդունվում է ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն:

Ստեղծագործական գործունեության հետ զուգահեռ նա սկսում է իր աշխատանքը Հայաստանի խորհրդային միության Հեռուստապետռադիոյում որպես երաժշտական խմբագիր մինչև 1980թ․, ինչից հետո անցնում է մանկավարժական գործունեության՝ գլխավորելով Առնո Բաբաջանյանի անվան ուսումնարանի երաժշտության տեսության ամբիոնը:

Բացի այդ, 1981-1984 թթ. կատարելագործվում է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտելիս սկսում է դասավանդել նույն կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում:

Զրույցի առաջին մասի ընթացքում հնչում են Արամ Սաթյանի տարբեր տարիների և ժանրերի երաժշտական երկերը:

Back to top button