ԿարևորՀասարակություն

Ջեյն Գուդալին Լոնդոնում շնորհվել է Սթիվեն Հոքինգի մրցանակը՝ փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի կողմից

Դոկտոր Ջեյն Գուդալը 2022 սեպտեմբերին Հայաստանում անցկացված միջազգային Սթարմուս VI փառատոնի ընթացքում շնորհվող Սթիվեն Հոքինգի մրցանակին արժանացած չորս գիտնականներից էր։

Սթարմուսի հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընտրել էր նրան և հայտարարել մրցանակակրի մասին պաշտոնական արարողության ժամանակ։ Դոկտոր Գուդալը չէր կարողացել անձամբ ներկա գտնվել արարողությանը և նոյեմբերի 29-ին Լոնդոնում Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանն անձամբ հանձնել է նրան մրցանակը Թագավորական աշխարհագրական ընկերությունում։

«Էթնոլոգ պրոֆեսորներն ինձ ասում էին, որ ես չեմ կարող խոսել կենդանիների՝ որպես անհատականություն, մտածողություն և էմոցիաներ ունեցող էակների մասին։ Իհարկե ես չէի կարող դա ընդունել»,-դոկտոր Ջեյն Գուդալ։

Դիտեք նրա ոգեշնչող ելույթը, որը հեռարձակվել է փառատոնի ընթացքում գլխավոր բեմից և հուզել շատերին։

Սեպտեմբերի 6-ին Starmus VI Armenia միջազգային գիտության վեցերորդ փառատոնի ընթացքում Ջեյն Գուդալին շնորհվել էր Սթիվեն Հոքինգի մրցանակը, որ տրվում է գիտության կոմունիկացիայի, հանրայնացման գործում ունեցած ավանդի համար։ Նոմինացիան ներկայացվել էր Նոբելյան մրցանակակիր, գիտնական և Սթարմուսի հոգաբարձուների խորհրդի անդամ Էմանուել Շարպենտիեյի կողմից։

Դոկտոր Գուդալի աշխատանքները ոգեշնչել են գիտնականների, նատուրալիստների, հետազոտողների և գիտության հաղորդակցությամբ զբաղվողների սերունդներ, և նրա պատմությունը խթան է հանդիսացել բազմաթիվ երիտասարդ կին գիտնակաների կայացման և գաղափարների իրականացման գործում։

Սթիվեն Հոքինգի մրցանակը հիմնադրվել է պրոֆեսոր Հոքինգի և Սթարմուս փառատոնի հոգաբարձուների խորհրդի կողմից 2016 թվականին՝ նպատակ ունենալով պարգևատրել գիտության հանրայնացման գործում կատարած լուրջ ներդրումների համար տարբեր ոլորտների գիտնականների։

Մրցանակակիրներն ընտրվել են պրոֆեսոր Հոքինգի և Սթարմուսի խորհրդի կողմից և այն տրվել է համաշխարհային գիտական մտքի ամենափայլուն ներկայացուցիչներին միավորող փառատոնի՝ Սթարմուսի ընթացքում, որը հիմնադրել են դոկտոր Գարիկ Իսրաելյանն ու դոկտոր Բրայան Մեյը։

Back to top button