Հատուկ նախագծեր

Թայջի Նոցու. ճապոնացու կյանքը Երևանում․ «Հատուկ նախագիծ»

Ճապոնացի կենսաբան Թայջի Նոցուն արդեն երեք տարի է ապրում է Հայաստանում, ամուսնացած է հայ աղջկա հետ: Իրենց երկու տարեկան դուստրը հիանալի հայերեն է խոսում, սակայն ճապոներենի հետ դեռ գործերն այնքան էլ լավ չեն, իսկ Թայջին էլ հայերեն ընդամենը մի քանի բառ գիտի:

Ասում է, որ իր համար չափազանց դժվար լեզու է հատկապես հնչյուններն արտաբերելու տեսանկյունից: Թայջին Երևանում փոքրիկ ճապոնական սրճարան ունի, որտեղ սուշի չեն վաճառում, որովհետև ուզում են կոտրել կարծրատիպը, թե Ճապոնիան միայն սուշիի մասին է:

Հայաստանում շատ բան չգիտեն Ճապոնիայի մասին, այնպես որ, Թայջիի ու նրա ճապոնացի գործընկերուհի Վիկտորյայի նպատակն է ծանոթացնել ոչ միայն ճապոնական սննդին, այլ նաև մշակույթին, կենցաղին ու ավանդույթներին:

Թայջին ասում է, որ հայերը մի տեսակ շատ հպարտ են իրենց անցյալով, իսկ Ճապոնիայում հակառակն է՝ մարդիկ չեն գտնում, որ անցյալը հպարատանալու բան է, կարևորը ներկան է:

Չափազանց կարգապահ ու օրենքին հետևող ճապոնացու համար երբեմն դժվար է մեր երկրում, որտեղ կարող են ցանկացած տեղ աղբ նետել, երեխաներին առանց ծնողների համաձայնության կոնֆետ հյուրասիրել և այլն:

Թայջիի ու իր կնոջ մշակութային տարբերություններից մեկն էլ այն է, որ եթե Ճապոնիայում հանրային վայրերը մաքուր են, ապա տան մաքրությանը մարդիկ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում, իսկ Հայաստանում հակառակն է՝ Թայջիի կինը հետևողական է, որ տունը իդեալական մաքուր լինի: Հայ-ճապոնական զրույցից լիքը բան կպարզեք թե՛ մեր, թե՛ նրանց մասին:

Back to top button