Հատուկ նախագծերՌադիոթատրոն

Եղիշե Չարենց. «Իմ լերան աղոթքը»․ «Ռադիոթատրոն»

Հայաստանի հանրային ռադիոն ներկայացնում է նոր մոնոներկայացում՝ Արսեն Ղազարյանի կատարմամբ։ Ռադիոներկայացման հիմքում Եղիշե Չարենցի երեք ստեղծագործություններն են՝ «Վերջին աղոթքը», «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» և «Իմ լերան աղոթքը»։ Երեք երկերն առաջին անգամ են ներկայացվում որպես մեկ ամբողջական կտավ։

1935–37 թթ․ Չարենցի ստեղծագործական գործունեության ամենաբեղուն, միևնույն ժամանակ հասարակական կյանքում ամենաբարդ տարիներն են, որոնք բնութագրվում են անձնական, հանրային, պատմական ու քաղաքական կյանքի ճիշտ ու վավերական պատկերումով:

1936-1937թթ մղձավանջը Չարենցն արտահայտել է բազմաթիվ բանաստեղծություններում ու պոեմներում ։ Այդ երկերից են՝ «Ա․ Բ․-ին (Ակսել Բակունցին)», «Հուսահատության ժամերին իմ սև», «Իջել է այսօր Հելիկոնն ամբողջ», «22.X.1936», «Շնորհակալ եմ, Տե՛ր․․․», «Վերջին աղոթք», «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո», «Անվերնագիր (Իմ մահվան օրը կիջնի լռություն)», «Մայրամուտ», «Մայրամուտի երգ», «Կոմիտասի հիշատակին», «Իմ լերան աղոթքը»։

«Եղիշե Չարենցը դարձավ 1935-1937 թթ. մոլեգնող քաղաքական հալածանքների զոհը: Իսկ այդ տարիները նրա հանճարի բարձրագույն շրջանն էին: 1935-1937թթ. Չարենցն ավելի շատ է ստեղծագործել, քան նախորդ տարիներին, իսկ նրա ստեղծագործական կյանքը տևել է 25 տարի՝ 1912-1937 թթ․: Այդ ժառանգության ցանկացած պատառիկ պատմական վավերագիր է իր ժամանակի մասին»
Գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Վ. Գասպարյան

Արձագանքելով կտակարանային «Լերան քարոզի»-ն՝ Չարենցը գեղարվեստական խոհականությամբ անդրադարձ է կատարում իր կյանքին և երախտիքի խոսք հղում Աստծուն։ Նաիրյան պոետի «Լերան աղոթքներ»-ը, ի թիվս 1937թ գրված այլ «ի խորոց սրտի» ինքնաբուխ տողերի, դարձան նրա կյանքի վերջին լիահնչյուն երգ – աղոթքները։

Back to top button