ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի պատասխանը ստացվել է հայկական առաջարկները դեռ «գաղտնզերծված» չեն

Հայ–ադրբեջանական սահմանին ամեն օր հնչող կրակոցների ներքո Բաքուն Երևանին է փոխանցել «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմի առաջարկների պատասխանը։ Ըստ էության՝ արդեն երրորդ օրն է, ինչ Հայաստանն  ունի Ադրբեջանի պատասխանը։ Դրա բովանդակությունը, սակայն, դեռ չի հրապարակվում։

Իսկ քանի որ պաշտոնական որևէ տեղեկություն դեռ չկա, տարբեր դրվագներից «Ռադիոլուր»–ը փորձել է ստանալ առաջարկների հնարավորինս ընդհանուր պատկերը։

Հայաստանը Ադրբեջանի առաջարկները՝ ոչ 5 կետանոցը, ոչ էլ դրան հաջորդած ընդլայնված տարբերակը չի մերժել, բայց հարց է, թե ինչ է ստացել Բաքվից ի պատասխան «խաղաղության պայմանագրի» հայկական տարբերակի։ Հայկական կողմի առաջարկները Ադրբեջանին են փոխանցվել այս ամսվա սկզբին՝ նոյեմբերի 7–ին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Միայն երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր կնքել։

«Եթե փորձենք շատ դետալացված հարցեր լուծել, կարող ենք դժվարություններ ունենալ»,– նոյեմբերի 16–ին Աժ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Այսպես ասած շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ շրջանակն է գծվում, առանց շատ մեծ կոնկրետությունների»։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28–ին հայտարարել է, որ նախօրեին ստացել են Ադրբեջանի պատասխանը։ Դա նշանակում է, որ արդեն երրորդ օրն է ինչ Ադրբեջանի պատասխանը իշխանություններին հայտնի է։ «Արմենպրեսին» տված հրցազրույցում նախարարը պատասխանի բովանդակությունը չի բացահայտել, պարզապես նշել է․

«Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են։ Այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը»։

Սա հարցերից մեկն է, փաստորեն, որի դեմ առարկում է Ադրբեջանը։ Ավելի հստակ՝ փորձում է ազատվել Ֆրանսիայի միջնորդությունից, տապալում է դեկտեմբերի 7–ին Բրյուսելում նշանակված քառակողմ հանդիպումը, այն դեպքում, երբ Պրահայում համաձայնել էր բանակցությունները շարունակել հաստատված ձևաչափով։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրուդյանի կարծիքով՝ Ադրբեջանն այդ կերպ փորձում է խուսափել բանակցություններից․

«Որովհետև ինքը հասկանում է, որ բերելու է նրան, որ վերջին պայմանավորվածությունները Պրահայի իրեն ճնշելու են, որ կատարի։ Իսկ դրանք վերաբերում են խաղաղ բանակցություններին, իսկ այն պայմաններում, որը առաջարկում է ԵՄ–ն, Ադրբեջանը այդ պայմաններով Հայաստանի հետ հաշտվելու պատրաստ չէ, որովհետև այդտեղ չկա միջանցք, այդտեղ չկա իր ուզած ինչ–որ պատմական քարտեզներով դելիմիտացիա։ Ադրբեջանը ցանկություն չունի, ինքը հիմա առիթ է ման գալիս, որ թռնի դրանից»։

Դեռ երկու շաբաթ առաջ Հայաստանի վարչապետը խորհրդարանում ասաց՝ քիչ հավանական է համարում դելիմիտացիայի իրականացումը մինչև խաղաղության պայմանագիր կնքելը։ Նույնիսկ այդպիսի պայմաններում Հայաստանը իր լուծումներն է առաջարկում․  

«Զորքերի հետքաշման սխեմայով մենք առաջակում ենք ուղղակի վերցնել 1990–ին փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքերը ընդհանրապես սահմանային հատվածում չունենալ, այդ ամբողջ հատվածը հանձնել սահմանապահ ծառայությանը, այս թեման առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որը իսկապես կարող է շատ երկար տարիներ տևել»։   >

«Խաղաղության պայմանագրի» միջոցով Հայաստանի հիմնական նպատակը ՀՀ 29 800 քառակուսի կիլոմետրի պահպանումն է։ Այս թիվը վերջին շրջանում վկայակոչում են Հայաստանի բոլոր պաշտոնյաները։ Համարում են, որ անգամ «անկլավների» մասին ադրբեջանական խոսույթը չի կարող վնասել այդ նպատակին։ Սա է պատճառը, որ հայկական կողմը չի մերժում դա։ Փաշինյանի հիմնավորումներով՝ եթե Ադրբեջանը «անկլավների» կամ «օկուպացիայի» մասին է խոսում, նշանակում է, ինչ–որ քարտեզների կամ   ֆիքսած գծերի հիման վրա է դա անում։ Հայաստանը ցանկանում է տեսնել այդ փաստերը, քանի որ փոխադարձ ասելիք ունի։ Օրինակ՝ 1992–94 թվականներին օկուպացվել է հայկական 4 գյուղերի հիմնական տարածքները։ Այս դեպքում վարչապետը թվարկում է Տավուշի մարզի Բերքաբեր, Պառավաքար, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերի օկուպացիան։  

«Մենք ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք քարտեզը, ցույց տվեք սահմանի գիծը և ցույց տվեք այդ սահմանի ձեր ցույց տված գիծը ինչ իրավական հիմնավորում ունի։ Այդ դեպքում նաև մենք պատրաստ ենք իրադրությունը զարգացնել՝ մինչև ամբողջ սահմանի երկայնքով ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն։ Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումների և ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա։ Պայմանով, որ մեր այն սիրելի քաղաքացիները, ովքեր քարտեզի մասին այդքան էլ լավ պատկերացում չունեն միանգամից չշտապեն որակումներ տալ։ Խոսքը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ոչ թե զիջելու մասին է»։

Թեև պայմանագրի կետերը դեռ գաղտնազերծված չեն, ընդդիմադիրները շտապում են զգուշացնել և զերծ պահել անընդունելի քայլերից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյան․

«Խաղաղությունը չի կարող լինել հայրենազրկման գնով։ Չի կարող Հայաստանի իշխանությունների կողմից ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սա մեր ժողովրդի կողմից պատռվելու է և հայտարարվելու առ ոչինչ։ Թող այս մասին իմանան բոլոր մայրաքաղաքներում»։

Հայտնի է, որ Հայաստանը համաձայնել է տարանջատել հայ–ադրբեջանական հարաբերությունները ԼՂ հարցից, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվել է Արցախի հայության անվտանգությունից և իրավունքներից, ասում է  Փաշինյանը։

«Նաև ռուսական դիրքորոշումը ընդունելն է պատճառը, որ մենք առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ՝ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը»։

Ապագա «Խաղաղության պայմանագրի» կարևոր կետերից մեկն էլ վերաբերում է ադրբեջանական զորքերի դուրսբերմանը ՀՀ տարածքից։ Նշվում են 2021 թվականի մայիսի 11–ի դրությամբ ելմանք դիրքերը։  

Տարածաշրջանի ապաշրջափակման և ճանապարհային ենթակառուցվածքների հարցերը, ըստ էության, թողնված են  այլ ձևաչափերով կարգավորումների։  

Թեև կողմերը և միջնորդները շատ են խոսում «խաղաղության պայմանագրի» հնարավոր կնքման մասին, անգամ ժամկետ էր շրջանառվում՝ մինչև 2022–ի տարեվերջ, բայց աստիճանաբար տարածվում է այն կանխատեսումը, որ կողմերի դիրքորոշումները, հնարավոր է, չհաջողվի իրար մոտեցնել սահմանված ժամկետում։   

Back to top button