Մոռացված ֆիլմերի ստվերները

Դարավոր հիշողություն՝ մեկ ֆիլմում. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Երկրորդ աշխարհամարտում մեծ ներդրում ունեցած, հայ զինվորների ճակատագրերին անդրադարձող «Ո՞ւր ես գնում զինվոր» ֆիլմը կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը նկարահանեց անցյալ դարի 80-ականներին։ Բարդ ու տանջալից պայմաններում ծնված այդ կինոնկարը, սակայն, էկրանային երջանիկ ճակատագիր չունեցավ։

Հայ կինոյի հնչեղ անուններից մեկը՝ կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը, գործունեությունը սկսել է անցյալ դարի 50-ականներին։ Կինոյի իր աշխարհը նա կառուցել է ստեղծագործական անդավաճան սկզբունքով՝ սյուժետային ճիշտ զարգացումներով, ճիշտ պատկերներով և համոզմամբ, որ կինոյում առաջնայինը պետք է լինի պատկերը։

Յուրի Երզնկյան

«Հասցեատիրոջ որոնումները», «Հովազաձորի գերիները» ֆիլմերին հաջորդած՝ Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի համատեղ աշխատանքը՝ «Առաջին սիրո երգը», էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց դարձավ համաժողովրդական ֆիլմ։ Այս աննախադեպ հաջողությունից ավելի քան երկու տասնամյակ անց Յուրի Երզնկյանն աշխատում էր մեկ այլ՝ «Ո՞ւր ես գնում զինվոր» ֆիլմի էկրանավորման վրա։ Ֆիլմ, որն ինչպես նշում է Յուրի Երզնկյանի դուստրը՝ կինոքննադատ Անետա Երզնկյանը, համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մեծ ներդրման մասին ինքանտիպ կինոկտավ է։

Անետա Երզնկյան

«Արձակագիր, կինոսցենարիստ Մանուկ Մնացականյանը հայրիկիս դիմեց՝ առաջարկելով ընթերցել վերջերս գրված իր կինոսցենարներից մեկը։ Հայրս ընթերցեց, հավանեց այն, որովհետև այն թույլ էր տալիս հայ ժողովրդի համար բավականին բախտորոշ ժամանակահատվածի մասին մի հուզական ֆիլմ նկարահանել»,— ասում է Անետա Երզնկյանը։

Գեղանկարիչ, բեմանկարիչ Կարեն Դավիդովը յուրօրինակ գեղանկարչական գործերից բացի «Հայֆիլմում» մասնակցել է լիամետրաժ վեց ֆիլմերի նկարահանման։ Ի դեպ, հենց բեմադրող նկարիչն է իր կտավներում ստեղծում ֆիլմի առաջին կադրերը, վերականգնում ժամանակաշրջանը, կենդանություն տալիս սցենարում նկարագրված կերպարներին։ «Ո՞ւր ես գնում զինվոր» ֆիլմում այդ ամենը փայլուն իրականացրել են ֆիլմի բեմադրող նկարիչներ Վալենտին Պոդպոմոգովն ու Կարեն Դավիդովը։  

Կարեն Դավիդով

««Հայֆիլմում» նկարահանած իմ երրորդ ֆիլմն էր։ Առաջարկ ստանալուն պես գործի անցա։ Ի սկզբանե կար պայմանավորվածություն, որ էսքիզները պետք է ստեղծվեն Վալենտին Պոդպոմոգովի հետ միասին, բայց նկարահանումներին նա չի մասնակցելու։ Տանջալից նկարահանումներ էին հետագայում սպասվում, իսկ նա արդեն բավականին տարիքով էր և նման ծանրաբեռնվածությունը ցանկալի չէր նրա համար»- պատմում է Կարեն Դավիդովը։

Ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի անունն արտաբերելիս ինքնաբերաբար պատկերացնում ենք «Երջանկության մեխանիկա» ֆիլմի Ռուբենին։ Ազատ Գասպարյանն իրեն բնորոշ վարպետությամբ կերտեց ինժեներ Ռուբենի կերպարը։ Այդ ֆիլմի՝ էկրան բարձրանալուց երեք տարի անց, նա Յուրի Երզնկյանից առաջարկ ստացավ «Ո՞ւր ես գնում զինվոր» ֆիլմում մարմնավորել գլխավոր հերոսի՝ Եղիշի կերպարը։ Առաջարկն ընդունվեց մեծ ոգևորությամբ։ Ազատ Գասպարյանի աշխատանքին կադրից դուրս հետևող Կարեն Դավիդովը տարիներ անց էլ չի մոռանում մի զավեշտալի միջադեպ, որը գրեթե ամեն օր տեղի էր ունենում նկարահանման հրապարակում։

«Գիտեք բավականին տարիներ են անցել նկարահանումից, շատ բան չեմ հիշում, բայց Ազատ Գասպարյանի մարդկային տեսակն ու դերասանական վարպետությունն իմ հիշողության մեջ են մինչև օրս։ Հիշում եմ, որ մասսայական տեսարանների  նկարահանման ժամանակ Ազատը սովորության համաձայն միշտ կադրից դուրս էր։ Յուրի Երզնկյանն ամեն անգամ բղավում էր Ազատի վրա և բղավոցից հետո մասսայական տեսարանում զբաղված ռուս զինվորները գնում էին հետ, կարծելով, որ ռեժիսորը «назад» է բղավում»,- չզսպելով ծիծաղը պատմում է Կարեն Դավիդովը։

Հայ կինոյի պատմության մեջ թերևս այդքան էլ շատ չեն Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող գեղարվեստական ֆիլմերը։ Յուրի Երզնկյանի «Ո՞ւր ես գնում զինվոր» ֆիլմը կլրացնի հայ զինվորների հերոսությունների մասին պատմությունները։ Այն ոչ միայն արվեստի, այլև պատմության միջոցով ամրագրում է կատարվածը, ուրեմն կարևոր է կրկնակի։

Back to top button