Սփյուռքի ձայնը

Ժամանակակից տեխնոլոգիաները, նոր չափորոշիչները և Սփյուռքի դպրոցները․ «Սփյուռքի ձայնը»

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» մշակութային միության հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Աննա Բարեղամյանը նշում է, որ հայ աշակերտներն ստանում են համապատասխան կրթություն, ունեն պատրաստված մասնագետներ, սակայն դասագրքերի հարցը անհանգստացնող է բոլոր ժամանակներում։

Բարսելոնայի հայկական մշակութային միության մեկօրյա դպրոցի տնօրեն Թամարա Կարապետյանի կարծիքով էլ, այսօր սփյուռքի դպրոցներին անհրաժեշտ են չափորոշիչներ և տեխնիկական միջոցների կիրառման հնարավորություններ։

«Երբ մենք հայ երեխային պատմում ենք պատմական մի իրադարձության մասին, ցանկալի է նաև նրան ինչ- որ ձևով ցույց տալ տեղանքը, պատմական վայրը։ Այդպես են անում հաճախ իսպանական դպրոցներում։ Հենց դա է պատճառը, որ իսպանական դպրոցներից հայկական դպրոցներ տեղափոխվող երեխաների համար մեր կրթությունը անհետաքրքիր է դառնում»,- ասում է նա։

Ինչպես Անտվերպենի կիրակնօրյայում, Բարսելոնայի մեկօրյա դպրոցն էլ շենքային պայմանների խնդիր ունի։ Դպրոցի հիմնադիր տնօրեն Թամարա Կարապետյանը շեշտում է, որ իրենց հաստատությունը ֆինանսավորվում է նաև ՀԲԸՄ կողմից։

«Այսինքն, եթե չլինեն սրտացավ հայեր, մեր դպրոցը կարող է փակվել»,- ասում է Թամարա Կարապետյանը, որը նաև դպրոցի հիմնադիրն է։

ՀՀ ԿԳՄՍ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը ընդգծում է, որ հենց այս օրերին չափորոշիչների մշակման հարցով դիմել են մանկավարժական համալսարան։ Հարցը քննարկման և բանակցությունների փուլում է։

«Կարևոր ենք համարում սփյուռքի դպրոցներում չափորոշիչների կիրառումը, դա և կհեշտացնի, և կտարանջատի կրթությունը։ Եվ նաև նոր որակ կհաղորդի մեր կրթությանը», — ասում է պաշտոնյան։

Back to top button