ԿարևորՎերլուծական

Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը՝  հայ-իրանական օրակարգում

Հայաստանը և Իրանը մտադիր են Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ եռակողմ հարթակ ձևավորել  Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար: Նախօրեին այս մասին հայտարարեցին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ համատեղ մամուլի ասուլիսում։

Սա միջազգային խոշոր նախագիծ կարող է դառնալ, որի նպատակը Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները տնտեսապես իրար կապելն է: Որոշ փորձագետներ կարևորում են այս նախագծի հատկապես անվտանգային բաղադրիչը Հայաստանի համար։

Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքը հայ-իրանական հարաբերությունների օրակարգի կարևոր բաղադրիչներից է։ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումից հետո այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբդոլլահիանն ասել է, որ Արարատ Միրզոյանի հետ հետ բավականին երկար խոսել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի մասին: 

«Մեր օրակարգի կարևոր թեմաներից է այս միջանցքը: Եվ հաշվի առնելով Հնդկաստանի դերը, որ կարող է ունենալ այս միջանցքի մեջ՝ համակարծիք ենք եղել ձևավորել եռակողմ պլատֆորմ՝ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս կարևոր միջանցքի կառուցման աշխատանքում»։

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  շեշտել է Հայաստանի   հետաքրքրվածությունը տրանսպորտային այդ միջանցքով։  

«Եվ մենք, ինչպես և Իրանը, ինչպես և Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին համաձայնություն, բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ, նաև երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում: Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի այդ թվում և Հնդկաստանի համար։ Հույս ունեմ, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել այդ գաղափարի կենսագործմանը»։

Ավելի վաղ՝ այս արվա հունիսի 14-ին «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի հարցը Հայաստանի արտգործնախարարը  քննարկել էր Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևնի հետ՝ այդ երկիր կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Կարևորվել էր «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը:

Բուլղարիայի դերը միջազգային տրանսպորտային այդ միջանցքի կայացման հարցում շեշտել էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Բուլղարիա այցի ժամանակ այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևնի հետ հանդիպումից հետո Խաչատուրյանն ասել էր, որ բարձր է գնահատում  բուլղարական կողմի աջակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման գործընթացին:

Հոկտեմբերի 13-14-ին էլ Երևանում կայացել էր տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել էին «Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի» ստեղծման համաձայնագրի ստորագրման հարցերը։ Որոշվել էր, որ  համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ  համագործակցությունը այս հարցում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասում է.

«Ունենք նաև ծովային փոխադրում, որը կգնա Վառնա  նավահանգիստ: Մեր պարագայում՝ ավտոմոբիլային փոխադրումների մասին է»:

Այս առումով, բավականին բարդ է Հայաստանին բաժին հասնող անելիքը: Ճանապարհն անցնելու է Հյուսիս-հարավ մայրուղիով, որը մեր երկիրը կառուցում է 2012 թվականից:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Պարսից ծոց-Սև Ծով ծրագիրն աննախադեպ է Հայաստանի համար։

«Այս ուղին ենթադրում է մուլտիմոդալ փոխադրումների համակարգ: Ծով, երկաթուղի, ավտոմայրուղի, hետևաբար, այս համատեքստում Հայաստանի դերակատարությունը չափազանց կարևոր է, քանի որ իրանցիները փորձում են դեպի հյուսիս ճանապարհ ունենալու գործում ունենալ այլընտրանք»:

Այդ երթուղու նկատմամբ Հնդկաստանի հետաքրքրվածության մասինդեռ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ խոսել էր նաև Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Թեհրանում կարծում են, որ դեպի Սև ծով բեռնափոխադրումների դյուրացումը շահավետ կլինի դեպի Ծոց և Սև ծով ելք ունեցող բոլոր երկրների համար: Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտնել էր.

«Իրանի և Հնդկաստանի միջև լավ համագործակցություն է ձևավորվել փոխադրումների ոլորտում, իսկ հնդկական ընկերությունները մասնակցում են Չաբահար նավահանգստի 

զարգացման նախագծին և Իրանի արևելքում նոր երկաթուղու կառուցման գործընթացին։ Բոլոր երկրները շահագրգռված են ունենալ հարմար և բազմազան երթուղիներ։ Համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և Պարսից ծոցի երկայնքով դեպի Սև ծով փոխադրումների դյուրացումը գրավիչ կլինեն ոչ միայն բանակցող երկրների, այլև բոլոր այն երկրների համար, որոնք ծովային ելք ունեն դեպի Պարսից ծոց և Սև ծով, ինչպես Պարսից ծոցի մյուս երկրների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրների համար»։

Հնդկաստան-Իրան-Հայաստան հարթակի կայացման հարցում տարածաշրջանային հարցերի փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը Հայաստանի համար կարևորում է հատկապես անվտանգային բաղադրիչը։  

«Կան նախագծեր, որոնք բացի տնտեսական բաղադրիչից, ունեն նաև մեզ համար անվտանգային նշանակություն: Դրանցից մեկը Հյուսիս-Հարավն  է, նույն Իրան-Հայաստան երկաթգիծը, սրանք համազգային նշանակության ծրագիր են, որոնք կազմում են Հայաստանի անվտանգային համակարգի առանցքը»:

Փորձագետները նշում են, որ աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող այս մեծ նախագիծի կայացումը կարող է Հնդկաստանից մինչև Արևելյան Եվրոպայի երկրներ ձգվող տարանցիկ մեծ ճանապարհ ձևավորել և ակտիվացնել Ասիայի և Եվրոպայի առևտրային կապերը։ Նրանք վստահ են նաև, որ նախագծի կայացումով մեծացնելու է նաև Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը տարածաշրջանում։

Back to top button