Վերնատուն

Վերականգնողի խոհանոց․ ցուցահանդեսը մատնանշում է ոլորտի բացերը․ «Վերնատուն»

Պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումն այսօր նոր մոտեցումների ու վերանայումների կարիք ունի։ Մաշտոցյան Մատենադարանում բացված «Ժամանակին ընդառաջ․ Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ութ մշակութային հաստատությունների վերականգնված նմուշներ, նպատակ ունի խոսել վերականգնողի ու նրա աշխատանքի կարևորության, ոլորտի բացերի մասին։

Ցուցահանդեսի համադրող, արվեստագետ Արա Հայթայանը, Ազգային պատկերասրահի նկարիչ –վերականգնող Արտաշես Աբրահամյանն ու Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Լիլիթ Բաչաչյանը խոսում են ոլորտի բացերի ու խոհանոցի մասին։

«Մատենադարանը 60 տարուց ավելի է, որ ունի վերականգնման բաժին։ Վերականգնման դաշտն այսօր փոփոխությունների կարիք ունի։ Ցուցահանդեսի բացումով սկիզբ ենք դնում մեր մասին բարձրաձայնելու․ վերականգնողներն անում են այսօր շատ կարևոր գործ՝ վերականգնելով պատմա- մշակութային կոթողներն ու նմուշները, սակայն մնում են ետնաբեմում», – ասում է Լիլիթ Բիչաչյանը։

Արա Հայթայանը նշում է, որ աշխարհում վերականգնման հանդեպ մոտեցումները փոխվել են ու եթե այսօր չվերանայվի այդ ոլորտը, վաղը մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, քանի որ վաղվա մեր ժառանգությունը վստահ չենք, թե ում ձեռքերում կհայտնվի և ովքեր են լինելու վերականգնողները։ Վերականգնող նկարիչները, խոսելով բացերի մասին, նշում են, որ առաջնայինը վերականգնող մասնագետի դպրոցի բացակայությունն է, պետության կամ բարերաների աջակցությունը։

Նրանք մտահոգված են, որ այսօր պատմա– մշակութային ժառանգությունը վերականգնելու հստակ չափորոշիչներ չեն գործում։ «Կոթողների վերականգնումը չպետք է վստահվի բարերարներին։ Պետք է լինի վերականգնողների խորհուրդ, և պետությունն իր ձեռքի տակ պիտի վերցնի այն, քանի որ շատ դեպքերում ժառանգությունը «վերականգնողի» զոհն է դառնում»,– ասում է Արտաշես Աբրահամյանը։

«Բարերներն ուզում են հին եկեղեցիները գործող լինեն, բայց արդյո՞ք գործող լինելու հետ միասին՝ կպահպանեն 7-րդ դարի արժեքը։ Չկա մի համակարգ, որով պիտի անցնի վերականգնման փուլը։

Ցուցահանդեսը պիտի ստիպի այս ոլորտի բացերի մասին խոսել», – ասում է Արա Հայթայանը։ «Ժամանակին ընդառաջ. վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսը Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում կգործի մինչև 2023 թվականի հունիսի 9-ը։

Back to top button