ԿարևորՎերլուծական

Կայացած բանակն ու ռազմական ուժը` վճռորոշ. աշխարհակարգի վերաձևման հնարավոր սցենարները

Եվրոպան նոր աշխարհակարգի փնտրտուքի մեջ է. Արևմուտքն այն պատկերացնում է առանց Ռուսաստանի։ Այս ազդակները Մոսկվային ուղղվեցին Պրահայից, որտեղ Եվրամիության երկրների ղեկավարները Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում քննարկում էին նաև այս հարցը։

Նոր աշխարհակարգի ապագա համակարգերը կլինեն առանց Ռուսաստանի, դրանք կձևավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից, իսկ Եվրոպան հանդես կգա որպես Վաշինգտոնի (կցորդ) համախոհ` կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը։

Ըստ նրա` աշխարհի վերաձևման փոփոխությունները կընթանան պատերազմի ճանապարհով, ուստի Հայաստանը պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատերազմի, ռուս-ուկրաինականն ընդամենը նախապետարզմ է։ 

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը նշում է, որ փոփոխություններն սկսվել են դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմով։ Քաղաքագետը նոր աշխարհակարգի ձևավորման երեք սցենար է նախանշում. դրանցից մեկի դեպքում ԱՄՆ-ն հավանաբար կվերականգնի միաբևեռ կառավարումը։ Երկրորդի դեպքում կկառուցվի երկբևեռ համակարգ ԱՄՆ–ի և Չինաստանի միջև, որի դեպքում Ռուսաստանը որպես աշխարհաքաղաքական կենտրոն բացակայելու է։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում կստեղծվի բարդ իրավիճակ, ուստի  փորձագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ Հայաստանին պետք է կողմնորոշվել և ընտրություն կատարել եվրոպական դեմոկրատ-ազատական  և ավտորիտար կենտրոնների միջև։ «Մենք պետք է կարողանանք աշխարհաքաղաքական  խորտակվող (ռուսական) կենտրոնից հրաժարվել` նրա խնդիրների մեջ և նրա հետ չխորտակվելու համար»,-ասում է Արզումանյանը` շեշտելով`  

երրորդ սցենարի դեպքում աշխարհը կարող է մտնել քաոսի և պատերազմների մեջ, որը վերջ չի ունենա։

Նշված բոլոր իրավիճակներից դուրս գալու լավագույն լուծումը քաղաքագետը տեսնում է ռազմական ուժի մեջ, ըստ նրա` Հայաստանը պետք է կառուցի հզոր և կայացած բանակ, որը կկարողանա դիմակայել նման իրավիճակներում։

«Միայն ռազմական ուժի հնարավորությունն է որոշիչն ու վճռորոշը լինելու»,-ասում է քաղաքագետը։  

Քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյան
Back to top button