ԿարևորՍպորտ

Փյունիկը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տանում Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում այսօր Երևանի «Փյունիկը» երրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել էր Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին»։ 

Հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Հանդիպման մեկնարկային տասը րոպեներն անցան հիմնականում հավասար պայքարում, որից հետո աստիճանաբար ավելի ակտիվ սկսեցին գործել մեր ֆուտբոլիստները։ Ակտիվ էր հատկապես հարձակման ձախ եզրը։ 22-րդ րոպեին Յուրիչիչը կենտրոնից դիպուկ հարված կատարեց, սակայն այն թույլ էր և մրցակցի դարպասապահը որսաց այն։ Րոպե անց հաջողությանը մոտ էր արդեն Օտուբանջոն, սակայն դարպասապահը նորից փրկեց իր թիմին գոլից։ Հանդիպման 31-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստները ստացան տուգանային հարվածի իրավունք, որի խաղարկումից հետո Յուրիչիչը մի փոքր բարձր հարվածեց նպաստավոր դիրքից։ Քիչ անց հյուրերը գոլ խփեցին, սակայն մրցավարն արձանագրեց կանոնների խախտում լիտվական թիմի ֆուտբոլիստի կողմից։

Հանդիպման մնացած րոպեները ևս անցան Եղիշե Մելիքյանի թիմի առավելությամբ, իսկ 43-րդ րոպեին դա վերածվեց արդեն գոլի․ աչքի ընկավ Ժունինիոն։ Առաջին խաղակեսն ավարտվեց մեր թիմի առավելությամբ՝ 1-0։

Երկրորդ խաղակեսը երևանյան թիմը ևս սկսեց ավելի ակտիվ։ Հանդիպման 61-րդ րոպեին «Փյունիկը» կրկնապատկեց առավելությունը․ աչքի ընկավ Օտուբանջոն՝ եվրագավաթային երկրորդ խաղում անընդմեջ դառնալով գոլի հեղինակ։

Այդ գոլից հետո հյուրերը փոքր ինչ ակտիվ սկսեցին խաղալ առջևի գծում, սակայն մեր թիմի ֆուտբոլիստները վստահ էին գործում պաշտպանությունում։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին և «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ է տանում։

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» իր ակտիվում ունի 6 միավոր․ նույնքան միավոր ունի նաև «Բազելը», որը սակայն իր հանդիպումը «Սլովանի» (1 միավոր) հետ կանցկացնի քիչ անց։ «Ժալգիրիսը» մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Աղբյուր՝ armsport.am

Back to top button