Սփյուռքի ձայնը

Պետականության պահպանման խնդիրն այսօր բոլորինս է․ «Սփյուռքի ձայնը»

Դեղագետ, երաժիշտ Մարգարիտա Խլղաթյանը 1998 թվականին Գյումրիից տեղափոխվեց ԱՄՆ։ Այնտեղ վերահաստատեց իր հայաստանյան դիպլոմն ու զբաղվեց դեղագետի իր մասնագիտությամբ։

Երաժշտի ու դեղագետի համար այսօր առաջնայինը հայրենիքի ապագան է ու ստեղծված իրավիճակից ճանապարհներ գտնելը, Սփյուռքի ու Հայաստանի փոխգործակցության անհրաժեշտությունն ու միասնական գործելու կարևորությունը։

«Մենք պետք է միասնական գործենք, գիտակցենք մեզ համար առաջնային դարձած հարցերի պատասխանները գտնելու կարևորությունը և դուրս գանք այս իրավիճակից»,- ասում է Մարգարիտա Խլղաթյանը։

Մարգարիտա Խլղաթյանը (Մեգգին) բազմաթիվ երգերի և երաժշտությունների հեղինակ է, նրանցից որոշները նաև միջազգային մրցանակների են արժանացել։

Այսօր, սակայն, Մեգգին հրաժարվել է իր սիրած զբաղմունքից` երաժշտությունից. «Այսօր հայրենիքի փրկության ժամանակն է, երգերն ու երաժշտությունները կստեղծվեն ապագայում»,- ասում է։

Անդրադառնալով Սփյուռքում իրենց աշխատանքներին` Մարգարիտա Խլղաթյանը նշում է, որ գործ արվում է։ «Մենք միասնական ու ազգային մտածողության կարիք ունենք այսօր»,-ընդգծում է։

Գյումրիում ծնված Մեգգին այս օրերին հասցրել է լինել նաև նախնիների երկրում, այցելել է Արևմտյան Հայաստան։ «Ես իմ հարազատ, ինձ պատկանող երկրում էի, ոչ մի խորթություն չզգացի, ցավում էի միայն այն կորցնելու համար։ Այսօր էլ պետականության կորստի առաջ ենք կանգնած, ինչը պետք է կարողանանք կանխել՝ միասնական ուժերով»,- ասում է։

Երեք երեխաների մայրը, գործարարն ու հայրենքի ապագայով մտահոգ Մարգարիտա Խլղաթյանը դեռ տարիներ առաջ էր հետաքրքրվում ազգային հարցերով։

«Ես «շարժման» ակունքներում եմ եղել, հասկանում եմ շատ քաղաքական դեմքերի քայլերի հաջորդականությունը և այլն։ Այսօր մեր առաջնային խնդիրն իսկական թշնամիներին ու բարեկամներին ճանաչելն է»,- ասում է Մեգգին։

Նրա վերջին ստեղծագործությունը` «Զինվորի պատգամը», ինչպես վերնագիրն էլ է հուշում` նվիրված է հայ զինվորին։

Back to top button