ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։

«Եվրոպական դատարանին ավելի քան համոզիչ ապցույցներ են ներկայացվում, որ ի վերջո, այդ միջանկյալ միջոցները կիրառվեն: Իսկ միջանկյալ միջոցին հաջորդող պրոցեսներում, երբ միջպետական գանգատները կներկայացվեն ՄԻԵԴ, այդ շրջանակներում, բնականաբար, այս փաստը ևս կարձանագրվի և համապատասխան պահանջներ կներկայացվեն դատարանին արդեն իրավունքների խախտման հիմքով»,-ասաց նա:

Դիանա Քարազյանի խոսքով, ռազմագերիները, որոնք հայտնվել են Ադրբեջանի տիրապետության տակ սկսած սեպտեմբերի 13-ից, կառավարության անունից միջպետական գանգատների շրջանակներում այդ ապացույցները ներկայացվել են Եվրոպական դատարան:

Քարազյանն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել:

«Ցավոք, Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը հենց դատարանը պահանջել է: Այս պահի դրությամբ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի: Նրանց մասին ներկայացրել է շատ ընդհանուր տեղեկատվություն, թեև դատարանը պահանջել էր, որ ավելի մանրամասն տեղեկություն տրամադրի, այդ թվում նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, արդյոք նրանք բժշկական հետազոտությունների ենթարկվել են, թե ոչ»,-ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ Ադրբեջանը խոստացել էր մինչև սեպտեմբերի 30-ը 17 հայ գերիների ազատ արձակել, սակայն չի կատարել իր ստանձնած պարտավորությունը:

Back to top button