ԿարևորՄշակույթ

Ճապոնիայի Ֆուկուշիմա պրեֆեկտուրայում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն` նվիրված ՀՀ անկախության օրվան

Սեպտեմբերի 18-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Փառատոնի շրջանակներում կայացել է հայ և ճապոնական փոխանակումներին նվիրված համերգ, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանի պատմությանը, զբոսաշրջությանը և մշակույթին վերաբերվող տարբեր նյութեր, Ճապոնիա ներկրվող հայկական ապրանքներ և այլն: Համերգի ընթացքում հնչել են Ա. Խաչատրյանի, Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև տեղական երգչախմբի կողմից կատարվեց «Երևան-Էրեբունի» երգը:

Մինամիայձուն Տոկիո 2020-ի ժամանակ Հայաստանի պատվիրակությանը հյուրընկալող քաղաքն է (host town), որի հետ ձևավորվել են ջերմ և բարիդրացիական հարաբերություններ: Միջոցառման ավարտից հետո քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընդունելությանը ելույթով հանդես է եկել դեսպան Արեգ Հովհաննիսյանը:

ՀՀ դեսպանը նշել է, որ ս.թ. սեպտեմբերի 12-ից 13-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում գուցե նպատակահարմար էր հետաձգել միջոցառումը, սակայն, հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները միտված են վերացնելու նաև հայկական մշակույթը և վերջինիս բոլոր դրսևորումները լայն իմաստով, վերոնշյալ փառատոնը անհրաժեշտ էր անցկացնել՝ ի հակազդումն Ադրբեջանի հիշյալ մտադրություններին և վերջինիս հայատյաց քաղաքականությանը՝ փաստելով, որ հայ ժողովուրդը հազարամյակներով ապրել և ստեղծել է մշակութային արժեքներ, որոնք բարձր են գնահատվում աշխարհի բոլոր անկյուններում և միջոցառումը գալիս է փաստելու, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայ ժողովրդի համար մնալու են բարձրագույն արժեքներ:

Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել համերգի երաժիշտներ Մայուկո Կացումուրային (ջութակ), Յոսուկե Նիինոյին (դաշնամուր) և Կազուհիրո Միյամուրային (հոբոյ), փառատոնի կազմակերպիչներ Հիրո Օգուրային և Մանաբու Ֆուկուիին, միջոցառման հովանավոր «Japan Tobacco» ընկերությանը, Մինամիայձու քաղաքի ղեկավարությանը՝ համերգի կազմակերպման համար, ապա Մինամիայձուի քաղաքապետ Մասայոշի Վատանաբեին նվիրել է հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող հուշանվեր:

Back to top button