Ժամանակի վկան

Չոր նավահանգիստների՝ հոգով հայ գիտակը․ Շառլ Մալաս․ «Ժամանակի վկան»

Թե ի՞նչ է չոր նավահանգիստը, կիմանաք լսելով չոր նավահանգիստ նախագծող և կառուցող՝ աշխարհում հայտնի մասնագետներից մեկի՝ Շառլ Մալասի և իմ զրույցի հիման վրա պատրաստված հաղորդումը։

Շառլ Մալասի կյանքում բեկումնային եղավ Հայոց ցեղասպանությունը վերապրած տատիկի կյանքի պատմություններն առաջին անգամ մանրամասնությամբ լսելու պահը։

Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը ծածկված է ջրային զանգվածով պայմանականորեն բաժանվում է օվկիանոսների և ծովերի։ Մարդու՝ Երկիր մոլորակի վրա ի հայտ գալուց ի վեր սկսվել է մինչև օրս շարունակվող բազմաշերտ մի գործընթաց՝ աշխարհաճանաչողությունը, որը կատարվում է տարբեր ձևերով և միջոցներով, այդ թվում՝ նաև նավարկելով։ Մարդը ուսումնասիրել է իր շրջապատը, ապա ավելի հեռուն գնացել, ոտքով կտրել, անցել է հազարավոր կիլոմետրեր, լաստերով, նավակներով, ապա գերհզոր նավերով նավարկել գետեր, լճեր, օվկիանոսներ, մագլցել է անմատչելի լեռնագագաթներ, սուզվել ջրերի խորքը, թռչել է սովորել՝ օգտագործելով իր հորինած սարքերը, իսկ արդեն 20-րդ դարում նվաճել է տիեզերքը։

Հազարամյակներ առաջ կառուցվել են առաջին նավահանգիստները գետերի, լճերի, ծովերի ու օվկիանոսների ափերին։ Հնագույններից մեկը, որը թվագրվում է մ․ թ․ ա․ 3400 թվականով,Կրետե կղզու Մեսարա քաղաքի նավահանգիստն էր, որից բացի հների մեջ հիշատակվում են նաև Սիդոն և Տյուրոս քաղաքների նավահանգիստները Միջերկրական ծովի ափերին։ Հին աշխարհի կայսրությունները տիրապետում էին ժամանակի ամենահայտնի ու մեծ նավահանգիստներին։ Նավահանգիստներ ուներ նաև Տիգրան Մեծի աշխարհակալ տերությունը։

Հին Հայաստանում նավաշինությունը հարուստ ավանդույթներ ուներ, որոնք դարերի ընթացքում անընդհատ զարգանալով՝ իրենց բարձրակետին հասան Կիլիկիայի հայոց թագավորության շրջանում։ Բազմաթիվ փաստացի վկայություններ կան հայկական նավաշինության զարգացման բարձր մակարդակի մասին։

Վանի նավաշինության և միջերկրածովյան դպրոցների միախառնման հետևանքով ձևավորված Կիլիկյան Հայաստանի նավաշինությունը հետաքրքիր լուծում ստացավ միջնադարում, երբ լճային նավաշինությունը զարգացավ նաև ծովափերում։ Հայտնի են հայկական ոչ միայն ձկնորսական և առևտրական ուղևորափոխադրական, այլև ռազմական նշանակությամբ նավերը։ Օրինակ՝ 1322 թվականով թվագրված վկայությամբ արաբ պատմագիր Իբն Ալ Վարդին  հիշատակում է Այաս, Շամա և Ատլաս անուններով կիլիկյան ռազմանավերի մասին։

Հայկական ռազմանավերը մեծ նավեր էին, որոնք երկու տեսակի էին՝ ցրկանավեր և բերդանավեր։

Հայկական պետականության կորստից հետո Հայաստանը զրկվեց ծով ունենալուց, բայց ո՛չ այդ երազանքը մի օր իրականության վերածելու մտքից։ Հավատացած եմ, որ այդ օրը նույնպես կգա, եթե շատ ցանկանանք և աշխատենք այդ ուղղությամբ։ 

Իսկ ուղղությունը զարգացնելու լավագույն ճանապարհներից մեկը կրթություն և գիտելիքներ ամբարելն է ու մասնագետներ պատրաստելը։

Խոշոր նավահանգիստների կառուցումը հատկապես մեծ թափ ստացավ 19-րդ դարում։ Այժմ աշխարհում բազմաթիվ խոշոր նավահանգիստներ կան, որոնք հսկայական ծավալի ապրանքաշրջանառություն, բեռնափոխադրումներ, ուղևորափոխադրումներ են իրականացնում։

Ըստ տրանսպորտային նշանակության՝ նավահանգիստները լինում են համաշխարհային, որոնք կապ են ստեղծում համաշխարհային առևտրի կենտրոնների միջև, միջազգային, որոնք տարբեր երկրների միջև բեռնափոխանակություն են ապահովում և տեղական, որոնք նախատեսված են փոքր նավերի սպասարկման համար։

Ծովային նավահանգիստները լինում են քաղաքացիական, որոնք տարբերակվում են առևտրական ու ձկնորսական տեսակներով, և ռազմական։ Մասնագիտացված են նաև մարդատար նավահանգիստները, որոնց համար առաջնային են ուղևորափոխադրումները։ Գործում են նաև ծովային կայարանները, որոնք ծովային նավահանգիստների հատուկ տեսակ են։ Դրանք անցնող նավերին մատակարարում են վառելիք, պարեն, խմելու ջուր։

Վերջին տասնամյակներին նոր տիպի նավահանգիստներ են կառուցվել, որոնք հայտնի են «չոր նավահանգիստ» անունով։ Այդ եզրույթն անգլերենում և ֆրանսերենում սկսեց շրջանառվել գրեթե 3 տասնամյակ առաջ, իսկ 2010 թվականից՝ նաև ռուսերենում։  

Հարյուր տոկոսով հոգով իրեն հայ զգացող Շառլ Մալասն աշխարհում միակ հայն է, որ տարբեր երկրներում իրականացրել է չոր նավահանգիստ նախագծելու, կառուցելու և շահագործելու աշխատանքների ամբողջական փաթեթներ՝ համագործակցելով համաշխարհային մեծության բազմաթիվ առաջատար ընկերությունների հետ։ Հայաստան գալու և չոր նավահանգիստների հաջողված փորձը տարածաշրջանում ներդնելու գաղափարը ծնվել էր ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ անձնական ու ընտանեկան որոշ հանգամանքներով պայմանավորված։

Շառլ Մալասի նախնական նախագծով լոգիստիկ կենտրոն կառուցելու համար, որպես լավագույն տարբերակ, քննարկվում են Գյումրու հնարավորությունները՝ հաշվի առնելով այնտեղ օդանավակայանի ու երկաթուղու առկայությունը:

Իհարկե, Հայաստանի հզորացման համար կարևոր են բոլորիս ջանքերը։ Հայրենիքը մեկն է, ու մեզնից յուրաքանչյուրը պարտավորություն ունի անձնապես մասնակցելու այն վերաշինելու, հզորացնելու կարևոր առաքելությանը և, անշուշտ, խրախուսելի են Շառլ Մալասի ջանքերը։

Կարևոր է նաև հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը, սակայն, երբ թշնամաբար տրամադրված հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը,  ժամանակ առ ժամանակ պատերազմներով ավաբեկում են Հայաստանին ու Արցախին, զավթում հայապատկան հողերը, թալանում մեր հայրենակիցների ունեցվածքը, սպանում, խեղում, պատանդառում մեր զավակներին, հայրենազրկում են մեզ, հարց է առաջանում՝ ինչպե՞ս բացել մեր դռները նրանց առաջ։ Մեր անվտանգությունն այսօր երաշխավորող իշխանություն չունենք։

Ասվածի ապացույցն ադրբեջանական զինված ուժերի ապօրինաբար Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրքավորվելու, 44-օրյա պատերազմում պատանդ վերցված հայերի ճակատագրի անհայտության, մինչև օրս մեր զինծառայողների դեմ զինված հարձակումների, սպանությունների ու բազմաթիվ այլ փաստերն են։ Նրանց միակ երազանքը Սևանին, Երևանին, Սյունիքին տեր դառնալն է, որի մասին պարբերաբար պետական բարձր մակարդակով հնչում են հայտարարություններ։ Նրանց երազանքը, մեկ դարից ավելի է, Նախիջևանը Ադրբեջանին կապող միջանցքը ձեռք գցելն է։ Նրանք միայն զավթողական նպատակներ են հետապնդում և չեն թաքցնում այդ մասին բարձրաձայնելը։ Եվ այս իրավիճակում դժվար է հույս ունենալ, որ ստեղծվող չոր նավահանգիստն այս իշխանությունները չեն օգտագործի իրենց հակահայ ծրագրերի իրականացման համար։

Back to top button