Վերնատուն

Ժամանակակից արվեստի ցուցադրություն՝ Մատենադարանում․ «Վերնատուն»

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում առաջին անգամ հին ձեռագրերի կողքին ներկայացվելու է ժամանակակից արվեստ։ «Երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի երկրորդ ցուցահանդեսն է Հայաստանում։

«Մատենադարանը հայտնի է որպես գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան։ Հիմնական ցուցադրություններից ու մեր հավաքածուն ներկայացնելուց բացի կարևորում ենք ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպումը։ Քանի որ Ժան Պողոսյանի ստեղծագործությունը կապված է թղթի, գրքի հետ, մենք այդ կապը տեսանք և սա թե՛ արվեստագետի, թե՛ մեզ համար հետաքրքիր փորձառություն է՝ միասին ներկայանալու։ Սա հետաքրքիր երկխոսություն է լինելու միջնադարյան ձեռագրերի և նոր գրքերի միջև», – ասում է Մատենադարանի միջազգային կապերի առաջատար մասնագետ Սոնա Բալոյանը:

Ժան Պողոսյանի արվեստի առանձնահատկությունը աշխատանքներում կրակի կիրառումն է: Կրակը Պողոսյանի գեղարվեստական լեզուն է, որի միջոցով նա աշխատում է կտավի, թղթի, գրքի, պլաստիկական զանգվածի վրա:

Ցուցահանդեսի համակարգող Կարապետ Բարդակչյանն ասում է, որ Պողոսյանները հինգ սերունդ ոսկերիչներ են եղել, Ժան Պողոսյանը զարդերի դիզայնով է զբաղվել, շատ պատահական է սկսել զբաղվել ժամանակակից արվեստով, և արվեստում իր մոտեցումները գալիս են ոսկերչական գործունեությունից։

Ժան Պողոսյանը աբստրակտ ոճի ժամանակակից արվեստագետ է, վերջին շրջանի ստեղծագործություններում ներկայացնում է տարբեր աստիճանի այրվածքների հետքեր: Արվեստագետն ասում է, որ այրվածքները ոչ թե դեստրուկտիվ, այլ հակառակը՝ կոնստրուկտիվ բնույթ ունեն։ Ժան Պողոսյանի «Երկխոսություն» ցուցահանդեսը կբացվի հուլիսի 12-ին։

Back to top button