ԿարևորՔաղաքական

Խաղաղության օրակարգի գինը․ փորձագետները՝ բանակցությունների մասին

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններում, ո՞ր հարցերն են առաջնային։ Հայ փորձագետները  երկու ուղղություն են կարեւորվում՝ Արցախի կարգավիճակ ու ապաշրջափակում։ Առաջինի դեպքում Բաքվի հայտարարությունները կտրուկ են, երկրորդի դեպքում հարցերը շատ են ու խճճված։ Հստակ է մի բան՝ հայ-թուրքական գործընթացն Անկարան փորձում է կառուցել՝ միջանցքային տրամաբանությունն առաջ տանելով։

«Խաղաղության օրակարգի գինը. ի՞նչ է ակնկալվում Հայաստանից» թեմայով քննարկման ժամանակ, հարցը արցախյան խնդրի կարգավորման շրջանակում դիտարկելով,  քաղաքագետ  Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Բաքուն որեւէ կարգավիճակի մասին չի ուզում լսել․ փորձագիտական շրջանակներում  նվազում են Արցախին անգամ մշակութային կարգավիճակ տալու մասին խոսակցությունները՝ ասում է վերլուծաբանը։

«Մեծ հաշվով արդեն պարզ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել  նույնիսկ իջեցված նշաձողի տրամաբանությամբ բանակցությունները։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ  ԼՂ բնակչության համար որեւէ հատուկ կարգավիճակ չի կարող գոյություն ունենալ ։ Ադրբեջանի պաշտոնական գիծն այն է, որ ԼՂ հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են»։

Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը կարծում է,որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները քանակական ու որակական հետազոտություններ չեն անցել։ Նիկոլ Փաշինյանը, օրերս  խոսելով խաղաղության գործընթացի մասին, մասնավորապես հայտարարել էր, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի դեմ պատերազմի նոր լեգիտիմություն ձևավորելու համար։ Փորձագետի կարծիքով՝ Ալիեւը պատերազմի համար լեգիտիմություն հավաքելու խնդիր չունի։

«Չեմ կարծում, թե մեր տարածաշրջանում պատերազմ սկսելու համար Ադրբեջանը լեգիտիմություն հավաքելու խնդիր ունի։ Ինքն ընդամենը կարիք ունի այդ պատերազմի մեկնարկն ու սանդղակը համաձայնեցնելու ՌԴ–ի հետ։ Ո՞ր պարագայում դա կարող է համաձայնեցվել ՌԴ–ի հետ։ Երբ բանակցային գործընթացի ընթացքում ՌԴ–Թուրքիա–Ադրբեջան համաձայնեցված կետերի իրագործման հարցում Հայաստանը դիմադրի։ Դա կարող է վերաբերել միջանցքին կամ Արցախի ապագային, տարբեր թեմաներ կարող են լինել»։  

Առաջիկա հնարավոր պատերազմը չի լինի 44-օրյայի նման, կլինեն հավելյալ լոկալ խնդիրներ, այն հաշվարկով, որ Հայաստանը դրաց հարցում կգնա զիջումների։ Նման սցենարի դեմ դիմադրության միակ պաշարը Հայաստանի համար Արեւմուտքն է, բայց դրա վրա էլ հույս դնել, ըստ փորձագետների,  պետք չէ, քանի որ  ՄԽ–ի  փոշիացման գործընթաց է ընթանում։  Արեւմուտքը կարող  է կանխել վատագույն սցենարները․ օրինակ, ըստ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի, կարող է հրավիրել ՄԽ–ի համանախագահներին Վաշինգտոն ու քննարկել ղարաբաղյան խնդիրը։

Արցախյան խնդրի կարգավորման վատագույն տարբերակը, որը կփոխարինի  ՄԽ–ին, կարող է դառնալ ռուս–թուրքական  հարթակը՝ կարծում է փորձագետը։

«ՌԴ–ն  կողմ է ստատուս քվոյի պահպանմանը, Ադրբեջանն ասում է, որ ընդհանրապես նման հարց գոյություն չունի, եւ այստեղ չեմ կարծում,  թե Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության գան, քանի որ Մոսկվան հետաքրքրված չէ այս հարցի կարգավորմամբ՝ լինի Հայաստանի օգտին, թե Ադրբեջանի։ Իսկ Բաքուն ջանքեր է գործադրում, որպեսզի նման հարց չլինի ու չլինի նաեւ ռուս խաղաղապահների ներկայություն Արցախում»։ 

Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ Արեւմուտքը չի ուզում մեր տարածաշրջանում դոմինանտ դերում տեսնել ՌԴ-ին։

Գրիգորյանի խոսքով՝  ապաշրջափակման դեպքում ռուսները սահմանային հսկողություն են իրականացնելու, իսկ հայերը՝ մաքսային, և սրանք կարեւոր դետալներ են։ Քոչինյանը համոզված է՝ երբ քեզանից ոչինչ կախված չէ, պետք է վատագույնին պատրաստ լինել եւ առնվազն լուծել անվտանգության հարցերը։

Back to top button