Հայագիտակ

Շիրակացին գիտեր Բրաբիոն ծաղկի տեղը․ «Հայագիտակ»

Ակամայից լցվում ես երախտագիտությամբ, երբ կարդում ես այն մարդկանց մասին, որոնք կրթություն ստանալով արտասահմանում, վերադարձել են հայրենիք՝ ասում է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը։

Դրանցից էր Անանիա Շիրակացին։ Ծնվել է Շիրակ գյուղում, կրթությունը շարունակել Տրապիզոնում ապրող գիտնական Տյուքիկոսի մոտ, ով հայերեն գիտեր և անմիջապես գնահատեց Անանիայի բացառիկ ունակությունները և թույլ տվեց օգտվել իր հարուստ գրադարանից։

Շիրակացուն նախանձում էին բյուզանդացի ազնվականների զավակները, որոնք սովորում էին նույն ուսուցչի մոտ։

Հայրենիքում Շիրակացին ամբողջովին տրվեց գիտությանը, զբաղվեց աստղագիտությամբ, մաթեմատիկայով, աշխարհագիտությամբ, տոմարագիտությամբ։

Բացատրեց տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա, Արևի խավարման և շատ այլ բնական երևույթներ։

Շիրակացին, փաստորեն, Հայաստանում բնական գիտությունների հիմնադիրը դարձավ։ Նա սկսեց նաև ուսուցանել, բայց նրա աշակերտները դիմանում էին ուսուցման միայն սկզբնական հեշտ մասին, իսկ հետո փախչում էին։

«Շիրակացին տիեզերագիտության հարցերում շատ առաջադեմ է։ Անանիան ասում է, որ երկրագունդը տափակ չէ, ձվաձև է, որ դրա ներսում կա լավա, ինչպես ձուն ունի դեղնուց։ Երկրագունդը ավելի փոքր է, քան Արևը և այլն»,-ասում է Աելիտա Դոլուխանյանը։

Ժողովուրդը մոգական ունակություններ Էր վերագրում Շիրակացուն։ Ասում էին, որ նա գիտե, թե որտեղ է աճում անմահության կախարդական ծաղիկը` բրաբիոնը։

Back to top button