ԿարևորՀասարակություն

Ապօրինի ծագմամբ գույքի 300 ուսումնասիրությունից 20-ն ավարտված է. փոփոխությունների նախագիծն ընդունվեց միաձայն

Ապօրինի ծագմամբ գույքի 300 ուսումնասիրությունից 20-ն ավարտվել է, դատարան է ներկայացվել 9 հայցադիմում, որոնցով քննվում է 43 մլրդ դրամ արժողությամբ մի շարք գույքերի օրինականության հարցը։ Այս տվյալները «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող  նախագծի քննարկման ժամանակ նշեց գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունը  օրենքում պաշտոնատար անձ հասկացության շրջանակների ընդլայնումն է։

«Ներկա պահին օրենքի իմաստով պաշտոնատար անձինք են միայն «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։ Առաջարկվում է, որ այսուհետ որպես պաշտոնատար անձ ընկալվեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք»։

Պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը բերելու է լրացուցիչ ծանրաբեռնվածության։ Արդյո՞ք դատախազությունն ունի բավարար ռեսուրսներ ու կադրեր ավելի մեծ ծավալով ուսումնասիրությունների համար ՝ Սրբուհի Գալյանին հարցնում  է ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Եթե վիճակագրական տվյալների տեսքով նկարագրեմ, ապա  ի սկզբանե ձևավորման պահին եղել է ֆինանսիստի ընդամենը երեք հաստիք, բայց ներկա պահին հաստիքների քանակը 11-ն է։ Այսինքն՝ հաստիքները ժամանակի ընթացքում ավելացվել են։ Զուտ ժամկետի փոփոխության, նոր լիազորության, և պաշտոնատար անձանց սահմանման ընդլայման հետ կապելն այնքան էլ ճիշտ չէ, կարծում եմ, որովհետև մեր կանխատեսումներով մեր գործերն էապես չեն ավելանալու, ուստի նաև ժամկետի ավելացումը կարող է օգնել այդ հարցի կարգավորմանը։ Եթե լրացուցիչ հաստիքներ անհրաժեշտ լինեն, ապա հարցը մեր կողմից կաբարձրացվի»։ 

Նախագծով առաջարկվում է գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանմանը տալ նոր լիազորություն, որը հնարավորություն կտա սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրության վարույթ սկսել։ Նաև ընդլայնվելու է այդ ուսումնասիրության ժամկետը՝ 2 տարուց դառնալով 3։ Փոփոխությունը տարածվելու է դեռևս չավարտված, ինչպես նաև նոր սկսվող ուսումնասիրությունների վրա։ Ինչո՞ւ է անհրաժեշտ այդ հավելյալ ժամանկը՝ հետաքրքրվում է ՔՊ պատգամավոր Արթուր Դավթյանը։

«Ի՞նչ վիճակագրություն կարող եք ներկայացնել, որ 2 տարին չի բավականացնում ուսումնասիրության համար ու 3 տարի եք ուզում դարձնել ուսումնասիրության ժամկետը»

«Երկու տարին երեք տարով փոխարինելը նպատակ է հետապնդում մեր վարույթում գտնվող ուսումնասիրությունների արդյունավետ իրականացման, բայց փոփոխության նպատակը միայն դա չէ։ Ես նշեցի, որ նաև նոր լիազորություններ ենք նախատեսում  վարույթ իրականացնող մարմնի համար, մասնավորապես, սեփական նախաձեռնությամբ վարույթ սկսելը։ Ինչպես նաև ընդլայնում ենք պաշտոնատար անձ հասկացողությունը։ Այդ պարագայում միանշանակ է, որ երկու տարին չի բավականացնի՝ բոլոր գործերի արդյունավետ ուսումնասիրություն իրականցնելու համար»։

ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ամենաքննարկված հարցը պետությունից թալանված միջոցների վերադարձման խնդիրն է: Քաղաքացիները պարզաբանումներ և կոնկրետ արդյունքներ  են պահանջում՝ ասում է Հովակիմյանը։

«Մարդիկ ավելի շատ թվերն են ուզում լսել: Երբ  ասվում է, որ 20 գործի ուսումնասիրությունն ավարտվել է, դա մարդկանց ոչինչ չի ասում, բայց երբ ասվում է՝ այս-այս մարդիկ են ու այսքան գումարի վերադարձման մասին է խոսքը, արդեն առարկայանում է: Կխնդրեմ ԱԺ-ում ներկայացնելիս մի քիչ այդ թվերից ներկայացրեք՝ զուտ հանրության պահանջմունքը բավարարելու համար»:

Չնայած Հովակիմյանի դիտարկմանը՝ նիստի ընթացքում կոնկրետ  անուններ այդպես էլ չհնչեցին։ Ավելի վաղ՝ գլխավոր դատախազությունը հաստատել էր  6 պատգամավորի գույքի ու եկամուտների ուսումնասիրության փաստը։ Ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նախագծի առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այժմ, չէին մասնակցում քննարկմանը։ Նրանք այս օրենքի սահմանադրականությունը վիճարկում են ՍԴ–ում։ Իշխող խմբակցությունը, մինչդեռ, կարծում է, որ ընդդիմադիրներից շատերն այս օրենքից զգուշանալու խնդիր ունեն։

Ի դեպ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքքնվի  հունիսի 10-ին։ Սահմանադրական դատարանն այդ օրն է նշանակել գործի քննությունը։

Back to top button