Գերդաստաններ

Միշտ դեմքը դեպի գյուղը դարձրած․ Պերճ Պռոշյանը՝ տաղանդավոր, պարզ ու բարի․ «Գերդաստաններ»

Աշտարակ քաղաքի նախամուտքի մոտ մի գեղեցիկ տուֆակերտ կամուրջ կա։ Տասնյակ տարիներ առաջ այդ կամրջի մի կողմում գտնվող  տերևախիտ չինարի ստվերում հաճախ էին հավաքվում շինականներ, իսկ նրանց միանում էր մի հմայիչ, մուգ կանաչ զգեստ հագած մի երիտասարդ, որը Երևանում գավառական դպրոցի տեսուչ էր։

Տեսուչը հաճախ էր աշակերտների հետ իջնում Աշտարակի ձորը, պատմում նրանց  առասպելներ, առածներ, նաև կիսվում իր կենսափորձով ու գիտելիքներով։ Նա հանրահայտ գրող Պերճ Պռոշյանն էր  (Հովհաննես Ստեփանի Տեր–Առաքելյան)։  

Հնում Աշտարակը հայտնի էր անշուք, մեկհարկանի տներով։ Այդ տներից մեկում ապրում էր դերձակ Ստեփանը, որը գրագետ էր, քահանայի որդի էր և իրեն վերագրում էր ազնվական ծագում։ Նա տեսել էր տոհմական մի ճյուղագրություն, որտեղ երևում էր, որ իրենք Գառնիի Պռոշ իշխանի զավակներն են։

Ապագա գրողի հիշողության մեջ մնացել էր հոր լայնաբերան մկրատը, ընկուզե դազգահը և երեկոները դերձակի տանը հավաքվող հարևաններն ու ծանոթները, որոնք հետաքրքիր զրույցներ էին վարում։ Մանուկ Հովհաննեսը փայլուն ընդունակություններ ուներ, և դերձակը շատ հպարտանում էր տղայով։

Թիֆլիսի նման հայաշատ քաղաքում Պռոշյանը տեսնում էր, որ օր առաջ պետք էր թատրոն հիմնել։ Նա գտնում էր, որ պետք է ներկայացնել հայ ժողովրդի անկախ գոյության դժվարին պայքարը, ժամանակի կյանքն իր լավ ու վատ կողմերով։

Եվ ահա 1862 թվականին իրավաբան Գևորգ Իզմիրյանի բնակարանում տեղի ունեցավ դերասանական մշտական խմբի կազմակերպմանը նվիրված հիմնադիր ժողով։

Պռոշյանը հիմնեց նաև Գայանյան օրիորդաց դպրոցը և այդ դպրոցի առաջին աշակերտը դարձավ 14-ամյա Եղիսաբեթ Տեր-Աբրահամյանը, որը հետո պիտի դառնար անվանի դերասանուհի ու ամուսնանար դերասան ու ռեժիսոր Գևորգ Չմշկյանի հետ։

Պռոշյանը հայտնի էր նաև որպես լուսանկարիչ:

Պռոշյանի 6  երեխա ուներ՝ 3 աղջիկ և 3 տղա. Պերճանույշը, Աշխենը, Շուշանիկը, Պռոշը, Էաշին և  Պապաքը, որոնց դաստիարակել և կրթության էր տվել։

«Չնայած նյութական դժվարություններին՝ Պռոշյանը ամենահյուրասեր մարդն էր»,- պատմում է Աղայանը։ 

1859 թվականից սկսում է վատանալ Պռոշյանի առողջությունը, մի անգամ տեսնում է ընկերներին կարմիր բողկ ուտելիս, մոտենում է, վերցնում, ու, չբավարարվելով դրանով, բերել է տալիս մի ամբողջ կապոց և ուտում ամբողջը։ Դրանից սկսվում է արյունահոսություն, շուտով կանոնավորվում է շնչառությունը, դադարում է հազն ու այդպես, կարմիր բողկը փրկում է Պռոշյանին։

1905 թվականին նա հոգեկան ծանր վիճակում էր։ Ծանր հիվանդությունից մահանում է կինը, որին անսահման սիրում էր, համարում իր «կենաց հրեշտակը»։ «Թաղման օրը  նրան անհնար էր ճանաչել» ,- գրում է Ալեքսանդր Շիրվանզադեն։

1906 թվականից Պռոշյանն ապրում էր Փարիզում իր երկու երեխաների՝ Աշխենի ու Պապաքի հետ։ Այս միջավայրում իրեն լավ էր զգում, բայց շուտով վերադառնում է Բաքու։

Վերջին անգամ նրան տեսել է Ավետիք Իսահակյանը՝ 1907 թվականին՝ Բաքվում, Պերճանույշի մոտ։ «Անտեր, անօգնական կուչ էր եկել աղոտ սենյակում, ասես զգում էր մոտալուտ մահը, նայում էի խորին ցավով, ինչպես որդին է նայում ծերացած հորը, համբուրեցի այս անզուգական, պարզ, բարի մարդու ձեռքը, որը մեր ժողովրդին տվել է այնքան թանկարժեք, բարոյական ժառանգություն»,- գրել է Ավետիք Իսահակյանը։

Back to top button