Մտքի ուժը

Հայկական արտադրության գյուղտեխնիկան չի զիջում ներկրվող մեքենաներին․ «Մտքի ուժը»

Ըստ տրամաբանության՝ որտե՞ղ պետք է լինեն հայկական արտադրության գյուղատնտեսական մեքենաները․ «Որևէ այգետիրոջ այգում», սա հարցի բնական պատասխանն է։ Բայց այս դեպքում դրանք կանգնած են Հայաստանի ազգային ագրարային համալասարանի բակում։ Դրանք մշակվել, նախագծվել ու պատրաստվել են բուհի գյուղմեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական կենտրոնի դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի գիտաշխատողների կողմից։

Նախագծողը Վաչե Կարապետյանն է, գիտաշխատող։ Արձանագրում է՝ ըստ էության հենց մշակման և նախագծման փուլերում է դրվում մեքենայի հուսալիության հիմքը և դրանից է կախված, թե որքանով մեքենան կլինի հուսալի, անվտանգ ու արդյունավետ։ Այստեղ ամեն ինչի հիմքում հաշվարկներն են և գիտափորձերը։

Այգեգործական ֆրեզ մեքնենաները նախատեսված են այգու հողամշակման աշխատանքների մեքենայացման համար։ Հիմնականում օգտագործվում են  մերձբնային ու միջծառային տարածությունների հողամշակման և մոլախոտերի դեմ մեխանիկական պայքարի համար։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղմեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական կենտրոնի դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ Արթուր Ալթունյանը շեշտում է՝ այգու խնամքի, բերքատվության, հողի օդաջրային բալանսի կարգավորման գործում անչափ կարևոր է ագրոտեխնիկական պահանջների ճիշտ, որակով և ժամանակին կատարումը։ Իսկ այգեգործական ֆրեզ մեքենաները մեքենայացնում են այդ ծանր հողամշակման աշխատանքները: 

Արթուր Ալթունյան

Որոշեցին զբաղվել գյուղատնտեսական այս մեքենաների նախագծմամբ ու փորձարկմամբ, քանի որ կա պահանջարկ, այգեգործությունը ՀՀ գյուղատնտեսության ակտիվ զարգացող ճյուղերից է։ Բայց գյուղմեքենաշինությամբ զբաղվելու համար մասնագիտական ռեսուրս ու նյութական բազա էլ է պետք։

Արթուր Ալթունյանն ասում է` բացի տեսական հետազոտություններից, նաև համապատասխան ճշգրիտ չափող-գրանցող սարքերով դաշտային փորձարկումներ են իրականացնում, որոնք անհրաժեշտ են մեքենայի կառուցվածքատեխնոլոգիական բնութագրերի հստակեցման և հուսալիության բարձրացման և հետագա կատարելագործման համար։

Գիտական առաջարկներ և մշակումներ կան, բայց տնտեսության մեջ ցավոք չեն ներդրվում, այդ ուղղությամբ բավարար քայլեր չեն արվում, որպեսզի գիտական արդյունքները հասնեն գյուղացուն, տնտեսվարողին, և արտադրությունն էլ զարգանա։ Արթուր Ալթունյանը փաստում է՝ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող կիրառական նախագծերը մասնավորի աջակցություն են ենթադրում։ Եվ նմանատիպ գիտական խմբերում ու գիտական կենտրոններում  նման նախագծեր իրականացնելու համար գիտնականներն են փնտրում շահագրգիռ կողմերին՝ այգետերերին, իրենց գաղափարներին հավատացողներին և ոչ թե իրենց են փնտրում, ցավոք։

Խնդիրների շարքն այսքանով չի ավարտվում։ Գյուղոլորտը գերակա, իսկ արտադրությանն էլ զարգացնելու քաղաքականություն հռչակած մեր երկրում անգամ նյութական բազա ու համապատասխան գործարաններ չկան, որպեսզի  մեծաքանակ պատվերի դեպքում կարողանան արագությամբ այն ապահովել։ Լուծումներ փնտրում են ու երբեմն գտնում ՝ ապավինելով սեփական ուժերին և կապերին։   

Մեքենաների պատրաստումը հիմնականում պատվիրում են Երևանում ու Չարենցավանում՝ քիչ թե շատ գործող գործարաններում։ Սակայն, գիտնականները գիտեն՝ մասնավորն ունի իր թիրախավորած շուկաները, ուստի մեծաքանակ պատվերների դեպքում կկարողանան կազմակերպել, բայց՝ դժվարությամբ։ Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մեկ մեքենա պատրաստելու համար, Արթուր Ալթունյանն է ասում.

«Հիմնականում մեկ ամիս տևում է։ Պատվերը տալիս այդքան ժամանակ է պահանջվում։ Մասնավորի մոտ դու հերթական պատվիրատուն ես։ Մեկ մեքենայի միջին արժեքը մինչև 3 մլն դրամ է։ Ավանդական և ինտենսիվ այգիների համար ֆրեզ մեքենաներ ունենք։ Բարձր գինը պայմանավորված է նրանով, որ հիմնական բաղադրիչ մասերը ներկրվում են»։

Թե’ ավանդական, թե’ ինտեսնիվ այգիների դեպքում համապատասխան փորձարկումներն արված են։ Բոլոր աշխատանքներն ունեն գիտական հենք՝ ասում է գիտնականը, նաև հավելում՝ առաջարկները և կատարված հետազոտական աշխատանքները ոչ միայն գիտական ձեռքբերումներ են համարվում, դրանք ունեն նաև կիրառական նշանակություն։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դաշտավարության և  անասնապահության մեքենայացման բաժնի աշխատակից, ավագ գիտաշխատող Ալբերտ Գրիգորյանն արձանագրում է՝ իրենց պատրաստած մեքենաները որևէ առումով չեն զիջում ներկրված մեքենաներին։ Ինչո՞ւ  ընտրել տեղականն ու հատկապես իրենց արտադրանքը։

«Մեր մեքենաները հարմարեցված են մեր բնակլիմայական և ռելիեֆային պայմաններին։ Ցանկացած գյուղատնտեսական մեքենա պետք է առաջին հերթին հարմարեցված լինի տեղի պայմաններին։ Առանձնահատկությունը հենց այստեղ է։ Գաղտնիք չէ, որ մեր այգեգործական շրջանների մեծ մասում հողերը խիստ քարքարոտ են, ռելիեֆը՝ խիստ կտրտված, ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներ կան»։

Գիտական այս կենտրոնում գիտնականները խնդիրները խմբավորում են ու այդպես ներկայացնում։ Ինչպես գրեթե բոլոր, այս դեպքում էլ, առաջին տեղում գնումների ընթացակարգներն են, որոնք բարդ են՝ բյուրոկրատական քաշքշուկներով լի։ Շատ հաճախ գնումներին մասնակցող չի լինում, հատկապես, երբ ապրանքի քանակը և գումարը փոքր է։  Արթուր Ալթունյանը պատճառները լավ գիտի, այստեղ խնդիրը համակարգային է և պահանջում է ոլորտի օրենսդրական փոփոխություն՝ գիտական աշխատանքներին էլ ավելի ընդգծված ճկուն մոտեցմամբ։

Back to top button