ԿարևորՄիջազգային

Մի հացը 3 օր տալիս էի երեխաներին․ Մարիուպոլից բազմազավակ հայ ընտանիք է տարհանվել

4 միլիոն փախստական՝ 40 օր ձգվող ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով․ տվյալները ՄԱԿ–ինն են։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն  էլ արձանագրել է, որ փախստականների գրեթե կեսը՝ 2 միլիոնը, երեխաներ են։ Ուկրաինայից դուրս եկած ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի մասին դեռ ամփոփ տվյալներ չկան, տեղի հայկական համայնքները, սակայն հայտնում են, որ շրջափակված քաղաքներում դեռ հայեր կան։ Դոնեցկի և Լուգանսկի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը «Ռադիոլուր»–ին պատմել է, որ վերջին օրերին Դոնեցկում դիմավորում են շրջափակված Մարիուպոլից դուրս եկող հայերին, նրանց մեջ է եղել նաև Ղազարյանների բազմազավակ ընտանիքը։

«Մեծ երեխաս 11 տարեկան է, փոքրը՝ 9 ամսական․․․ 11, 10 տարեկան տղաներս, հետո 9 և 8 տարեկան աղջիկներս, հետո 4 և 3 տարեկան տղաներս, և վերջում՝ 9 ամսական աղջիկս»։

7 զավակների հայրը՝ Գրիգոր Ղազարյանը, Մարիուպոլից է։ 15 տարի առաջ տեղափոխվել էր Ուկրաինա։ Օտար հողում արդեն երկրորդ անգամ է պատերազմի հետևանքով դառնում փախստական․ առաջին անգամ 2014թվին են հեռացել  Ուկրաինայից։ Հետո նորից վերադարձել են ու հաստատվել Մարիուպոլում։

«Ամսի 24-ին կռիվը սկսվեց, 27-ին մեր մոտ՝ Մարիուպոլում, արդեն իրավիճակը սարսափելի էր։ Երբ կրակոցները սկսվեցին արդեն մեր թաղամասում, այդ պահին արագ երեխաներին իջեցրի նկուղ։ Սեփական տան նկուղ էր, քիչ թե շատ՝ ապահով էր։ 2 շաբաթ նկուղում ենք մնացել, բայց, դե, անհարման էր, լույս չկար, մի անկողին էի իջեցրել, մի անկողնու վրա քնում էինք բոլորով»,– պատմում է Գրիգոր Ղազարյանը։

7 երեխաները 2 շաբաթ նկուղում են անցկացրել։ Հայրը պատմում է՝ առաջին մի քանի օրը տանը եղած սնունդն են օգտագործել, հետո արդեն ստիպված ինքը նկուղից դուրս էր գալիս, փորձում սնունդ գտնել․

«Միայն ես էի դուրս գալիս, բայց արդեն խանութներում ոչինչ չկար։ Թալանել էին, տանը մի քանի բան ունեինք, «յոլա» էինք գնում, մինչև դուրս գալու տարբերակ լիներ։ Կամ դուրս էի գալիս զինվորականներին ասում էի, որ այդ տարիքի երեխաներ ունեմ, մեկը տուշոնկա էր տալիս, մեկը մի ուրիշ բանն․․․ Մի հացը 3 օր տալիս էի երեխաներին, բայց հետո արդեն հաց էլ չկար։ Ջուր կար միայն մի ջրհորում ու բոլորը այդտեղից էին ջուր տանում։ Իհարկե, դա էլ էր վտանգավոր, բայց ստիպված վախենալով գալիս տանում էին։ Խնայողաբար  օգտագործում էինք, իհարկե միայն խմելու համար, լվացվել բան չկար»,– պատմում է Մարիուպոլի բնակիչը։

Երեխաներին փորձում էի բացատրել, որ նկուղում մեզ ոչինչ չի լինի, որ շատ չվախենան՝ պատմում է Գրիգորը, բայց միշտ չէ, որ հաջողվել է․

«Ես իրանց կողքը, որ լինում էի, փորձում էի այնպես անել, որ չվախենան, բայց, դե, երեխա են․․ Երեք տարեկան տղաս էր շատ վախեցել, ոտքերը դողում էին, չէր կարողանում քայլել»։

Հայ ընտանիքին միայն պատերազմի 18-րդ օրն է հաջողվել հումանիտար միջանցքներով դուրս գալ Մարիուպոլից։ Ռուս զինվորականների ուղեկցությամբ սկզբից Վալնովախ, հետո Դոնեցկ են տեղափոխվել։ Այնտեղ արդեն բազմազավակ ընտանիքին Դոնեցկի և Լուգանսկի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանան է դիմավորել ապաստան տվել, օգնել։ Ի վերջո, ապաստանել են Դոնի Ռոստովում։

«Ուկրաինայում արդեն ոչ մի բան չկա, էլ ուր վերադառնանք։ Հիմա արդեն ուզում ենք մնալ Ռուսաստանում»,– ասում է Գրիգորը և հավելում՝ պատերազմի հետևանքով կորուստներ է ունեցել։ Զարմուհիներից մեկը մահացել է, մյուսը մինչ այսօր անհետ կորած է։ Հիմա պատերազմի վերքերը թարմ են։ Դեռ պետք է կազդուրվեն ու փորձեն արդեն Ռուսաստանում կառուցել երեխաների ապագան։Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը «Ռադիոլուր»–ին պատմել էր, որ ամենօրյա ռեժիմով դիմավորում են շրջափակված Մարիուպոլից հումանիտար միջանցքներով Նովոազովսկ տեղափոխվող հայերին։ 

«Կազմակերպել ենք։ Հայերը հավաքում են հագուստ, սնունդ, իսկ ես տեղափոխում եմ այնտեղ, որտեղ տեղահանվածներն են ապաստանում։ Անմխիթար վիճակ է։ Գալիս են մարդիկ, որոնք 3 շաբաթ նկուղներում են եղել։ Մեր առաջնահերթ նպատակն է գտնել այն հայերին, որոնց իրենց հարազատները փնտրում են»,– ասում էր Տեր Նարեկ քահանան։

Ուկրաինան, պատերազմի սկզբից, լքել է արդեն 4 միլիոն փախստական։ Նրանց կեսը երեխաներ են։ Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին, ինչպես նաև՝ UNICEF-ը։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ մարտի 31-ին մարդասիրական միջանցք կբացվի, որով Մարիուպոլի բնակիչները կկարողանան շարժվել դեպի Բերդյանսկ։ Շուրջ 45 ավտոբուս է պատրաստվում անցնել այս երթուղով։ Բացի այդ, համաձայություններ կան Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլից և Էներգոդարից մարդկանց միջանցքներով  տարհանելու, նաև օգնություն հասցնելու վերաբերյալ։  

Հումանիտար միջանցքների մասին հայտարարվել էր նաև մարտի 30-ին։ Դրանք, սակայն, ըստ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի, չեն գործել․

«Երեկ հայտարարված հումանիտար միջանցքները չեն գործել։ Նաև Կիևի մարզում էր հայտարարված տարհանում, բայց այսօր առավոտյան այդ տարհանումը չեղարկվեց քանի որ վտանգ կար, որ մարդկանց տարհանող ավտոբուսները կարող են ռմբակոծվել»,– մանրամասնում է հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Բացի հայտարարված կանաչ միջանցքներից, մարդիկ նաև սեփական միջոցներով են փորձում անվտանգ ելքեր գտնել ու դուրս գալ շրջափակված քաղաքներից՝ պատմում է հայ համայնքի ներկայացուցիչը։ Համայնքն էլ, հնարավորությունների սահմանում, փորձում է օգնել հայերին, որոնք դեռ Ուկրաինայում են։

Back to top button