ԿարևորՄիջազգային

Խարկովի մարզում շրջափակման մեջ հայ ընտանիքներ կան․ դասապրոցեսը Ուկրաինայում վերականգնվում է

Ռուս-ուկրաինական պատերազմի 33-րդ օրը ռազմական գործողությունների էպիկենտրոնում գտնվող մի քանի քաղաքներում կրթական պրոցեսը վերականգնվել է։ Խարկովի հայկական դպրոցի տնօրենը «Ռադիոլուր»-ին պատմել է՝ կապի մեջ են աշակերտների ընտանիքների հետ, գիտեն, որ տուժածներ չկան։ Հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ քաղաքում իրավիճակը համեմատաբար կայուն է, ավելի լարված է Խարկովի մարզի ծայրամասային բնակավայրերում, այնտեղ շրջափակման մեջ նաև հայ ընտանիքներ կան։

«Իմ երեխան առաջին դասարան է։ Դասարանցիների մի մասը Ֆրանսիայում են, մյուս մասը՝ Հունաստանում կամ Լեհաստանում, բայց բոլորը այսօրվանից միանալու են դասերին ուկրաինական դպրոցում»,-ասում է Մետաքսյա Ավագյանը։

Մետաքսյա Ավագյանը Խարկովի բնակչուհի է՝ տեղի հայկական դպրոցի տնօրենը։ Պատմում է՝ չնայած մարզի ծայրամասային շրջաններում իրավիճակը լարված է, բայց քաղաքում համեմատաբար կայունանում է։Այսօրվանից տեղի դպրոցներում վերականգնվել է դասապրոցեսը, առայժմ՝ հեռավար․

«Նույնիսկ Կիևի դպրոցներում ու բուհերում է ուսումնական պրոցեսը վերականգնվել։ Մենք ունենք հայկական դպրոց, որտեղ 100-ից ավելի աշակերտներ են սովորում, այդ երեխաների ընտանիքներին ոչինչ չի եղել, մոտ 70 տոկոսը Ուկրաինայում են, մյուսներն են դուրս եկել»,-մանրամասնում է Խարկովի բնակչուհին։

Խարկովում Հայաստանի հյուպատոսարանի աշխատակցուհի Մետաքսյա Ավագյանի խոսքով՝ վերջին մի քանի օրը Խարկովում իրավիճակը կայուն է, ջեռուցումը վերականգնվել է։ Ըստ նրա՝ լարված է Խարկովի մարզի ծայրամասային բնակավայրերում։

«Խարկովի մարզում կան 4-5 ընտանիքներ, որոնք շուրջ մեկ ամիս է՝ շրջափակման մեջ են։ Դա սահմանային բնակավայր է։ Շուրջ 30 հայ կա, անչափահաս երեխաներ, որոնք շրջափակման մեջ են։ Օրը մի անգամ խոսում ենք։ Երեկ ասացին, որ այնտեղ ռմբակոծություններ են, բայց մինչև մարտերը չդադարեն, չենք կարող տարհանել»։

Խարկովում մինչ պատերազմը, Հյուպատոսարանի տվյալներով, ապրում էր շուրջ 20000 հայ։ Մետաքսյա Ավագյանը պատմում է՝ հայերը ընդգրկված էին բոլոր ոլորտներում՝ պետական կառավարման համակարգից մինչև կրթական հաստատություններ։ Հյուպատոսարանը կապի մեջ է բոլոր հայերի հետ,  գիտեն, որ Խարկովից դուրս եկածների մեծ մասը Եվրոպայում է․

«Մնացել են նրանք, ովքեր տուն ունեն, ովքեր բիզնես կամ ինչ-որ գործուներություն ունեն, նրանք, ովքեր տատիկ-պապիկներ ունեն։ Մենք հայկական համույթ ունենք, որն ունի 85 աշակերտ, նրանցից դուրս է եկել ընդամենը 20-ը»։

ՄԱԿ-ի տվյալներով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինան լքել է շուրջ 3.8 միլիոն մարդ։ Քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտարարել է, որ կես միլիոնանոց Մարիուպոլից բնակչության կեսը տարհանվել է, քաղաքը շրջապատված է։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ շաբաթ օրը՝ մարտի 26-ին, Մարիուպոլից հումանիտար միջանցքներով շուրջ 4000 մարդ է դուրս եկել, այդ թվում՝ հայեր։ Պատմում է՝ իրավիճակը Մարիուպոլում վերջին 3 օրերին չի փոխվել․

«Հոսք կա, մարդկանց թողնում են դուրս գալ։ Ով կարողանում է վառելիքի հարց լուծել ինքնուրույն է դուրս գալիս, ով հնարավորություն չունի, կամավորների օգնությամբ են դուրս գալիս»,-ասում է Դավիթ Մկրտչյանը։

Իրավիճակը լարված է նաև Կիևի մերձակայքում՝ պատմում է Դավիթ Մկրտչյանը։ Իռպեն, Բուչա քաղաքներում ակտիվ ռազմական գործողություններ են։ Այս քաղաքներից ևս հանգստյան օրերին 25 ավտոբուսներով տարհանել են բնակիչներին։ Հայ համայնքի փոխնախագահն ասում է՝ իրավիճակը անփոփոխ է նաև Չերնիգով քաղաքում։

«Իրավիճակը ծանր է, քաղաքը ռմբակոծվում է։ Որոշ շրջաններում կարողացել են հոսանքը, ջրամատակարարումը վերականգնել։ Նախապես հայտարարվել էր, որ հումանիտար միջանցք է գործելու դեպի Բելառուս, բայց, ինձ հայտնի տեղեկություններով, ոչ ոք միջանցքից չի օգտվել»,-մանրամասնում է հայ համայնքի ներկայացուցիչը։

Դավիթ Մկրտչկանը շեշտում է՝ Ուկրաինայում գտնվող հայերի հետ ամենօրյա կապի մեջ են։ Վստահեցնում է՝ ինչով կարողանում են օգնում են․ ճանապարհում են, տարհանում կամ օգնում կացարան գտնել։

Back to top button