ԿարևորՄիջազգային

Մարիուպոլում 3 շաբաթ անհետ կորած հայ ընտանիքը գտնվել է․ Տեր Նարեկ քահանա Ամիրյան

Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքում արդեն մի քանի օր՝ դիմավորում են շրջափակված Մարիուպոլից հումանիտար միջանցքներով Նովոազովսկ տեղափոխվող հայերին։ Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Նարեկ քահանա Ամիրյանը «Ռադոլուր»-ի հետ զրույցում պատմում է՝ հաջողվել է գտնել Մարիուպոլում ապրող հայ կնոջն ու երեխաներին, որոնց հետ պատերազմի սկզբից հարազատները կապը կորցրել էին։

«Մարիուպոլից էին։ Անցել էին այս կողմ, ողջ-առողջ են։ 2 օր կմնան, հետո արդեն կուղեկցենք դեպի Ռուսաստան։ Այնտեղից էլ հավանաբար կգնան Հայաստան։ Երեխաները, որ նկուղներից դուրս էին եկել, կեղտոտ, մրոտ էին։ Նրանց կոնֆետ տվեցի, ու նրանց մրոտ դեմքին ժպիտ հայտնվեց։ Դա ինձ ապրեցրեց»,– պատմում է Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։

Տարհանվածները Դոնեցկում երկար չեն մնում։ Շարունակում են ճանապարհը դեպի Ռուսաստան։ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը պատմում է՝ Դոնեցկի մարզում շարունակում են կրակել, վիճակն անփոփոխ է։ Ասում է՝ մարդիկ անհանգիստ են, զգուշավորություն ու վախ կա։ Որոշ շրջաններում ու թաղամասերում ջրի խնդիր կա, ջրատարները վնասված են։ Կրակոցները չեն թողնում վերանորոգել։

«Կազմակերպել ենք։ Հայերը հավաքում են հագուստ, սնունդ, իսկ ես տեղափոխում եմ այնտեղ, որտեղ տեղահանվածներն են ապաստանում։ Անմխիթար վիճակ է։ Գալիս են մարդիկ, որոնք 3 շաբաթ նկուղներում են եղել։ Մեր առաջնահերթ նպատակն է գտնել այն հայերին, որոնց իրենց հարազատները փնտրում են»,– ասում է Դոնեցկի և Լուգանսկի մարզի հոգևոր հովիվը։

Նախօրեին, կողմերի համաձայնությամբ, ռազմական գործողությունների գոտուց բնակչությանը դուրս հանելու համար Ուկրաինայի տարածքում մի քանի հումանիտար միջանցք է գործել։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով, սակայն, Մարիուպոլից դեպի Զապորոժե միջանցքներն անցնում են պաշարված քաղաքի ծայրամասերով և ոչ թե կենտրոնական հատվածով, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ կան՝ առանց հոսանքի և այլ անհրաժեշտությունների։ Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ մի քանի հումանիտար երթուղիներ են համաձայնեցվել նաև Կիևի մարզում։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը ուրախ լուր ունի՝  վերջին օրերին հաջողվել է շուրջ 2 շաբաթ շրջափակված Մարիուպոլից բնակիչներին նաև դեպի կենտրոնական Ուկրաինա տարհանել։

«Մարիուպոլից մարդիկ շարունակում են դուրս գալ։ Լուրջ խոչընդոտներ չեն առաջանում։ Փառք Աստծո, մարդիկ հասնում են Բերդյանսկ։ Այնտեղ առաջին օգնություն ստանալուց և վառելիքի հետ կապված խնդիրները լուծելուց հետո շարժվում են ավելի անվտանգ շրջաններ»,– մանրամասնում է Դավիթ Մկրտչյանը։ 

Ռուս–ուկրաինական պատերազմի 30-րդ օրը ռազմական գործողությունների կիզակետում է Չեռնիգով քաղաքը։ Առավոտյան ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ ռմբակոծվում են Չեռնիգովի բնակելի օբյեկտները։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը պատմում է՝ տեղի հայ համայնքի հետ մշտապես կապի մեջ են, հայերի մեծ մասն արդեն քաղաքից դուրս է եկել։

«Մեր համայնքապետի տվյալներով՝ հայերի 80%–ը արդեն Չեռնիգով քաղաքից դուրս են եկել։ Մնացել են միայն նրանք, ովքեր չեն ուզում դուրս գալ։ Վերջին անգամ 3 օր առաջ է 6 ընտանիք դուրս եկել։ Հիմա հնարավոր է դուրս գալ, թե ոչ՝, չեմ կարող ասել, բայց նման ինֆորմացիա, որ ինչ–որ մեկը ուզում է դուրս գալ ու չի ստացվում, չունենք»։

Մայրաքաղաք Կիևի և պաշարված Մարիուպոլի շրջակայքում ևս մարտերը շարունակվում են, գիշեր-ցերեկ պայթյուններ են՝ պատմում է Դավիթ Մկրտչյանը։ Իրավիճակը լարված է հատկապես Կիևի մերձակայքի Իրպեն, Բուչա և Գոստոմել քաղաքներում։

«Սպասում ենք տեղեկատվության, թե արդյո՞ք այսօր տարհանված մարդկանց մեջ կլինեն նաև հայ ընտանիքներ։ Հայաստանի հայերից զանգեր ենք ստացել, որ փնտրում են այս քաղաքներում ապրող իրենց բարեկամներին, և գտնել չի ստացվում։ Ինչպես Մարիուպոլում, Կիևի մերձակայքում նույնպես, կապ չկա»։

Արդեն մեկ ամիս ձգվող պատերազմի ընթացքում Ուկրաինան լքել է ավելի քան 3.6 միլիոն մարդ։ ՄԱԿ–ի տվյալներով, նրանց մեծ մասը՝ գրեթե 2.1 միլիոնը, ապաստանել են Լեհաստանում։ Հայկական համայնքային, պետական կազմակերպություններն ու գերատեսչությունները թվային տվյալներ՝ Ուկրաինայից դուրս եկած կամ դեռ պատերազմող երկրի տարածքում գտնվող հայերի մասին, չունեն։

Back to top button