ԿարևորՄիջազգային

Ուկրաինան լքել է 3.6 միլիոն մարդ․ ի՞նչ է առաջարկում Հայաստանը փախստականներին

Ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիները հիմնականում ազգությամբ հայեր են․ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն ասում է՝ դեսպանատան տվյալներով վերջին 1 ամսվա ընթացքում Հայաստան է եկել Ուկրաինայի շուրջ 4000 քաղաքացի։

«Այս պահին մենք հնարավորություն ունենք ուկրաինացիներին անվճար կացարաններով ապահովելու։ Տեղաբնակներից էլ ենք առաջարկներ ստանում․ շատերը պատրաստ են օգնել։ Ուկրաինացիները Հայաստանում դժվարություններ ունեն աշխատանք գտնելու հարցում․ Հայաստանում առանց հայերենի իմացության դժվար է աշխատանք գտնել։ Այնուհանդերձ, փորձում ենք օգնել, ինչով կարող ենք»,- մանրամասնում է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմով

Ուկրաինայից Հայաստան տեղափոխվածներից Միգրացիայի ծառայությունը փախստականի կարգավիճակ ստանալու16 հայց է ստացել, որոնցով շուրջ 20 անձ ՀՀ–ից օրինական ապաստան է խնդրում՝ ասում է Միգրացիայի ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։ Պատմում է՝ ավելի շատ են խորհրդատվական բնույթի դիմումներն ու զանգերը։ Ծառայությունը, նրա խոսքով,  ցանկացողներին մանրամասն ներկայացնում է, թե  ինչ հնարավորություններ ու իրավունքներ ունեն Հայաստանում փախստականները։

«Առաջին հերթին՝ փախստականի կարգավիճակը Հայաստանում օրինական անժամկետ ապրելու հանրավորություն է տալիս։ Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո տվյալ օտարերկրացին գրեթե բոլոր իրավունքներով և պարտականություններով է օժտվում, որոնք ունի  ՀՀ քաղաքացին․ բացառություն է միայն հողի սեփականության իրավունքը և ընտրական իրավունքը»,– ասում է Նելլի Դավթյանը։ 

Դիմում ներկայացնելուց հետո օտարերկրյա քաղաքացին 3-ից 6 ամսվա ընթացքում դրական կամ բացասական  պատասխան է ստանում։ Նելլի Դավթյանն ասում է՝ մինչ հայցը կքննվի, Միգրացիայի ծառայությունը այդ անձանց կացարան է առաջարկում։ Այս պահին, սակայն, պետոթյան առաջարկած կացարանից ոչ ոք չի օգտվում։ Միգրացիայի ծառայության ներկայացուցիչը մանրամասնում է՝ կարգավիճակ ստանալուց հետո էլ պետությունը փախստականների համար աջակցության ծրագիր ունի։

«Ճանաչված փախստականների պարագայում նաև որոշակի ժամկետով՝ մինչև 2-2.5 տարի կեցության հարցերն էլ պետության աջակցությամբ լուծվում են։ Ինտեգրման կենտրոն ունենք, որտեղ տեղավորվում են փախստականները և միայն կոմունալ վարձերն են վճարում։ Նաև մինչև 9 ամիս ամսական 60000 դրամի չափով բնակվարձի փոխհատուցում ենք առաջարկում»,– մանրամասնում է Միգրացիայի ծառայության ներկայացուցիչը։

ՄԱԿ–ի տվյալներով՝ պատերազմից մեկ ամիս անց Ուկրաինան լքել է ավելի քան 3.6 միլիոն մարդ։ Փախստականների մեծ մասը՝ շուրջ 2 միլիոն,  մեկնել է Լեհաստան։ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով հայերն էլ մեծամասամբ Լեհաստան են մեկնում։ Այդ երկրում  ՀՀ դեսպանությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքած հայերին տրամադրվել են հյուպատոսական խորհրդատվություն և աջակցություն՝ տեխնիկական հարցերով։ Հայտարարություն էր արել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը, շեշտելով որ չնայած պատերազմական իրավիճակին, շարունակում են բնականոն գործունեությունը․ մեջբերում․

«Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Առաջին օրերին դեսպանության դիվանագետները 24-ժամյա ռեժիմով օրական ստացել են 1000-ից ավելի զանգ»։

Ուկրաինահայերի զանգերը չեն դադարում նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։ Հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ իրենց հիմնականում դիմում են դեռ Ուկրաինայում գտնվող հայերը։

«Հիմնականում հարցնում են, թե ինչպես կարող են դուրս գալ Ուկրաինայի տարածքից, արդյոք համայնքներում աջակցություն կգտնե՞ն, թե՞ ոչ։ Մենք այս պահին էլ մի քանի ընտանիքների ճանապարհի ընթացքն ենք համակարգում, այնուհետև կկազմակերպենք նաև նրանց դիմավորելը։ Նրանք դուրս են եկել Դոնեցկից, Զապորոժիեից։ Այսպիսի ընտանիքները շատ են և դեռ շատ կլինեն մինչև կոնֆլիկտի ավարտը»,– ասում է Հովհաննես Ալեքսանյանը։

Պատրաստվո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵՄ երկրներում ապաստանած հայրենակիցներին տարհանելու համար հատուկ  չվերթ կազմակերպել կամ օդանավ հատկացնել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ  հարցը դեռ քննարկվում է․ կոնկրետ ծրագրեր առայժմ չկան, քանի որ չկան նաև թվային հստակ տվյալներ, թե որ երկրում քանի հայ կա և  քանիսն են ցանկանում  վերադառնալ Հայաստան։

Back to top button