ԿարևորՄիջազգային

Տարհանել չեն կարող, օգնել՝ ևս․ ուկրաինական շրջափակված քաղաքներում դեռ շատ հայեր կան

Ռուս-ուկրաինական բախման օր 26-րդ․ «Ռադիոլուրը» փորձում է կապ հաստատել Դոնեցկի ու Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու՝ ինչ իրավիճակ է այն շրջաններում, որտեղից 26 օր առաջ սկսվեց պատերազմը։ Կյանքն, իհարկե, առաջվանը չէ, բայց իրավիճակն արդեն հանգիստ է՝ «Ռադիոլուրին» պատմում է Լուգանսկի հայ համայնքի նախագահ Վարդան Հայրապետյանը։

«Հիմա վիճակն արդեն լավ է․ ազատագրված շրջաններ հումանիտար օգնություններ են գնում, ճանապարհներն արդեն բաց են։ Փառք Աստծո, հայերի շրջանում տուժածներ, վիրավորներ մենք չունենք։ Ովքեր պատերազմի սկզբից դուրս են եկել, մինչև հիմա էլ դրսում են, քիչ մարդիկ են վերադարձել։ Հիմա արդեն խանութներում ամեն ինչ կա, և մարդկանց պանիկան էլ չկա»,– պատմում է Վարդան Հայրապետյանը։

Ավելի լարված է Դոնեցկի շրջանում՝ ասում է Վարդան Հայրապետյանը․ այնտեղ դեռ ռազմական գործողություններ են։ Ռուսական աղբյուրներն օրվա սկզբին հայտարարել էին, որ Դոնեցկում ռազմական գործողությունների հետեւանքով բնակիչները առանց հոսանքի են մնացել։

Եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակն, ըստ հայ համայնքի ներկայացուցչի, համեմատաբար կայուն է, հումանիտար խնդիրները՝ փոքրիշատե լուծված, ապա մայրաքաղաքում և հարավային քաղաքներում օր օրի սրվում են դրանք։

«Վերջին 4-5 օրը շատ ակտիվ ռմբակոծվում է Կիևը, Կիևի մերձակայքում մարտերը չեն դադարում։  Շատ ծանր իրավիճակ է Խարկովում, և շատ ավելի վատ վիճակ է Մարիուպոլում։  Մարիուպոլում մարդիկ վերջին 10 օրը չունեն ոչ հոսանք, ոչ ջուր, ոչ նորմալ սնունդ։ Խանութները չեն աշխատում, ինչ օգնություն էլ  մտնում է քաղաք, բնականաբար, ողջ քաղաքին չի բավարարում։ Ծանր իրավիճակ է հիվանդանոցներում։ Քաղաքի փողոցներում դիակներ կան»,– պատմում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն BBC-ին փոխանցել էր, որ շրջափակված քաղաքում հնարավոր չէ անգան վիրավորներին օգնել, իսկ թեժ մարտերի պատճառով չափազանց վտանգավոր է մարդկանց փրկել ու մաքրել ավերակները։ Դեռ մարտի 20-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարել էր՝ ծրագրում է տասնյակ ավտոբուսներ ուղարկել Մարիուպոլ՝ տարհանելու փախստականներին: Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ մոտ 350 հազար մարդ պաշարված է Մարիուպոլում։

«Զապոռոժյեում մեր տղաները սպասում են, որ զինվորականների հետ մտնեն քաղաք, փորձեն հումանիտար օգնություն փոխանցել ու հայ ընտանիքներին տարհանել։ Վերջին 5 օրում մարդիկ առանց այդ հումանիտար միջանցքների հնարավորություններ են գտնում և դուրս գալիս քաղաքից։ Պետական մակարդակում հայտարարվում է, որ շուրջ 70 հազար  մարդ է դուրս եկել քաղաքից, նրանցից շատերի հետ կապի մեջ ենք»,– ասում է Դավիթ Մկրտչյանը։

Ռուսական աղբյուրները ևս խոսում են Մարիուպոլից խաղաղ բնակչության տարհանման մասին՝ փոխանցելով՝ վերջին ժամերին շուրջ 500 խաղաղ բնակիչ է տեղափոխվել Ռուսաստան։  

Շրջափակված Մարիուպոլում և Խարկովում դեռ բավականին մեծ թվով հայ ընտանիքներ կան՝ ասում է հայ համայնքի փոխնախագահը։ Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը պատմում է՝ եթե 1-2 օր առաջ Խարկովի բնակելի թաղամասերում համամետաբար հանգիստ էր, ապա կիրակի գիշերը պայթյուններն ու ավիահարվածները հաճախացել են։

«Խարկովի մարզում կան շրջաններ, քաղաքներ, որոնք շրջափակման մեջ են, և մարդիկ ճանապարհներ են ման գալիս՝ ինչպես կարող են դուրս գալ։ Խարկովում, օրինակ, խանութները աշխատում են, սակայն մարդիկ առավոտից հերթեր են կանգնում, որ կարողանան ինչ-որ բան գնել»,– մանրամասնում է Համլետ Հովհաննիսյանը։

«Ուկրաինայի դեմ կատաղի ագրեսիան, ցավոք, չի դանդաղում»,- կիրակի Սուրբ Պետրոսի հրապարակում ամենշաբաթյա ելույթի ընթացքում ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Միջազգային հանրության բոլոր դերակատարներին Պապը կոչ է արել իսկապես պարտավորվել դադարեցնել պատերազմը։

«Հրթիռներն ու ռումբերը հարվածում են խաղաղ բնակիչներին, ծերերին, երեխաներին և հղիներին»,- ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։

Ռազմական գործողությունների հետևանքով արդեն շուրջ 10 միլիոն ուկրաինացի լքել է իր տունը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ ուկրաինացի փախստականների թիվը 3.5 միլիոն է, ևս 6,5 միլիոն մարդ տեղափոխվել է երկրի ներսում ավելի ապահով տարածքներ։ Միայն Լեհաստանում ապաստանած ուկրաինացիների թիվը հատել է 2 միլիոնը, ինչը մայրաքաղաք Վարշավայի բնակչությունից ավելին է՝ հայտարարել է Լեհաստանի պետական սահմանային ծառայությունը։

Back to top button