ԿարևորՄիջազգային

Փախստականների թիվն աճում է, նրանց օգնելու հնարավորությունները՝ նվազում․ ԵՄ հայ համայնքներից ահազանգում են

Ուկրաինայից հեռացած փախստականների թիվը հատել է 3 միլիոնի սահմանագիծը,  նրանց կեսը երեխաներ են։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ ամեն րոպե Ուկրաինան 55 երեխա է լքում։ Փախստականների ամենամեծ հոսքը դեպի Լեհաստան է։ Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ասում են՝ լեհ–ուկրաինական սահմանը հատողների մեջ շատ են նաև հայերն ու ՀՀ քաղաքացիները։ Եվրոպական տարբեր երկրների հայ համայնքներում մտահոգված են՝ փախստականների թվի աճի հետ օրեցօր ավելի սահմանափակ են դառնում նրանց  օգնելու հնարավորությունները։                        

Կիևում ապրող Էդուարդ Ղազարյանն իր ընտանիքի ու 2 անչափահաս երեխաների հետ ռուս–ուկրաինական պատերազմի միայն 14-րդ օրն է կարողացել Կիևից դուրս գալ․  քաղաքը լքել են սեփական ավտոմեքենայով։ Մի քանի օր է Ուկրաինային սահմանակից Սլովակիայում են։ Պատմում է՝ 4 օր ճանապարհ են եկել, մի քանի ժամ էլ սահմանին են սպասել։

«Ամենամեծ դժվարությունը Կիևից դուրս գալն էր, ոչ ոք ռիսկ չէր անում գնալ, չգիտեր ճանապարհին ինչ կպատահի։ Մենք ավելի շուտ դուրս կգայիք, եթե հնարավորություն լիներ։ Անընդհատ կամ պայթյուններ էին, կամ օդային տագնապ, մենք էլ անընդհատ ապաստարաններում էինք։ Մինչև Ուկրաինայի սահման մեքենայով ենք եկել, հետո արդեն սահմանը ոտքով ենք անցել»։

Որոշել են Սլովակիա գնալ, քանի որ գիտեին, որ դեպի Լեհաստանի սահման մի քանի կիլոմետր հերթեր են։

Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ մարտի 15-ի դրությամբ Ուկրաինայից Սլովակիայի սահմանը հատել է ՀՀ 218 քաղաքացի, նրանցից 5-ը դիմել է Սլովակիայում ապաստան և փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Հակոբյանը շեշտում է՝ շուտով Սլովակիան ևս խնդիրների առաջ կկանգնի․ հոսքը չի դադարում։

«Կարելի է ասել, որ արդեն բավական ծանրաբեռնված են այն տարածքները, այն հնարավորությունները, որ ուներ Սլովակիան մարդկանց կեցությունն ապահովելու համար, որոշ վայրերում  ընդհանրապես մնալու տեղեր չկան․ մարդիկ հատակին են քնում։ Շատ–շատ են եկողները»,– պատմում է Բագրատ Հակոբյանը։

Բագրատ Հակոբյանն ասում է՝ հաճախ ստիպված են լինում նաև սեփական միջոցներով օգնել հայ փախստականներին կացարաններ կամ աշխատանք գտնելու հարցում։ Շեշտում է՝ սահմանը հատածները հիմնականում փաստաթղթային և ֆինանսական խնդիրներ ունեն։

«Օրինակ՝ այսօր զանգ ստացա Կիևում ապրողներից, իմացա, որ ճանապարհին են, գալիս են։ Ասացին, որ ՀՀ քաղաքացի են, բայց անձնագրի ժամկետն անցած է։ Հարցնում էին՝ կարո՞ղ են գալ, թե՞ ոչ․ ասացի, որ իհարկե կարող են գալ այստեղ էլ կերկարացնենք անձնագրի ժամկետը կամ նորը կտանք»։

Հայաստանի պատվավոր հյուպատոսը ցավով է նշում, որ հայրենիք՝ Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը մեծ չէ։ Խանգարող հանգամանք է նաև այն, որ Սլովակիայից դեպի Երևան ուղիղ չվերթեր չկան, սակայն, Հակոբյանի կարծիքով, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։

Ուկրաինայի փախստականների թիվը հասել է 3 միլիոնի։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝  այս թիվը դեռ կաճի։ Կիրակի օրը Լվովի մերձակայքում գտնվող Յավորիվ ռազմակայանի հարվածներից հետո Արեւմտյան Ուկրաինայի բնակիչները զգացին, որ իրենք ևս ապահով չեն, և այժմ փախստականների հոսքը ներառում է նաև Արևմտյան Ուկրաինան։ ՄԱԿ–ի տվյալներով՝ Ուկրաինայից հեռացած մարդկանցից շուրջ 60 000-ը երրորդ երկրների քաղաքացիներ են։

Թե Ուկրաինան քանի ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացի է հեռացել, դեռ հայտնի չէ․ պաշտոնական վիճակագրություն չկա, բոլորը խոսում են մոտավոր թվերի մասին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ հայերը մեծամասամբ Ուկրաինայից Լեհաստան են մեկնում։ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ասում է՝ իր տեղեկություններով Լեհաստան  տեղափոխված հայերի թիվը մի քանի հազար է։

«Ճիշտն ասած՝ Լեհաստանը երևի ամենամեծ օգնությունն է տալիս ուկրաինացի փախստականներին։ Այստեղ նրանք հնարավորություն ունեն 15 օրվա ընթացքում օրինականացնել իրենց Լեհաստանում գտնվելը, աշխատանք գտնել և մնալ այստեղ։ Նշանակություն չուներ՝ ով ինչ ազգի է․  չեք պատկերացնի ինչ մեծ սիրով ու ջերմությամբ են լեհերը բոլորին օգնում»,– ասում է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչն ասում է՝ փախստականների հոսքը չի դադարում և արդեն այնքան մեծ է, որ սպառվել են նաև համայնքի և անհատների հնարավորությունները․ եթե պատերազմի առաջին օրերին կարողանում էին փախստականներին կացարաններով ապահովել, ապա հիմա օգնությունը հիմնականում  խորհրդատվական է։

«Արդեն կացարանների հարցում մենք էլ չենք կարողանում օգնել։ Լինում է, որ հայերը ստիպված մի քանի օր հումանիտար կացարաններում են մնում, բայց պարզ է՝ այնտեղ էլ այդքան հարմար չի, պայմանները այնքան էլ լավը չեն»,– պատմում է Արտյոմ Պետրոսյանը։

Մարտի 13-ից Վարշավա–Երևան ուղիղ չվերթեր են գործում։ Սակայն համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանը նշում է, որ  հայերը հիմնականում ոչ թե հայրենիք, այլ արևմտյան Եվրոպա են գնում»։

«Հիմա շատերը ֆինանսապես հնարավորություն չունեն ավիատոմսեր գնելու։ Շատերն էլ ասում են՝ դե որ հնարավորություն չկա Հայաստան գնալու, ստիպված այլ երկրներ պետք է գնանք»։

Պատրաստվո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵՄ երկրներում ապաստանած հայրենակիցներին տարհանելու համար հատուկ  չվերթ կազմակերպել կամ օդանավ հատկացնել։ Նախօրեին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել էր, որ  հարցը դեռ քննարկվում է․ կոնկրետ ծրագրեր առայժմ չկան, քանի որ չկան նաև թվային հստակ տվյալներ, թե որ երկրում քանի հայ կա և  քանիսն են ցանկանում  վերադառնալ Հայաստան։

Back to top button