
Իսրայելն Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի ժամանակ Ադրբեջանում գաղտնի էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել՝ Իրանի դեմ գործողություններին նպաստելու նպատակով։ CNN-ին վկայակոչելով՝ հայտնում է «Արմենպրես»-ը։
Հեռուստատեսության չորս աղբյուրներից երկուսի խոսքով՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի վայրերից, այդ թվում՝ Իրանի հյուսիսային սահմանին հարակից հատվածում՝ Իրանի Թավրիզ քաղաքից ընդամենը 95 կմ հեռավորության վրա։ CNN-ը նշել է, որ Իսրայելը Թավրիզին հարվածել էր պատերազմի ժամանակ։
Մյուս երկու աղբյուրների խոսքով՝ տվյալ վայրում տեղակայվել են նաև հատուկ դիվերսիոն ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի միջոցով գործողություններ, ինչն Իսրայելին նշանակալի հնարավորություն է տվել պատերազմի ընթացքում տեսնելու Իրանի հյուսիսը։
CNN-ը հաղորդում է, որ Ադրբեջանում տեղակայված զորքերն սկզբնապես նախատեսված էին որպես փրկարարական ջոկատ արտակարգ դեպքերի համար, սակայն առաքելությունն ընդլայնվել է՝ դառնալով ռազմական և հետախուզական։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերի տեղակայումները թույլ են տվել Իսրայելին ընդլայնել իր հարձակման հասանելիությունն ու շրջանակն Իրանի դեմ պատերազմում։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ ադրբեջանական գործողությունը բաղկացած է եղել մի քանի տասնյակ զինվորներից, այդ թվում՝ Իսրայելի հատուկ նշանակության ուժերի, նրա էլիտար ուղղաթիռային մարտական և փրկարարական ուժերի անդամներից, ինչպես նաև «Մոսադ» հետախուզական ծառայության անձնակազմից։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելը վաղուց Ադրբեջանին համարում է Իրանի դեմ պայքարում իր ռազմավարական գործընկեր, և նախապատրաստական աշխատանքները սկսվել էին Իրանի դեմ առաջին հարվածներից մի քանի շաբաթ առաջ։
Ըստ CNN-ի՝ հունվարի կեսերին, երբ Իրանը ճնշում էր լայնածավալ բողոքի ցույցերը, Իսրայելը պատրաստում էր գաղտնի առաքելություն Ադրբեջան-Իրան սահմանի երկայնքով։ Լրատվամիջոցը նշում է, որ Իսրայելին ու Ադրբեջանին միավորում են սերտ առևտրային կապերն ու ռազմական շահերը։




