ԿարևորՄիջազգային

Ուկրաինայում շրջափակված քաղաքներում դեռ հայեր կան․ նրանց տարհանել հնարավոր չէ

Ուկրաինայի հայկական համայնք վերջին օրերին նաև Հայաստանից են զանգում։ Հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ին պատմում է՝ պատերազմի հետևանքով շատերն են հարազատների հետ կապը կորցրել, փնտրում են, փորձում գտնել․

«Բազմաթիվ զանգեր կան Հայաստանից։ Հիմնականում Մարիուպոլի և Դոմբասի շրջանի հայերի համար են զանգում։ Ում կարողացել ենք, գտել ենք, կապ ենք հաստատել բարեկամների հետ։ Կան Խարկովից հայեր, որոնց հետ ևս կապը կորել է։ Փորձում ենք գտնել նրանց, դեռ չի ստացվում»,– մանրամասնում է Դավիթ Մկրտչյանը։

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը «Ռադիոլուր»–ին ասել էր, որ Դոնեցկի մարզ տեղափոխվածների մեջ կարողացել են գտնել հայ կնոջը՝ 2 երեխաների հետ, հարազատները 3 շաբաթ նրանց էին փնտրում, կապ չկար։ Հիմա ընտանիքը Դոնեցկում է, մի քանի օր կկազդուրվեն, հետո կտեղափոխվեն։

«Մարիուպոլից էին։ Անցել էին այս կողմ, ողջ-առողջ են։ 2 օր կմնան, հետո արդեն կուղեկցենք դեպի Ռուսաստան։ Այնտեղից էլ, հավանաբար, կգնան Հայաստան։ Երեխաները, որ նկուղներից դուրս էին եկել, կեղտոտ, մրոտ էին»,– ասում է հայ համայնքի ներկայացուցիչը։

Մարիուպոլում վիճակն անփոփոխ է։ Քաղաքը շրջափակված է, շարունակվում են  փողոցային մարտերը։ Քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտնել էր, որ պաշարված Մարիուպոլում շուրջ 170 հազար խաղաղ բնակիչ կա դեռ։ 300 հազարին հաջողվել է լքել քաղաքը մինչև շրջափակումը կամ դրանից հետո հայտարարված հումանիտար միջանցքներով։ Միայն վերջին 10 օրում Մարիուպոլից 90 հազար մարդ է դուրս եկել, նրանց մեջ քիչ չեն նաև հայ ընտանիքները՝ պատմում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը․

«Մարիուպոլում վիճակը նույնն է, չկա ջուր, ջեռուցում։ Մարդիկ ու տարբեր կառույցներ փորձում են հումանիտար օգնություն տեղափոխել։ Որոշ դեպքերում դա ստացվում է, որոշ դեպքերում՝ ոչ, քանի որ ճանապարհները ապահով չեն, ռմբակոծվում են։ Մարդկանց հոսք ամեն դեպքում կա այնտեղից։ Տարբեր տվյալներով՝ 85-90000 մարդ է դուրս եկել Մարիուպոլից, այդ թվում՝ նաև հայեր, ինչը մեզ ոգևորում ու ուրախացնում է»։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի փոխանցմամբ՝ մարտի 30-ին երեք հումանիտար միջանցք է համաձայնեցվել։ Դրանցից մեկով հնարավոր կլինի Մարիուպոլից բնակինչների տարհանել և մարդասիրական օգնություն հասցնել Բերդյանսկ։ Մյուս երկուսը նախատեսվել են Մելիտոպոլից և Զապորոժեից բնակիչներին տարհանելու և այնտեղ հումանիտար բեռնել հասցնելու համար։ Հայ համայնքի փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ դեռ տեղեկություն չունեն՝ հայտարարված կանաչ միջանցքները գործե՞լ են, թե՞ ոչ։

Ավելի վաղ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսել էր Ուկրաինայում մարդասիրական զինադադարի անհրաժեշտության մասին․ «Դա կփրկի կյանքեր, կկանխի տառապանքները և կպաշտպանի Ուկրաինայի խաղաղ բնակչությանը»,- նշել էր Գուտերեշը։ Մարիուպոլի շրջափակման մասին խոսել էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Մարիուպոլը համեմատելով Հալեպի հետ։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ շրջափակված բնակավայրերում դեռ հայեր կան։ Նրանք ցանկանում են դուրս գալ, բայց տարհանում կազմակերպել դեռ հնարավոր չէ։

«Մենք ամեն ինչ անում ենք, որ կարողանանք օգտակար լինել նրանց։ Օգնում ենք դուրս գալ։ Մյուսներին խորհուրդներով ենք օգնում, թե հնարավորության դեպքում ինչպես դուրս գան։ Իսկ եթե կա հնարավորություն, ինքներս ենք տարհանում»,– պատմում է Դավիթ Մկրտչյանը։

Հայ համայնքը նաև հումանիտար օգնություն է տրամադրել կարիքավորներին։ Պատերազմի առաջին օրվանից շուրջ 20 բեռնատար օգնություն են փոխանցվել։

Back to top button