Վերնատուն

Չարենցի անձնական գրադարանն ու միշտ արդիական ուղերձները․ «Վերնատուն»

Բոլոր ժամանակների ամենաարդիական պոետի՝ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանին Չարենցի տուն–թանգարանը նախապատրաստվում է նախորդ տարվա սկզբից։ Թարգմանություններ, նոր հրատարակություններ, ցուցահանդեսներ, միջոցառումներ և այլն։

Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13 –ին, տեղի ունեցավ «Եղիշե Չարենցի անձնական գրադարան․ մատենագիտություն» գրքի շնորհանդեսը, բացվեց Չարենցի անձնական գրադարանի 125 գրքերից կազմված ցուցահանդեսը, որտեղ ներառված է գրողի գնած առաջին՝ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» գիրքը։

«Չարենցի անձնական գրադարանի մատենագիտությունը մեծ ներդրում է գրականագիտության ու չարենցագիտության համար»,– ասում է Ե․ Չարենցի տուն– թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։

«Անձնական գրադարանի մասին խոսելիս, երբևէ չի հանրայնացվել, թե ինչ գրքեր կան այնտեղ, ինչ է կարդացել Չարենցը, իսկ դա խոսում է բանաստեղծի մտաշխարհի և ստեղծագործական հետաքրքրությունների մասին», – նշում է տնօրենը։

Մատենագիտությունը կազմվել և հանրությանն է ներկայացվել երեք տարվա աշխատանքի արդյունքում։ Շուրջ 1452 կտոր գիրք՝ հայերեն և օտարալեզու գրականություն։ Կազմման և խմբագրման աշխատանքներին մասնակցել է թանգարանի գլխավոր ֆոնդապահ, չարենցագետ Անուշ Թասալյանը։

Ասում է՝ Չարենցի անձնական գրադարանի բոլոր գրքերի վրա բաց գույնի մատիտով արված իր ինքնագրերն են։ «Չարենցի անձնական գրադարանը բոլորովին այլ աշխարհ է բացում մեզ համար, Չարենցին ճանաչում ենք, որպես լավ ընթերցող։ Այնտեղ պատահական ոչ մի գիրք չկա։ Նիցշե, Բոդլեր, Մարքսի «Կապիտալը», Պուշկինի և Մայակովսկու գրքերը, ֆուտբոլի, մալարիա հիվանդությանը վերաբերող գրքեր և այլն․ նա ամեն ինչ էր կարդում և ուսումնասիրում»։ «Մենք բաց ենք «նորի» հանդեպ, ինչպես որ Չարենցը։ Ազատության, ըմբոստության ու համարձակության ուղերձները մենք ստանում ենք Չարենցից», – ասում է Ժաննա Մանուկյանը։

Back to top button