ԿարևորՔաղաքական

Ալիևը սպառնացել է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կխոչընդոտի ղարաբաղյան խնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։

Երկրի ղեկավարը նշել է, որ պատկերացում ունի, թե ինչ պետք է անի խումբը, ինչը՝ ոչ։

«Ինչ չպետք է անեն, ես կարող եմ ասել: Նրանք չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք լուծեցինք այս խնդիրը նրանց փոխարեն: Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, սրանով է պայմանավորված»,- ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ալիևը՝ հայտնում է Ինտերֆաքսը:

Ալիևը հավելել է, որ, իր տեղեկություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ նախկինի պես միասնականություն չկա։ «Իմ դատողություններն են դա ապացուցում, այս երկրների հարաբերությունները վերջին շրջանում հատկապես սրվել են, և նրանք տարբեր կարծիքներ ունեն անցյալի հակամարտության և ներկա իրավիճակի վերաբերյալ, չեմ կարծում, որ նրանք կարող են համաձայնության գալ»։

Մինսկի խմբի համանախագահ երկրները, սակայն, բազմիցս հայտարարել են, որ իրենք միասնական են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության հարցում։

Դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կողմերին կոչ են արել ընդունել համանախագահներին տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ՝ թույլ տալու նրանց առաջին ձեռքից գնահատել իրավիճակը տեղում և համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ:

Նրանք նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և կողմերին խրախուսում են լիարժեք համագործակցել նրա հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար՝ իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան:

Back to top button