Ժամանակի վկան

Հայկազյան համալսարանը ընդլայնում է համագործակցությունը ՀՊՄՀ-ի հետ. «Ժամանակի վկան»

Բեյրութի Հայկազյան համալսարանն ընդլայնում է գիտահետազոտական համագործակցությունը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Այդ նպատակով 2021 թ․ նոյեմբերի վերջին Երևան էին ժամանել Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր, Վեր․ Փոլ Հայտոսթեանը և Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Տագէսեանը։

Անդրանիկ Տագէսեան

Հայագիտական համատեղ ուսումնասիրություններ կատարելու, երկու գիտակրթական հաստատությունների միջև ակադեմիական և գիտական համագործակցություն ձևավորելու նպատակով նոյեմբերի 26-ին Հուշագիր կնքվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Ըստ Հուշագրի բուհերը հետայսու իրականացնելու են գիտնականների, դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր, գիտական հրատարակությունների փոխանցում, գիտական ամբիոնների փոխգործակցություն:

Համագործակցության շրջանակում նախատեսվում են համատեղ գիտական հետազոտություններ, գիտաժողովներ, սեմինարներ, հանրային դասախոսություններ, դաշտային ուսումնասիրություններ, տարատեսակ գիտակրթական միջոցառումներ։ Ավելի հանգամանալից ներկայացնում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Խաչատուր Ստեփանյան

Հայկազյան հայագիտական հանդեսը կամրջող իրականություն է մայր հայրենիքի և սփյուռքյան գիտական հաստատությունների միջև։ Հուշագրի կնքումով այդ կամուրջն առավել կամրանա։
Նույն օրը տեղի ունեցավ ևս մեկ կարևոր իրադարձություն՝ Հայկազյան հայագիտական հանդեսի 41-րդ հատորի շնորհանդեսը: Հանդեսի գլխավոր խմբագիր Անդրանիկ Տագէսեանն այս հաղորդման հյուրն է։

Հայկազյան համալսարանի գիտական հրատարակությունները հայագիտական, նաև աղբյուրագիտական ահռելի նշանակություն ունեցող ժողովածուներ են։ Հայագիտությունը միայն դասական բանասիրությունը չէ կարգախոսով առաջնորդվելով Հայկազյան հայագիտական հանդեսի աշխատակազմը շարունակելու է գիտահետազոտական գործունեությունը հայագիտական ուսումնասիրության նյութեր դիտարկելով այն ամենը, ինչը վերաբերում է հային և հայկականին:

Խաչատուր Ստեփանյանը լիահույս է, որ երկու բուհերի միջև կնքված Հուշագիրը հայագիտական նոր ուսումնասիրությունների խթան կդառնա գալիք տարում։

Անդրանիկ Տագէսեանը համոզված է , որ այս փուլում պետք է վերատեսության ենթարկել համընդհանուր, համազգային առաքելությունը։

Back to top button