ԿարևորՔաղաքական

Խավիարի «քաղաքական» արժեքը

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունդ, Հայաստանի հարցով համազեկուզող Ալեքս Ֆիշեր, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտե ․․․  Այս անունները Հայաստանում հայտնի են. «խավիարակերների» եվրոպական սկանդալը ջրի երես հանեց Ադրբեջանի օգտին աշխատած եվրոպացի խորհրդարանականներին ու պաշտոնյաներին։  

Եվրոպական կառույցներն այսօր խոսում են հակամարտության կողմերին աջակցելու, տարածաշրջանում  կայունությանը  նպաստելու մասին։ Բաքվում պահվող հայ գերիներից 10-ը վերջերս Հայաստան վերադարձան ԵՄ աջակցության շնորհիվ։ Խավիարային սկանդալից մինչեւ ԵՄ–ի աջակցություն:

2021 թվականի սեպտեմբերի 22-ին եւ 23-ին շվեյցարական ու բելգիական հեռուստաընկերությունները  ցուցադրեցին լրագրողական հետաքննությունների հիման վրա պատրաստված «Խավիարային դիվանագիտություն․ ինչպես գնել ժողովրդավարությունը» փաստագրական ֆիլմը, որը պատմում  է եվրոպական կառույցներում Բաքվի կիրառած խավիարային դիվանագիտության մասին։

Բաքուն նավթից ստացված փողերով ու խավիարով տարիներ շարունակ միջազգային կառույցներում փորձել է լռեցնել  հակաադրբեջանական դիրքորոշումները, կասեցրել  անհաճո ձեւակերպումներն  ու բանաձեւերը, կամ,  ինչպես եվրոպացի լրագրողներն են պնդում, ժողովրդավարություն ու հեղինակություն  գնել։  

Փաստագրական ֆիլմի ցուցադրումից հետո Բաքուն, անտեսելով ներկայացված փաստերն ու ապացույցները, Արեւմուտքին մեղադրեց  հակաքարոզչության մեջ։

Խավիարային դիվանագիտության առաջին  կարևոր դրվագը դեռ 2017-ին էր գրանցվել, երբ ԵԽԽՎ–ում տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը  ներկայացնող  զեկույցը։ Դրանից  քիչ անց  պաշտոնաթող եղավ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունդը, որը հայտնի էր իր անթաքույց ադրբեջանամետ դիրքորոշմամբ։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիարակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ռադիոլուր»–ին մանրամասներ է հիշեցնում, թե ինչպես էին, այսպես ասենք, աշխատում ադրբեջանցի պատվիրակները։

«Այս ամբողջ պատմությունը բացահայտվեց, երբ ԵԺԿ ամենամեծ խմբի ղեկավար Լուկա Վոլոնտեի ջանքերով տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ներկայացվող  նախագիծը։ Բաքուն մոտ 3 մլդ եվրոյի չափով, հսկայական գումար է ներդրել այս հարցում։ Ինչ-որ մի պահի արդեն այնքան ցինիզմով էին նրանք դա անում, եվրոպացի պատգամավորները մտնում էին ադրբեջանական պատվիարակների սենյակներ ու տոպրակներով դուրս գալիս, դրանք խավիարի տոպրակներ էին, նաեւ քարտեր էին, որոնց վրա գումար կար»։  

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդ, Հայաստանի հարցով համազեկուզող Ալեքս Ֆիշեր, իտալացի Լուկա Վոլոնտե, բուլղարացի Կալին Միտրեւ, որը նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի յան ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինն է։ Նույն Բոկովային և եվրոպացի  մի քանի այլ  քաղաքական գործիչների 2017 թվականի սեպտեմբերին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը մեղադրեց Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ։ 2013 թվականին Իրինա Բոկովան անցկացրել էր «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» լուսանկարների ցուցահանդեսը։ Երեք օր անց 20 հազար եվրո էր փոխանցվել ամուսնու՝ Կալին Միտրևի հաշվին ։ Ընդհանուր առմամբ՝ հետաքննության տվյալներով Միտրևը ստացել է 425 հազար եվրո։

Հայտնի խավիարասերների ցանկում քիչ չեն նաև գերմանացի պատվիարակները։ Բունդեսթագի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախկին ղեկավար՝ Էդուարդ Լինթեր,  Մարկ Հաուփթման, որն ի դեպ խավիարային դիվանագիտության սկանդալի պատճառով հրաժարական տվեց։ Բաքուն կաշառել  է նաեւ ռուս պատգամավորներին։ Նաիրա Զոհրաբյանը հիշում է, որ ադրբեջանցիները հանդգնել են կաշառել անգամ հայերին, երբ հայկական պատվիրականությունը 2013 թվականին մեկնել էր Ադրբեջան։ 

«2013 թվականին « Արեւելյան գործընկերության» ծրագրի Եվրանեսթի շրջանակում հայկական պատվիարակությունը մեկնել էր Ադրբեջան, եւ ես դրա կազմում էի։ Ցինիզմը հասել էր այն աստիճանի, որ Ալիեւի կողմից նվերներ էին դրվել անգամ հայերի սենյակներում։ Ես միայն մի գիրք վերցրեցի, որ կոչվում էր «Շուշա»՝ ուսումնասիրելու համար ու տեսա, որ հայկական պատմամշակությին արժեքներն այնտեղ ներկայացված էին որպես ադրբեջանական։  Ինձ համար անհասկանալի է  այսօրվա ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումը՝ բոյկոտել ու չմասնակցել միջազգային կառույցներում աշխատանքին։ Այդ հարթակները պետք է օգտագործել Ալիեւի հանցագործությունները, այդ երկրում վանդալիզմի դրսեւորումները ներկայացնելու համար»։

Այսօր էլ հնարավոր է կանխել ադրբեջանական գործելաոճը, սակայն պետք է փոխել մոտեցումները՝ ասում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիարակության  անդամը։  Ունենք մեծ Սփյուռք եւ պետք է օգտագործենք նրա ռեսուրսը, եւ ոչ թե նրանց հիշենք երբ գումար պետք լինի։

«Երբ իսպանացի պատգամավոր Վոլտերը, այդ տականքը բերեց հակահայկակն, մի խայտառակ նախագիծ, մեզանից 10 օր պահանջվեց, որպեսզի մոբիլիզացնենք մեր ռեսուրսները ու անգամ Կուստուրիցային ներգրավելով գործում, քանի որ Միատովիչը, որը պատրաստել էր այդ նախագիօծը Կուստուրացայի հայրենակիցն էր,  կարողացանք կանխել այդ նախագծի քննարկումը։ Այսինքն երբ ցանկանում ենք, կարողանում ենք ճիշտ աշխատել։ Բայց ես չեմ ուզում ֆորս մաժոր լինի, որ մենք աշխատենք»։ 

Այժմ էլ Բաքուն կաշառում է հայտնի գիտնականներին, որպեսզի նրանք խեղաթյուրեն պատմությունը, օկուպացված տարածքների հուշարձանները ներկայացնեն որպես ալբանական։ Այս մասին  նախկին պատգամավորին պատմել են ֆրանսիացի իր գործընկերները։

Խավիարային դիվանագիտության բացահայտումները սովորաբար հիմք են դառնում, որ տվյալ պաշտոնյան հրաժեշտ տա պաշտոնին՝ ասում է  «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանը։ Նրա կարծիքով, սակայն,  պատասխանատվությունն այդքանով չպետք է սահմանափակվի։

«Նման դեպքեր լինում են ու շատ են լինում, իսկ  միջազգային դիվանագիտությունը պատասխանատվության հստակ մեխանիզմներ չունի նման դեպքերի համար։ Սովորաբար նման կասկածների դեպքում տվյալ անձը հեռացվում է տվյալ պետության հարցերով զբաղվելու պատասխանատվությունից ու քննարկումներից»։

Խավիարային դիվանագիտության սկանդալից մինչեւ աջակցություն Հայաստանին՝ գերիների վերադարձի հարցով․ ԵՄ տարածաշրջանի հարցերով հակամարտության գծով հատուկ ներկայացուցչի ջանքերով ադրբեջանական պատանդառությունից հայ գերիներ վերադարձվեցին, ինչը զրուցակցիս կարծիքով.

«Ողջունելի նախաձեռնություն է։ Մեկ տարուց ավելի քաղհասարակության ներկայացուցիչներ հետեւողականորեն բարձրացրել են ռազմագերիների եւ Ադրբեջանի կողմից պահվող այլ անձանց վերադարձնելու գործում  ԵՄ դերակատարման անհրաժեշտության հարցը,  սակայն ԵՄ–ն դա կապում էր հակամարտության հետ եւ ասում, որ ԵՄ-ն հակամարտության լուծման մեխանիզմ չէ, այլ աջակցում է ԵԱՀԿ ջանքերին։ Մինչդեռ մենք տեսանք, որ նրանք գործուն ջանքեր գործադրեցին եւ կարողացան առաջընթաց ապահովել այս ոլորտում»։

Զրուցակցիս դիտարկմամբ՝ ԵՄ-ն ապացուցեց, որ կարող է դերակատարում ունենալ այս հարցում։ Ադրբեջանի ու ԵՄ–ի  միջեւ առկա համագործակցության հիմքում, նրա կարծիքով, պետք է դիտարկվի նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի, խոշտանգումների հարցը։ Դրանք պետք է դիտարկվեն կառույցի առջև ստանձնած  պարտավորությունների չկատարման համատեքստում ու ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ:

Back to top button