ԿարևորՀասարակություն

0 տեսախցիկ, 10 ուժ, հազար ու մի խոստում․ Գյումրին պատրաստվում է ընտրության

Գյումրիում գործելու է 82 ընտրատեղամաս։ Երկրի երկրորդ քաղաքի ղեկը ստանձնելուն հավակնում է 10 ուժ։Որ Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրությունները չեն նկարահանվելու ու անցնելու են առանց տեսախցիկների՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ոմանք տեղեկանում են հենց «Ռադիոլուրի» հետ հարցազրույցի ժամանակ։
«Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանն այս որոշումը անհասկանալի, «Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանն անթույլատրելի է համարում:

Ընտրապայքարի ընթացքը հանդարտ ու կոռեկտ է գնահատում «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը:

«Պայմանավորված է նաև թեկնածուների կոռեկտ պահվածքով, մեկը մյուսի հանդեպ ունեցած վերաբերմունքով»:

«Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանի նախընտրական ծրագրի առաջներթությունների առաջին եռյակում անօթևանների խնդրի վերջնական լուծումն է, աշխատատեղերի ստեղծումն ու քաղաքի բարեկարգումը:

«Ճիշտ է՝ ահռելի աշխատանք է կատարվել, շատ լավ գիտեք, «Հանրապետական» կուսակցության տարիներին 5000 բնակարան է կառուցվել Գյումրիի Մուշ թաղամասում և ամբողջությամբ բաժանվել անօթևաններին, բայց մինչ օրս դեռ տնակներում բնակվողներ կան: Կոպիտ ասած՝ կյանքի գնով այդ հարցը կլուծենք, ջանք ու եռանդ չենք խնայի հարցի լուծման համար»:

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում  է  քաղաքային իշխանության ղեկը ստանձնելուն պես մշակել  ու հաստատել Գյումրու նոր գլխավոր հատակագիծը, սահմանել քաղաքի տարածքային զարգացման ուղղությունները, գույքագրել ապօրինի շինություններն ու առանձնահատուկ ուշադրություն դարձնել օտարման ոչ ենթակա տարածքներում իրականացված կառուցապատումներին։ «Քաղաքացիականպայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը բոլոր ծրագրերն իրատեսական է համարում:

«Ոչ իրատեսական խոստումները մեզ համար չէ, մեր թիմի համար չէ, մեր քաղաքական ուժի համար չէ»:

Հովհաննես Հարությունյանն ասում է, որ Գյումրի քաղաքում աղբահանության արդի վերամշակման մեթոդներ ներդնելը քաղաքային իշխանության համար օրակարգ պիտի լինի:

Քաղաքական օրակարգի վեկտորները դեպի հյուսիս ուղղելով՝ Կոմունիստական կուսակցության անունից Գյումրին ղեկավարելուն հավակնող Կոնստանտին Ղավազյանը կարծում է, որ այս ընտրություններն ու ավագանին  մեծ հաշվով «դարդին դարման» չեն անի, գլոբալ մտածել է պետք:

«30 տարվա մեր ապրած կյանքը ցույց տվեց, որ այդ բոլոր խոստումները խաբկանք են: Այսօրվա դրությամբ, երբ մեր շուրջն ենք նայում, տեսնում ենք, որ ոչ մի բան էլ լավի չի գնացել, ժողովուրդը շատ վատ վիճակում է, անպայման կարիք ունի նեցուկի, իսկ դա եղել և մնում է կոմունիստական կոսակցությունը, սոցիալիստական սկզբունքը: Հայաստանում կարող է լինել 2 ուժ՝ կամ ռուսները, կամ թուրքերը: Հիմա ով հակում ունի դեպի թուրքերը, անպայման մտածում է ՝ռուսներին այստեղից դուրս հանել, ով չունի՝ ուզում է ռուսներն այստեղ մնան, որպեսզի մենք մնանք հայ»:

Կոնստանին Ղավազյանը գտնում է, որ սոցիալիստական հավասարություն սահմանելու  խնդիր կա, և գոնե 2 նախարարություն պետք է տեղափոխվի Գյումրի, ինչի մասին պարբերաբար խոսել ու խոստումը չեն կատարել իշխանությունները: 

 Իսկ թե քաղաքական ուժերից որոնք կհամալրեն Հայաստանի երկրորդ քաղաքի ավագանու կազմը և ինչքանով կկատարեն իրենց խոստումները՝ գյումրեցիները դեռ փորձում են դատել ըստ քարոզչության եւ քաղաքական ուժերի անցած ուղու: Գյումրեցիներից շատերն արդեն կողմնորոշվել են ընտրության հարցում, շատերն էլ դեռ համադրում է ներկայացված ծրագրերը՝ որոշում կայացնելու համար:

Back to top button