Ժամանակի վկան

Տիգրանակերտ՝ ի՛մ ճերմակ սեր․ Համլետ Պետրոսյան. «Ժամանակի վկան»

Մեզ ի՞նչ է մնում`
սպասել միասին`
հեռավոր լույսին`
դողդոջուն ու սին. Համլետ Պետրոսյան

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ Արցախյան վերջին պատերազմից մեկ տարի անց զրուցելու ենք մշակութային ահռելի կորստի մասին, որը կրեց հայ ժողովուրդը։
Ընդհանուր մտորումների առանցքն Արցախի Տիգրանակերտն է։

Հայոց պատմության հզորագույն արքա Տիգրան Բ-ն իր անունը կրող քաղաքներից մեկն էլ կառուցեց մ.թ.ա. 1-ին դարում Արցախում՝ Խաչեն գետի աջ ափին։ Այդ մասին աղբյուրագիտական հիշատակություններ կան 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսի և Մովսես Կաղանկատվացու մատյաններում։

Արցախի հնագիտական արշավախմբին՝ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, հաջողվեց 2005 թ․՝ առաջին անգամ, վավերացնել Տիգրանակերտի հնագիտական հետքերը, իսկ 2006 թ․ սկսվեցին հնագիտական պեղումները։

Չնայած, որ Արցախի քաղաքականապես ճանաչված չլինելը հնարավորություն չէր տալիս պաշտոնապես համաձայնագրեր կնքելու արտերկրյա համալսարանների ու ինստիտուտների հետ, բայց դա չի խանգարել պեղումներին ներգրավելու բազմաթիվ օտարերկրյա հետազոտողների։

Պեղումների արդյունքները գոհացուցիչ էին և դրանք կազմեցին 2010 թ․ բացված Տիգրանակերտի հնագիտական թանգարանի երեք սրահների հիմնական հավաքածուն։ Որպես թանգարանային շենք վերակառուցվեց քաղաքի տարածքում գտնվող XVIII դարի ամրոցը։

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Համլետ Պետոսյանին հաջողվեց տարհանել Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նյութերը։ Պեղումներից հայտնաբերված ահռելի քանակությամբ հնագիտական նյութերի վերջնական հանգրվանի հարցը դեռ անորոշ է։

Անձնական նախաձեռնության շնորհիվ փրկվեցին ոչ միայն Տիգրանակերտի թանգարանի նյութերը, այլև՝ Արցախի թանգարանային ֆոնդի կեսը։ Այժմ Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ գիտնականների խումբը տպագրության է պատրաստում Տիգրանակերտի պեղումների մասին մի ստվարածավալ աշխատություն։

Ադրբեջանական պետական քաղաքականությունը շարունակում է ձևախեղել տարածաշրջանի իրական պատմությունը։ Հակահայ քարոզչությունը, մեր մշակութային ժառանգության բռնի յուրացումը, մշակութային վանդալիզմը խրախուսվում և քարոզվում են պետության առաջին դեմքի մակարդակով: Հայկական պատմական հուշարձանները կա՛մ աղվանացվում են, կա՛մ իսպառ ոչնչացվում։

Տիգրանակերտի պեղումներն աշխարհին ցույց են տվել հնագույն քաղաքի գոյությունն ու դրա հայկական ծագումնաբանությունը, իսկ Տիգրանակերտի կորուստը կնշանակի միտումնավոր ջնջել հայկական քաղաքակրթական սկզբի մասին ևս մեկ վկայություն։ Տիգրան Բ-ի անունով կառուցված բնակավայրերի մասին վկայություններ կան պատմական աղբյուրներում։

Հին աշխարհի ամենանշանավոր միապետերից մեկը դրանք պատահական վայրերում չի կառուցել։ Պատերազմի պատճառած կորուստները հսկայական են ու անհամաչափ։ Իսկ գետնի տակից Տիգրան արքայի քաղաքը լույս աշխարհ բերած հնագետի համար դժվար է հաշտվել իր «ճերմակ գեղեցկուհու» կորստյան հետ։

Back to top button