ԿարևորՀասարակություն

Թուրքերն ունեն գենետիկ կոդ՝ ուղղված մեր դեմ․ վերլուծաբան

Հայ–թուրքական օրակարգի ու Արցախի կարգավիճակի թեմաներն իրար շաղկապված քննարկվում են ԱՄՆ–ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում  ու դրանից դուրս հանդիպումների ու քննարկումների ժամանակ։  Պետքարտուղար Բլինկենը Թուրքիայի ԱԳՆ Չավուշղլուին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ՄԽ անդամ մյուս երկրների եւ արդեն նաեւ Թուրքիայի աջակցությամբ  նպաստել երկու երկրների միջև լարվածության թուլացմանը։  Իսկ այս ընթացքում ԱՄՆ պաշտոնական վերջին թեզերն են հիսթերիա առաջացրել ադրբեջանական մամուլում։ Նախորդիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին խոսել էր ՄԽ-ի ձեւաչափով բանակցությունները շարունակելու անհրաժեշտության եւ Արցախի կարգավիճակի  մասին։  Վերջին զարգացումներից դատելով՝ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը  զգոնության կոչ է արել՝ նկատելով՝ հիմա թուրքական բնազդներն սկսել են ակտիվ գործել, իսկ Թուրքիան հակագենետիկ կոդ ունի հայկական էթնոսի նկատմամբ։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում եւ Արցախում, վաղուց մշակված՝ կառավարելի քաոտիկ իրավիճակների տեխնոլոգիա է՝ համոզված է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ՝ անգլոսաքսերի մշակած այդ տեխնոլոգիաները հիմնականում ներդրվում են ԱՊՀ երկրներում, նպատակը մտավոր ու հոգեւոր «ենթակառուցվածքները» քայքայելն է, ինչից հետո արդեն պետություն գոյություն չի կարող ունենալ՝ բացատրում է։ Նրան վտանգավոր են թվում ապաշրջափակման վերջին սցենարները։ Դրա քողի տակ փորձագետը լիակատար շրջափակման ռիսկ է տեսնում։ Թուրքիան հակագենետիկ կոդ ունի հայկական էթնոսի նկատմամբ, դա ակնհայտ է նաեւ հիմա՝ վերջին բոլոր զարգացումների ժամանակ՝ ասում է։   

«Հիմա թուրքական բնազդները բացված են, եւ քարտ բլանշ է ստացել անգլոսաքսերից կամ այսպես ասած «գժի թուղթ» է հանել ու անում է՝ ինչ ուզում է»։

Արցախի կարգավիճակի հարցում Գագիկ Հարությունյանը որոշ հույսեր ունի ու դրանք ուղղակիորեն կապում է Ռուսաստանի հետ։  Հենց Ռուսաստանին է նա վերապահում նաեւ ԵԱՀԿ ՄԽ միջոցով Ղարաբաղի հարցի լուծման հիմնական դերը, թեեւ վերջին շրջանում  բավականին ակտիվ են նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։

Նշված երկու երկրներն այսօր ամենաբարձր մակարդակով խոսում են համանախագահության ձեւաչափի վերականգնման անհրաժեշտության ու Արցախի կարգավիճակի մասին, ինչին Ադրբեջանում նյարդային են արձագանքում։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները չէին խորշում անգամ սպառնալիքներից ու մեղադրանքներից՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ ՄԽ ձեւաչափի վերականգնման ու Արցախի կարգավիճակի մասին հայտարարություններին։  Նրանք դիվանագետի խոսքերը դիտարկում են որպես վերջնագիր՝ համարելով, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դրանով Ադրբեջանին է պարտադրում 15-ամյա վաղեմության կարգավորման օրակարգ։ Այսինքն՝ ԱՄՆ-ը փորձում է Ադրբեջանին վերադարձնել այնպիսի խնդիրների քննարկման դաշտ, որոնք Վաշինգտոնը չէր նկատում հակամարտության հենց սկզբից: Ադրբեջանական մամուլում անգամ քննարկում են, որ եթե ԱՄՆ կառավարությունը չհրաժարվի այս մոտեցումից, Ադրբեջանը լիովին կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից։   

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանն այսօր պետք է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարի համանախագահող երկրների հետ։

«Ռուսական իշխանություններն ավելի իրատես են մոտենում հարցին։ Կփորձի ինչ–որ կարգավիճակ տալ Արցախին։ Կարելի է նաեւ ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի հետ էլ աշխատել»։

Արցախյան հակամարտության թեման նաեւ թուրք-ամերիկյան օրակարգում է։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ընդգծել է՝ իրենք Հայաստանի և Ադրբեջանի կողքին են խաղաղության և հաշտեցման բանակցություններում: Պետդեպի ներկայացուցիչը հիշեցրել է՝ հենց ամերիկյան կողմի ներգրավվածությամբ է  հայկական կողմն ականապատ որոշ տարածքների քարտեզներ հանձնել Ադրբեջանին՝ հայ գերիների դիմաց: ԱՄՆ-ն այս մակարդակում էլ է խոսել ՄԽ-ի դերի կարեւորության մասին՝ բայց այս անգամ նոր շեշտով․ Բլինքենն ասել է, որ պատրաստ են դիտարկել նաեւ  Թուրքիայի աջակցությունն այս հարցին՝ փոքր քայլերով հասնելու հաշտեցման։ Արցախի թեման թուրք-ամերիկյան մեկ այլ հանդիպման օրակարգում էլ է եղել։ Էրդողանն ամերիկյան գործարարներների հետ  է խոսել Ղարաբաղի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ շրջանառելով ուշագրավ մի միտք, թե ինչ-ինչ շրջանակներ անհիմն զրպարտչական արշավներ են սկսել՝ թունավորելու հայ-թուրքական հարաբերությունները։

Ինչ նկատի ունի Էրդողանը՝ պարզ չէ։ Սակայն վերջին զարգացումներով հանդերձ վերլուծաբան Գագիկ Հարությունյանը պնդում է՝ որքան էլ այսօր ռուս–թուրքական հարաբերությունները հարթ թվան, չի  բացառվում պատերազմի հավանականությունը Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ։ Նա  հույս ունի, որ այդ պատերազմին Հայաստանը պատրաստ կլինի։

Back to top button