ԿարևորՏնտեսական

Գիտելիքահեն տնտեսություն․ հաջորդ 30 տարվա տնտեսական առաջնահերթությունը

30  տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական բարդ ճանապարհ է անցել, բայց  հիմնական ինստիտուտները կայացել են՝ արձանագրում են փորձագետները և նկատում, որ բազմաթիվ խնդիրներով հանդերձ՝  անկախության 3 տասնամյակների ընթացքում Հայաստանը կարողացել է տնտեսական ազատություն ու անկախություն ձեռք բերել։  Հաջորդ  30 տարվա տնտեսական առաջնահերթությունը գիտելիքահեն տնտեսությունը  զարգացնելն է։  Միայն այդ  դեպքում հնարավոր կլինի  հաղթահարել ապաշրջափակմամբ ու սահմանների բացմամբ պայմանավորված  տնտեսական հնարավոր մարտահրավերները։

Տնտեսական համակարգի փլուզում, պատերազմ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, համավարակ ու նորից պատերազմ․ տնտեսագետ Գագիկ Մակարյանը  Հայաստանի երրորդ հանրապետության 3 տասնամյակների  տնտեսական պատմության հիմնական մարտահրավերներն է թվարկում և նկատում՝  փոքր տնտեսություն ունեցող երկրները, որպես կանոն, իրենց զարգացման տնտեսական ու քաղաքական հեռանկարները խոշոր միությունների հետ են կապում։ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ երկընտրանքում  Հայաստանի ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ –ի էր։ Մեր երկրի քաղաքացիները 2014-ին իրենց մաշկի վրա զգացին, օրինակ, ՌԴ տնտեսական վիճակի վատթարացման ազդեցությունը։ Մակարյանը կարծում է, որ եթե չլինեին բացասական այս զարգացումները,  տնտեսությունն ավելի լավ վիճակում կլիներ․

«Առաջին փուլում՝ մինչև 2000-ական թվականները, եղել ենք շուկայական տնտեսություն կառուցող։ Վավերացրել ենք միջազգային փաստաթղթեր։ Տնտեսական զարգացումների հիմքերը դրվել են  2000-ականներին»։

Խորհրդային տնտեսությունից անցում ազատ շուկայական տնտեսության՝ սա թերևս ամենակարևորն է՝ ասում էտնտեսագետ Արմեն Քթոյանը՝  ընդգծելով՝ առանց նախաձեռնողականության մրցունակ տնտեսություն կառուցել հնարավոր չէր։ Լավ թե վատ՝ մեկնարկը տրվեց։  Զրուցակցիս կարծիքով՝ 30  տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական բարդ ճանապարհ է անցել, բայց  հիմնական ինստիտուտները կայացել են՝ սեփական արժույթ, դրամավարկային քաղաքականություն, բյուջետային, հարկային համակարգ ու ոչ միայն։

«Ձախողումն այն էր, որ չհաջողվեց ամբողջությամբ կառուցել այն մոդելը, որը ենթադրում  էինք , որ պետք է կառուցվեր։ Չհաջողվեց ձևավորել այնպիսի մրցունակ տնտեսություն, որը հաջողության պատմություն արձանագրած տարբեր երկրներ կարողացել են 3 տասնամյակում կառուցել»։

3 տասնամյակի ընթացքում  հաջողվել է տնտեսական անկախություն ձեռք բերել՝ կարծում է Գագիկ Մակարյանը։ Որոշ ոլորտներ կարողացել են զարգացման ուղին բռնել։  

«Հայաստանում սկսեց նորից զարգանալ թեթև արդյունաբերությունը,  որի արտահանման ծավալները 120 մլն դոլարը գերազանցում  են։ Անցած տարիներին հաջողվեց զարգացնել նաև քիմիական, հատկապես դեղերի արտադրությունը։ Սա մեծ ներդրումներ ու ծախսեր պահանջող ոլորտ է։ Հայաստանը կարողացավ զարգացնել իր էներգետիկ անվտանգությունը։ Տնտեսական տեսանկյունից որպես պետություն Հայաստանը փորձեց ունենալ բոլոր կարևոր ատրիբուտները»։

Իսկ տնտեսական վիճակագրությունը հետևյալ պատկերն է ներկայացնում․1994-2008թթ. Հայաստանում  անընդմեջ տնտեսական աճ է գրանցվել՝  միջինում  տարեկան շուրջ 9 տոկոս։ 2008-ի համաշխարհային ճգնաժամն արմատապես փոխել է պատկերն ու դարձել առաջին երկնիշ անկման հիմնական պատճառը։ ԱՄՆ-ից  սկսված  և աշխարհում տարածված  ճգնաժամը բացահայտել է նաև Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրը՝ անհամաչափ զարգացումն ու շինարարության ոլորտի անհամաչափ մեծ կշիռը տնտեսության մեջ։ 

2010-2013 թվականները տնտեսության համար ճգնաժամից վերականգնվելու  տարիներ էին։ Տնտեսության փոփոխված  կառուցվածքում   ծառայությունները մնացին զարգացման հիմնական շարժիչ ուժը, բայց շարժ գրանցվեց նաև  արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում։ 2014-2017թթ. ընդգծվեց տնտեսության արտահանման ուղղությունը, բայց ավելացավ նաև  ծառայությունների դերը։   

2020–ը Հայաստանի տնտեսության համար բացառիկ տարի էր՝  նախ համավարակ, հետո՝ պատերազմ ու դրա հետևանքներ։ Արմեն Քթոյանը կարծում է, որ տնտեսական առումով Հայաստանն այժմ յուրատեսակ մեկնակետում է։ Բացատրում է՝ տնտեսական նոր համակարգի ձևավորման փուլ է սկսվել, փոխվում են տնտեսական  գերակայությունները ու ամենակարևորը,  ըստ ոչ միայն Արմեն Քթոյանի, այլ նաև Գագիկ Մակարյանի,  նպատակը  գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացումն է։

Միայն նման տնտեսությամբ Հայաստանը կկարողանա շահած դուրս գալ օրակարգային  դարձած ապաշրջափակման, կոմունիկացիաների ու սահմանների բացման մարտահրավերներից՝ վստահ են փորձագետները։ Արմեն Քթոյանը կարծում է, որ գիտելիքահեն տնտեսության զարգացումը կփարատի սահմանների բացմամբ պայմանավորված բացասական սպասումները։ Իսկ դրանք հօգուտ փոքր արտադրողի չեն․ փորձագետների մի մասը կարծում է, որ սահմանների բացումը , հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվողներին, լուրջ խնդիրների, անհավասար մրցակցության առջև կկանգնեցնի, քանի որ հայկական շուկան կողողվի, օրինակ,  թուրքական լոլիկով․

«Ի սկզբանե մենք սխալ մրցակցային առավելության վրա ենք շեշտադրում անում։ Լոլիկը և նման մթերքները չեն մեր մրցակցային առավելությունները։ Մենք շատ մեծ ցանկության դեպքում էլ չենք կարող մրցակցել ոչ Թուրքիայի, ոչ ՌԴ-ի հետ։ Մեր մրցակցային առավելությունը գիտելիքահեն տնտեսություն ունենալն է։ Սա պետք է մեզ համար ապագայի կամ եթե 30-ամյա ցիկլ ենք վերցնում, հաջորդ 30 տարվա համար դառնա մեր տնտեսական համակարգի ուղենիշն ու գլխավոր գաղափարը»։

Գագիկ Մակարյանը նույնպես կարծում է, որ ապաշրջափակումից հնարավոր է հաղթած դուրս գալ, կրկին առաջնային է  համարում նորագույն տեխնոլոգիաներով տնտեսություն զարգացնելը։ Սակայն ամենակարևորը, զրուցակիցներիս կարծիքով, անվտանգային  խնդիրների լուծումն է,  ընդ որում՝ միջազգային փաստաթղթերի ամրագրմամբ։ 

Back to top button