ԿարևորՀասարակություն

Գյումրու տոնը՝ մշակութային միջոցառումներով ու նորամուտներով

Քաղաքի տոնին Գյումրին ևս 1 նոր երգ ունեցավ։ Քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում, չնայած շինաշխատանքների ստեղծած անհարմարությանը, զբոսաշրջային ավտոբուսների ու հյուրերի պակաս չկար, թեեւ հոբելյանական միջոցառումները համեստ են։ Ի սկզբանե քաղաքի օրվա առիթով նախատեսված էր միջոցառումների ավելի լայն ծրագիր, որը , սակայն, փոփոխվեց․ համերգային մեծ ծրագրեր ու հրավառություն չկան, փոխարենը նորամուտ է «Թումո Գյումրիի» համար։

Քաղաքում կենտրոնն արդեն նոր՝ վերակառուցված շենքում է գործելու։ Գյումրիի թատրոնի հին՝ մոտ 150 տարեկան շենքը, որն Ալեքսանդրապոլում և Լենինականում հայտնի էր որպես «Ժողովրդական տուն», այսօր այցելուներին ներկայացավ հնի ու նորի համադրությամբ։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը հիշում է, թե ինչպիսին էր շենքը՝ ձեռք բերելիս։

«Լուսավորություն չկար, այստեղ բույսեր էին մեծանում, մի վախենալու տարածք էր։ Հիշում եմ այդ օրը, աշխատակազմիս համոզեցի գալ, տեսնել և հիշել տարածքը, որ հետո մի հրաշք վայրի վերածեինք»։

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման առաջիկա 5 տարվա 50 մլն դոլար արժողությամբ ծրագիրը՝ մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիապես  հագեցած 16 կենտրոն, իսկ փոքր համայնքներում 80 հազար պատանու համար հասանելի՝ 110 «Թումո-տուփ»՝ այսինքն՝ շենքից դուրս մոդուլային կառույցներ։

Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար՝ Վանաձորում, Կապանում, Կողբում «Թումո» կենտրոններ ու մոդուլներ կառուցելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ու Էլի և Էլիզաբեթա Աքիլյանները երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարում հավաքված 10-ական միլիոն դոլարը։  

Բարերարները խորհրդանշական են համարում Գյումրիում Թումոյի նոր շենքի բացումը՝ անկախության 30 ամյակին ընդառաջ։

Քաղաքի սրտում՝ մեկ այլ պատմական շենքում, Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակի միջոցառումների մեկնարկն ազդարարվեց։ Անդրկովկասում առաջին նկարչական դպրոցը գործում է մեկ դար անընդմեջ՝ տալով ճանաչված նկարիչներ ու քանդակագործներ։ Տնօրեն՝ Ժակլին Սարգսյանն է թվարկում․

«Մինաս Ավետիսյանն է այստեղ սովորել, Ասլամազյան քույրերն են էստեղ սովորել, կարող եմ անսպառ թվարկել»։ 

Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցից մի քանի մետր այն կողմ «Սթիլ» գրաֆիկայի թանգարանն է քաղաքի տոնի հետ մեկտեղ տոնում իր 30-ամյակը։ Գյումրիում այսօր բացվեց նաև Ֆրիդ Սողոյանի ցուցասրահը։ Քաղաքի օրը նոր շենքում նշեց նաև Գյումրու ժողգործիքների անվան պետական նվագախումբը։

Գյումրու տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո։

Back to top button