ԿարևորՏնտեսական

Նոր շունչ գյուղատնտեսության ոլորոտում․ գործարկվել է խոշորագույն գյուղատնտեսական դրոն

«Կանաչ շաբաթ» միջոցառումների շրջանակում այսօր փորձարվել է ճշգրիտ գյուղատնտեսության սարքավորումներից մեկի՝ ԱԹՍ–ի աշխատանքը գյուղատնտեսության ոլորտում։ Հանրահայտ DJI ընկերության արտադրած անօդաչու սարքը, հիմնականում ցողման միջոցով, պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ։ Սարքավորումները տրամադրվել են Ագրարային համալսարանին։  Սոնա Հակոբյանի անդրադարձը։

Նոր շունչ գյուղատնտեսության ոլորոտում․ աշխարհը որդեգրել է  տեխնոլոգիական զարացման ուղին, գյուղատնտեսությունը՝ նույնպես։ Խոշորագույն գյուղատնտեսական դրոնը, որի փորձարկմանն այսօր ներկա էինք, արդյունավետ աշխատանք է խոստանում։ Հանրահայտ DJI ընկերության արտադրած անօդաչու սարքը ցողման միջոցով պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ։ Անօդաչու թռչող սարքերը տրամադրվել են Հայաստանի ագրարային համալսարանին։ Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանն արդեն գիտե, թե ինչ պետք անի ֆերմերը, որպեսզի չվնասի բնական ռեսուրսները․

«Չափիչ սարքեր, սենսորներ, ջրաչափական գործիքներ, տախոմետրեր․ այս ամենը նոր սերնդի տեխնոլոգիաներ են և օգտագործվում են ջրային, հողային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեջ։ Ինչպես նաև ունենք սրսկող դրոն, որի օգնությամբ մեր մասնագետները կարողանալու են իրականցնել բույսերի պաշտպանություն, տարածքների նկարահանում, քարտեզագրում, և որոշելու են, թե որ տարածքներում ինչպիսի միջոցառումներ են պատրաստվում իրականացնել»։

Այս տարի համալսարանում թվային գյուղատնտեսությանը առնչվող տարբեր մասնագիտական առարկաներ են դասավանդվում։ Հիմքում թվային, նորարար գյուղատնտեսության հիմունքներն են։ Այստեղ գիտեն, որ կայուն տեխնոլոգիաները, որոնք խնայում են բնական ռեսուրսները, առավել արդյունավետ աշխատանք են խոստանում․

«Այսօրվա փորձարկումը ավելի լայն շրջանակների համար է լինելու։ Մասնակցում են աշակերտներ, ուսանողներ, ֆերմերներ։ Իր տեսակով այս մոդելը միակն է, իր հետ ունի 20 լիտրանոց բակ, որը օգտագործելը տնտեսապես ավելի արդյունավետ է։ Այս դրոնով ենք ցուցադրելու, թե ինչպես կարելի է սրսկում իրականացնել»։

«Դրոնը՝ իր 20 լիտրանոց բակով, թույլ է տալիս ժամում 12-13 հեկտար բուժել»,- մանրամասնում է Հայաստանում DJI ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաֆարյանը․

«Կախված ծրագրավորման եղանակից՝ դրոնը կարելի է կառավարել և՛ օպերատորի միջոցով, և՛ ավտոմատացված՝ նախապես դաշտի հատվածները ծրագրավորելով։ Քանի որ այնքան էլ մատչելի չէ դրոնը, ավելի տարածված է ծառայությունից օգտվելը»։

Ագրարային համալսարանի ուսանողներն այս առումով շահեկան վիճակում են․ դրոնն իրենցն է, իսկ նորաբաց լաբորատորիայում, նոր մասնագիտությանը զուգահեռ, կսովորեն հենց տեղից կառավարել այս սարքերը։ Առհասարակ այսօր համատարած նախագծվում, փորձարկվում են անօդաչու թռչող սարքեր՝ ինժեներական նոր լուծումներով։ Եթե տարիներ առաջ ԱԹՍ-ները միայն գերտերություններին էին հասանելի, այսօր արդեն դրանք ոչ միայն մատչելի, այլև անհրաժեշտություն են դարձել նաև փոքր պետություններում։

Անհրաժեշտություն են  ոչ միայն անվտանգության առումով, այլև վաղուց ժամանակն է, ԱԹՍ-ները մեծ տեղ զբաղեցնենտարբեր ոլորտներում,   նաև կենցաղում, -նկատում է «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը․

«Դժվարամատչելի վայրերում արագ արձագանքման համար, որոնման աշխատանքների համար, անտառային և այլ տարածքների հրդեհների համար․շատ ոլորտներում է պիտանի, ռազմականում՝ նույնպես, նաև հետախուզությունում է շատ։ Ժամանակն է, որ մեծ տարածում ստանա նաև բնակչության շրջանում»։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը։ Ծրագիրը, որը մեկնարկել է  2019 թվականին, հիմնականում իրականացվում է հյուսիսային մարզերում՝ Տավուշում, Շիրակում, Լոռիում, սակայն օրգանական գյուղատնտեսության զարգացման առումով մարզային սահմանափակումներ չկան։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի բոլոր ֆերմերներին։ 

Back to top button