ԿարևորՎերլուծական

Ճանաչել հայ-թուրքական սահմանները, մոռանալ ցեղասպանության մասին․ Թուրքիայի տարածաշրջանային «խաղերը»

Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր անտեսում է տարբեր համաձայնագրերով ամրագրված միջազգային սկզբունքներն ու պայմանավորվածությունները, հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունները։ ՄԽ-ի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում, անտեսելով կարգավորման 3 հիմնարար սկզբունքներից ուժի չկիրառումը, պատերազմ սկսեց։

Այսօր էլ լուսանցքում է թողել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներն ու պայմաններ է թելադրում։ Եվ այս ամենը կատարվում է միջազգային հանրության լռության պայմաններում։ Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումն օկուպացված Լաչինում ասվածի վկայությունն է, այն ևս խախտում է ու միակը չէ։

44-oրյա պատերազմի հետևանքներից մեկն էլ Թուրքիայի ավելի ակտիվ և ագրեսիվ ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, մասնավորապես, Ադրբեջանում, ինչից գոհ չէ Ռուսաստան՝  կարծում է  ՀՅԴ  Հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Մոսկվան անհանգստացած է, ըստ նրա, բայց հենց ինքը թույլ տվեց Անկարային հաստատվել Ադրբեջանում։ Մանոյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվեց 44-օրյա պատերազմի հետևանքով, Թուրքիային հիմք է տվել ենթադրելու, թե իբր անկախ հայկական պետականություն գոյություն չունի։ Անկարան միայն իրենից կախված Հայաստան է պատկերացնում։ Մանոյանը խոսում է ռիսկերի մասին՝ համեմատություն անցկացնելով ռուս-վրացական  5-օրյա պատերազմի ու դրա հետևանքների հետ։

«Վրաստանն ուզում էր ռուսական ազդեցությունից դուրս գալ, բայց  գնաց ընկավ թուրք-ադրբեջանական ցանցը»։

Վերջին օրերին զորավարժություններ անցկացվեցին Նախիջևանում Ադրբեջանի առանձին համազորային բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ՝ բանակային ավիացիայի ներգրավմամբ:  Թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում նաև Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանում, որը մի կողմից Սև լճի տարածքի ուղղությամբ է, մյուս կողմից՝ Գորիս-Կապան ճանապարհի։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ այսպիսով կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը և Թուրքիան խախտել են նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերը։ Թուրքիան, զորավարժանքների անվան տակ զորք ուղարկելով Բերձոր, խախտում է հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարության կետերը։

Ըստ այդ փաստաթղթի՝ Թուրքիան ռազմական ներկայացվածություն կարող է ունենալ միայն Ակնայում, այն էլ մոնիթորինգ իրականացնելու համար՝ ռուսների հետ համատեղ․․․

«Սա նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է։ Որպեսզի Թուրքիան ներկայություն ունենար օկուպացված տարածքներու, պետք է փաստաթղթով ամրագված լիներ նրա ներկայությունը։ Բայց քանի որ այդպես չէ, մենք պետք է միջազգային հանրությանը տեղեկացնենք այս մասին»։

Սա նախորդ տարվա նոյեմբերի 9-ի ու այս տարվա հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթերի միակ խախտումը չէ Ադրբեջանի կողմից։ Բաքուն համառորեն ու կոպտորեն խախտում է նաև գերիների  վերադարձի դրույթը։ Այս մասին խոսելիս ՌԴ ԱԳՆ Լավրովը փոքր-ինչ շրջանցեց հարցը՝ նկատելով, թե Ադրբեջանում գտնվող գերիներից ոմանք այնտեղ հայտնվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։

Սա որոշ շրջանակներում ընկալվեց որպես ակնարկ, թե Մոսկվան Բաքվին չի պատրաստվում պարտադրել գերիների վերադարձ։ Մինչդեռ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասվածի տրամաբանության շրջանակում  հիշեցնում է, որ ադրբեջանական զորքերն Արցախի ու Հայաստանի տարածք են ներխուժել նոյեմբերի 9-ից հետո ու դուրս չեն գալիս․ «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ կողմերը պետք է կանգնեին այն տեղում, որտեղ գտնվում էին, սակայն ադրբեջանական կողմն առաջ է եկել»։

Այսքանով չեն սահմանափակվում Բաքվի կողմից նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի փաստաթղթերի դրույթների խախտումները, ինչի վրա, ըստ որոշ քաղաքագիտական գնահատումների, աչք է փակում Մոսկվան։ Ադրբեջանական սադրանքների հետևանքով խախտվում է համաձայնեցված հրադադարը․սահմանին կան զոհեր ու վիրավորներ։ Ադրբեջանը ջրի, կապի խնդիր է առաջացնում Արցախում։ Շուշիից կրակում ու քարեր են նետում հայկական բնակավայրերի  ուղղությամբ՝ մատնանշում է փորձագետը։ Շփման գծում ադրբեջանական զինված ուժերի չափազանց մոտիկ ներկայությունը ուղղակի սպառնալիք է բնակչությանը, ինչը երբեմն ուղեկցվում է մարդկանց խաղաղ կյանքին ուղղված սպառնալիքով։ Սահմանամերձ խոտհարքերը հրկիզվում են դիտմամբ։

Նախօրեին ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոր շեշտադրումով էր խոսել այս իրավիճակի մասին։ Քաղաքական հարցերի շուրջ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են՝ շեշտել էր: Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները: ՌԴ-ն հույս ունի, որ այդ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար։ Ինչո՞ւ է Մոսկվան նորովի ընդգծում փաստաթղթերի կատարման անհրաժեշտությունը։

«Խնդիր կա, որ ստորագրվի երկկողմ՝ Ռուսաստան-Ադրբեջան պայմանագիր, որ շատ ավելի մանրամասն ամրագրեն, թե ռուսական խաղաղապահ ուժերն ինչ լիազորություններ ունեն»։

Կիրո Մանոյանը նույնպես կարծում է, որ Մոսկվան աչք է փակում ադրբեջանաթուքական սադրանքների, ոտնձգությունների վրա։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ ուզում է սիրաշահել Բաքվին ու իր ազդեցությունը պահել այդ երկրում՝ փորձելով երկրորդական դարձնել Թուրքիայի ազդեցությունը։ Սակայն, նրա կարծիքով, քայլտ մի փոքր ուշացել է։

Մոսկվան կարողացավ Թուրքիային սիրաշահելով՝ մի փոքր կտրել  արևմուտքից, սակայն Ռուսաստանն այսօր նախանձելի վիճակում չէ և պետք է հասկանա, ըստ Կիրո Մանոյանի, որ, որքան էլ փորձի սիրաշահել Թուրքիային, չի կարողանա այնպես անել, որ Անկարան հրաժարվի իր շահերից։

ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատուի կարծիքով՝ Անկարան, օգնելով Բաքվին ու ներգրավվելով տարածաշրջանային հարցերում, հայաստանյան օրակարգում երեք կարևոր հարց է փորձում լուծել՝  հայ-թուրքական սահմանների ճանաչում, Հայոց ցեղասպանության հարցի դուրս բերում քաղաքական օրակարգից և արցախյան խնդիր։

Back to top button