Սփյուռքի ձայնը

Ամերիկահայությունն ամերիկյան կյանքի բոլոր բնագավառներում է․ «Սփյուռքի ձայնը»

Հայ գրականությունը կարող է զարգանալ միայն Հայաստանում, նաև՝ Սփյուռքի մասնակցությամբ, ասում է ամերիկաբնակ Թերեզա Ալաջաջյանը, որը Հայաստանում էր հոր՝ ճանաչված գրող Ստեփան Ալաջաջյանի գրքի վերահրատարակման առիթով:

Թերեզա Ալաջաջյանը կրթությունն ստացել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետում, ԱՄՆ տեղափոխվելուց հետո հիմնել է «Առագաստ» գրական ամսագիրը, որի խմբագրման աշխատանքներով զբաղվել է Ստեփան Ալաջաջյանը:

Հոր աշխատանքային ու գրական օրինակն ունենալով, նաև մասնավոր հանդիպումների ու շփումների հետևանքով հետևյալ կարծիքն է որդեգրել, որ գրականությունը զարգացում և ճանաչում պետք է ունենա հայրենիքում:

«Սփյուռքում գրականությունը զարգանալ չի կարող, միայն այն պատճառով, որ այնտեղ ծնվող գործերը պատկանելու են ոչ թե հայ, այլ ամերիկահայ կամ եվրոպահայ մեր հայրենակցին»,- ասում է Թերեզա Ալաջաջյանը:

Թերեզան նաև նկատում է, որ լավ գրականություն ստեղծելու համար մեկը մյուսի գործերը պետք է ընթերցի: Այսօր, սակայն, «իրար չեն կարդում», ավելացնում է: «Երբ հրատարակում էինք «Առագաստը»՝ հայրս, ով լավ գիտեր հայ և օտար գրողներին ու նրանց գործերը, շարունակ ընթերցում էր նոր ու սկսնակ գրողներին, ինչն այսօր բացակայում է»,- ասում է Թերեզան:

Հանրաճանաչ գրող և կինոսցենարիստ, ծնունդով Հալեպից Ստեփան Ալաջաջյանի դուստրը՝ Թերեզա Ալաջաջյանը, որ մոտ երեք տասնամյակ բնակվում է ԱՄՆ-ում, իրեն սփյուռքահայ չի համարում:

«Եթե նախկինում ամերիկահայերը մի քանի ընդունված գործերով էին զբաղվում, ապա այսօր նրանց կարելի է տեսնել ամենուր, սկսած քաղաքականությունից մինչև բիզնես, իրավաբանություն, բժշկություն և այլն: Ու թեև նոր սերունդը մեծանում է ամերիկյան հասարակության մեջ, սակայն հայկական խնդիրներով մտահոգ ու հետաքրքրված է: Օրվա մի մասն անպայման Հայաստանի ու հայության մասին են զրուցում, ծրագրեր կազմում և օգնության միջոցառումներ նախագծում»,- համոզված նշում է երկու դուստրերի մայրը, որոնք ևս այդ շրջանակի մաս են կազմում: Հետաքրքիր այլ մանրամասներ լսեք զրույցի ընթացքում։

Back to top button