ԿարևորՔաղաքական

Սահմանի խնդիրները նաև բանակային կարգապահական կանոնադրության չպահպանմա՞ն հետևանք

Հակամարտող երկրների սահմանին հատուկ մարտական հերթապահություն է պետք՝ շեշտում են ռազմական փորձագետները ու հավելում՝ դրա խստագույն պահպանումն այլընտրանք չունի։ Ինչո՞ւ սահմանին իրավիճակն այսպես դասավորվեց, երբ հայկական կողմը կարող էր հատուկ մարտական հերթապահությամբ ավելի շահեկան դիրքում գտնվել։

Արդյո՞ք սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և հայկական կողմի կորուստները նաև բանակային կարգապահական կանոնադրությունից շեղվելու և այն ճշգրտորեն չպահպանելու հետևանք չեն, հատկապես այն համատեքստում, որ համացանցում հայտնված սահմանային որոշ տեսանյութեր հենց այդպիսի տպավորություն են թողնում։ Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի հիմնադիր Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ եթե կա կանոնադրական նորմերը չպահպանելու խնդիր, ապա դրա պատճառը պետք է փնտրել նախ այլ դաշտում։

«Եթե ենթադրենք, որ կանոնակարգերի բացակայության, ինչ-որ սխալ կառավարման և այլնի հետևանք է ստեղծված իրավիճակը, ո՞վ է նշանակել այդ ղեկավարներին, ո՞վ է տվել չկրակելու հրամանը։ Դա քաղաքական հրաման է։ Բանակի ղեկավարությունն ինքնուրույն չի կարող որոշել, որ չի կրակում ՀՀ-ի տարածք ներխուժած թշնամու վրա։ Ինչպե՞ս է եղել, որ նախկինում այդ բոլոր ոտնձգությունները կասեցվել են, թշնամին կորուստներ կրելով հետ է շպրտվել, իսկ հիմա հանկարծ այսպիսի վիճակ է։ Եկեք վերլուծենք ու հասկանանք՝ ով է մեղավոր»։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ պետք էր վերլուծել իրավիճակը և հասկանալ, թե որտեղ արժեր պայմանավորվել ու որտեղ արագ ու վճռական գործել։ Այն, ինչ կա, նախ անկարողության հետևանք է, ինչից կարող է տուժել նաև բանակի կանոնադրական պահանջների պահպանումը հենց սահմանին։ Փորձագետ Վան Համբարձումյանի ձևակերպմամբ՝  Հայաստանում սահմանը պահելու խնդիր միշտ էլ եղել է ռեսուրսների պատճառով, սակայն այն, ինչը հիմա է տեղի ունենում, շատ անհասկանալի է։  Հակամարտող երկրների սահմանին հատուկ մարտական հերթապահություն է պետք՝ ասում է։

«Սա ինչի՞ հետևանք է, որն անթույլատրելի է ռազմական տեսանկյունից։ Ամենառաջինը՝ հակամարտող երկրների սահմանին հատուկ մարտական հերթապահություն է իրականացվում, իսկ այդ տարածքը  պետք է լիներ ականապատված։ Նույնիսկ ականապատված չի եղել այն տարածքը, որտեղ առաջ են եկել։ Այստեղ ամեն մեկը կարող է իր կարծիքն ունենալ։ Մարդ կա՝ կարող է ասել՝ անգրագիտություն է, մարդ էլ կա կարող է ասել՝ դավաճանություն է։ Ես չեմ կարող հաստատ  ասել, թե որ մեկն է»։

Վան Համբարձումյանի կարծիքով՝  հայկական կողմից կրակային հակազդեցություն չի եղել մի քանի պատճառով։ Էականն այն է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խուսափում է իրավիճակն ավելի սրելուց, ինչով էլ պայմանավորված է հայկական կողմի անգործությունը։ Համբարձումյանը միաժամանակ անհասկանալի է համարում սահմանին մարտական ծառայության կազմակերպման մի շարք հարցեր, սակայն նաև նպատակահարմար չի համարում հանգամանորեն խոսել այդ խնդիրներից։

Իր հերթին ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ավելացնում է՝ պարզ էր, որ չկրակելն ընդամենը գրգռելու էր ադրբեջանցիների ախորժակը։ Այդ մասին օրեր շարունակ զգուշացվում է, և առաջինը նրանք էլ կրակեցին՝ ասում է։ Դիտարկմանը, որ սահմանային խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հորդորը գալիս է ՀԱՊԿ գործընկերներից, ինչի մասին շեշտել է նաև իշխանությունը, ռազմական փորձագետն արձագանքեց՝ դա չի նշանակում, թե սահմանին անհրաժեշտ բոլոր անելիքները պետք էր ՀԱՊԿ-ից ակնկալել։ Հայաստանն ինքն է իր սահմանային իրավիճակի, այդ թվում՝ բանակային կարգապահական կանոնադրության խստիվ պահպանման պատասխանատուն։  

Վան Համբարձումյան․ «Հայաստանն ինչ անելու է՝ ինքը պետք է անի։ ՀԱՊԿ-ի վրա խնդիրները գցելը ճիշտ չեմ համարում, չնայած՝ ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքել։ Դա էլ կա»։  

Ռազմական փորձագետների համար միանշանակ է՝ սահմանին մարտական հերթապահությունը հատուկ կազմակերպում է պահանջում, դրա խստագույն պահպանումն այլընտրանք չունի, ու եթե այստեղ վրիպում կամ խնդիր կա, ապա դա կամ հանցավոր անփություն է, կամ անգրագիտություն կամ էլ գուցե դավաճանություն։

Back to top button