ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են համայնքների ղեկավարները դիմել Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանն ընդունել է մի խումբ համայնքապետերի դիմումն ու մայիսի 11-ին դատական նիստ նշանակել։ Նրանք վիճարկում են  ռազմական դրության պայմաններում հանրաքվեի անցկացումը սահմանափակող դրույթը։ Փետրվարի 26-ին էլ ավարտվել են Դիլիջան, Թումանյան ու Տաթև խոշորացված համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների լիազորությունները։

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ընտրություններ նախատեսված չեն։ Համայնքների ղեկավարներին թույլ չի տրվել շարունակել պաշտոնավարումը․նրանց փոխարեն նոր նշանակումներ են կատարվել։

186 համայնքը խոշորացնել ու  դարձնել 11․ խոշորացման հերթական փուլին      սպասում են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում։ Սա, թերևս, լինելու է համայնքների խոշորացման վերջին փուլը, որին խանգարեցին պատերազմն ու ռազմական դրությունը։ Ռազմական դրության պատճառով խոշորացվող համայնքներում ևս   տեղական հանրաքվե չի կարող անցկացվել, մինչդեռ հենց հանրաքվեն է   համայնքների միացման մասին  կարծիք արտահայտելու եղանակը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով ամրագրված է, որ ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրաքվեի անցկացումը։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացվող համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը իր մի քանի գործընկերների հետ Սահմանադրական դատարան է դիմել։ Նա «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ օրենքում հակասություն են նկատել․ «Հանրաքվեի ժամանակ ժողովրդի ձայնը խորհրդատվական բնույթ է կրում, մենք էլ դրա համար ենք դիմել։ Սահմանադրական դատարանը ընդունել է դիմումն, ու մայիսի 11-ին նշանակվել է նիստը»։

Սահմանադրական դատարանից  «Ռադիոլուր»-ին հաստատեցին՝ Կոտայքի մարզի նոր Հաճն, Ծաղկաձոր ու Աբովյան համայնքների ղեկավարները դիմել են դատարան։  Գրավոր ընթացակարագով քննվելու են «Տեղական ինքակառավարման մարմինների» մասին օրենքի   4-րդ հոդվածի 1.1-րդ մասի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները կարող են տեղական հանրաքվե անցկացնել։ Արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ։  Նիստը  մայիսի 11-ին է՝ ժամը 11.00-ին: 

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը համայնքի խոշորացմանը դեմ է։ Կարծում է, որ տնտեսական որևէ հաշվարկով միանալը ձեռնտու չէ։ Ծաղկաձորը տուրիստական ու ներկայացուցչական քաղաք է, որին միանալու է արդեն խոշորացված Մեղրաձոր համայնքը՝ վեց գյուղով․ Համայնքապետն ասում է՝ Ծաղկաձորի բնակչությունը դեմ է խոշորացմանը, և ինքը փոխանցում եմ բնակիչների դժգոհությունը։ 

Խոշորացման գործընթացը Հայաստանում հնգամյա պատմություն ունի։ Փետրվարի  26-ին  ժամկետն ավարտվեց, ու դադարեցվեցին առաջինը խոշորացած երեք՝  Դիլիջան, Թումանյան և Տաթև համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների լիազորությունները։ Նոր ընտրություններ չեն նշանակվել։ ՏԻՄ հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու․ «Այժմ, երբ ՀՀ-ում դեռևս ռազմական դրության իրավական ռեժիմն է գործում, օրենսդրությունն արգելում է հերթական ընտրությունների նշանակումն ու անցկացումը։ Համայնքներում ընտրություններ չեն կարող անցկացվել։ Այս դեպքում առաջ է գալիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցը։ ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է պաշտոնավարող նշանակելու հնարավորությունը։ Գործող օրենքով նշանակվում են պաշտոնակատարներ։ Այլ բան է, որ հնարավորություն լիներ օրենքով, ու երկարաձգվեր համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետը»։

Գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում պաշտոնակատար նշանակում է  մարզպետը, քաղաքային համայնքներում՝ վարչապետը։ Վարչապետի որոշմամբ, Թումանյան խոշորացված համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ավագանու անդամի լիազորությունները դադարեցրած Տիգրան Մխիթարյանը։ Նա «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  ներկայացրեց, թե ինչու է 2019թ հունիսին հրաժարվել ավագանու անդամի լիազորություններից։ Ասաց, որ տարաձայնություններ է ունեցել Թումանյան համայնքի նախկին ղեկավարի հետ, և լիազորությունները վայր եմ դրել՝ մտածելով, որ համայնքը դրանից կշահի։

ՏԻՄ հարցերով փորձագետ Վահագն Պետրոսյանը հստակեցնում է՝  օրենսդրությունը չի սահմանում, թե ով է նշանակվելու համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ համայնքի ղեկավարի պարտականությունները կարող է կատարել ավագանու ներկա կամ նախկին անդամը, տվյալ համայնքում հաշվառված որևէ մեկը։ Թե երբ  նոր համայնքները կխոշորանան, պարզ չէ․ գուցե՝ աշնանը։

Back to top button