Սփյուռքի ձայնը

Ոչ թե վերջնարդյունք, այլ ճանապարհ, որն անցնելու են Հայաստանն ու Սփյուռքը․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի և Հայաստանի պահանջները տարբեր են, միմյանց հասկանալու արդյունավետ հարթակները՝ քիչ։ Սովորաբար գործել է Սփյուռքը Հայաստանի համար գաղափարը։

Ո՞րն է Հայաստանի պահանջը Սփյուռքից. հայրենիքը միջազգային հարթակներում ներկայացնելու կարելիություն, օտար երկրներում հայտնված հայերին տեղ ունենալու հնարավորություն, և իհարկե, բարեգործություն։

Բայց պահանջներ ունի նաև Սփյուռքը։ Այն ցանկանում է, որ Հայաստանում որոշումներ ընդունելիս հաշվի առնվի իր կարծիքը ևս։

Մի քանի ամիս առաջ` արցախյան վերջին պատերազմից հետո, Հայաստանում ստեղծված «Հայրենիք-Սփյուռք» նախաձեռնության համահիմնադիրներից Ատոմ Մխիթարյանը նշում է, որ արդեն հարյուրից ավելի անդամներ ունեն տարբեր երկրներից: Ստեղծել են ձևաթուղթ, որը լրացնելով կարելի է դառնալ այս նախաձեռնության անդամ:

Բացի այդ, եթե կան անհատներ կամ կազմակերպություններ, որոնք ուզում են ներդրումներ անել կամ բիզնես ստեղծել, կարող են օգտվել այս հարթակից։ Մասնագիտական կամուրջներ և ընկերակցություններ ստեղծելը ևս կարևոր նպատակներից է։

«Գիտություն, կրթություն և այլ ոլորտներ, որոնց զարգացումը կարելի է միասին իրագործել՝ համաշխարհային մասշտաբի արդյունքներ գրանցելու համար»,- ասում է Ատոմ Մխիթարյանը:

Հին ու նոր Սփյուռքի հետ աշխատանքի համար ընտրված ուղենիշը կլինի հայրենիքի ապագան կառուցելուն և զարգացնելուն ուղղված ծրագրերը։ Այս նախաձեռնությունը ստեղծելիս հաշվի են առել ոչ այնքան վերջնարդյունքն, այլ այն ճանապարհը, որն անցնելու են Սփյուռքն ու Հայաստանը՝ միասին։

Back to top button