ԿարևորՔաղաքական

Լեհ քաղաքական գործիչը նամակ է հղել Մակրոնին՝ խնդրելով օգնել Ալիևին պատասխանատվության ենթարկելու հարցում

Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Թոմաշ Լեխ Բուչեկը նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ՝ խնդրելով միջամտել և օգնել Արցախյան պատերազմում հայերի դեմ ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Բացի այդ, նա նամակին կցել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ իր հեղինակած գրքույկի 150 օրինակ:

«Նամակում ասվում է.

Հարգելի պարոն Նախագահ

Խնդրում եմ ձեզ միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու գործում, որը, որպես պետության ղեկավար և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կատարել է փաստաթղթերով հաստատված հանցագործություններ մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ հայերի դեմ ՝ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում՝ «Պատերազմի զոհերի պաշտպանության Ժնևյան կոնվենցիաների (1949 թ.)՝լրացուցիչ արձանագրություններով» (1977 թ.), Հաագայի հռչակագրերի (1899 թ.), Ցամաքային պատերազմի սկզբունքների մասին Հաագայի չորրորդ կոնվենցիայի (1907), քիմիական և գազային զենքի օգտագործման արգելքի մասին արձանագրության(1925) հիման վրա:

Խնդրում եմ ֆրանսիական տարածքում ադրբեջանցի հանցագործների դատավարության համար տեղ տրամադրել:

Խնդրում եմ արգելել Իլհամ Ալիևին, նրա ամբողջ ընտանիքին և ադրբեջանցի բարձրաստիճան անձանց մուտքը Ֆրանսիա և Եվրամիություն:

Նամակին կցում եմ իմ հրապարակած գրքույկի մի քանի օրինակ` հայերի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին»:

Թոմաշ Լեխ Բուչեկն ավելի վաղ նամակ ու բրոշյուրներ էր ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Back to top button