ԿարևորՔաղաքական

Արցախ մուտք գործելու արտոնագիր տրամադրում է բացառապես Արցախը․ Դավիթ Բաբայան

Պաշտոնական Բաքուն մինչ նոյեմբերի 9–ը կնքված եռակողմ համաձայնագիրը, տարբեր մոտեցումներ ցուցաբերելով իր դժգոհությունը հայտնել է օտարերկրացիների Արցախ այցելության վերաբերյալ, մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում։

Այսօր արդեն գույները խտացել են, և Բաքուն դեմ է հանդես գալիս ոչ միայն օտարերկրացիների, այլև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքի հարցում։ Թեման մեդիատիրույթում շահարկվում է, «Ռադիոլուրը» խնդրին տեղյակ պաշտոնական գերատեսչություններից է փորձել պարզաբանում ստանալ հետևյալ հարցի մասին․ «փոխոփոխություն կատարվել է արդյո՞ք Արցախ այցելության ընթացակարգում՝ նոյմեբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կնքումից հետո»։

Արցախ մուտքի արտոնագրի թույլտվության կարգը Արցախ մեկնող հայերի, ինչպես նաև օտարերկրացիների համար չի փոխվել։

«Ռադիոլուրին» հայտնում է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը և հերքում շրջանառվող տեղեկությունները, թե Արցախ մուտք գործելու համար հարկավոր է Բաքվի թույլտվությունը։ Բաբայանը մի քանի անգան կրկնում և պազաբանում է՝ Արցախ մուտքի արտոնագիրը տրամադրում է միայն պաշտոնական Ստեփանակերտը՝ ի դեմս ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության։

«Պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն, որ դեռևս ահաբեկիչների մի ստվար զանգված մնացել է Ադրբեջանում, պահանջում է Արցախի իշխանություններից՝ կատարելագործել Արցախի Հանրապետություն մուտք գործող անձանց հաշվառման գործընթացը»,-նշում է Դավիթ Բաբայանը և բացատրում՝ թե ի՞նչ է նշանակում կատարելագործել։

«Կարգը հետևյալն է՝ նախ մենք Ադրբեջանից չենք ստացել և չենք ստանալու թույլտվություն Արցախ այցելության հետ կապված, որոշում ենք մենք՝ Արցախի Հանրապետությունը։ Ուղղակի սերտ համագործակցություն պետք է իրականացվի ռուս խաղաղապահների հետ։ Ինչո՞ւ, քանի որ նրանք հանդիսանում են առանցքային դերակատար խաղաղության հաստատման և կայունության պահպանման հարցերում։ Պատկերացրեք՝ ինչ-որ մեկը ներթափանցի Արցախ և ինչ-որ գործողություն իրականացնի, ռուս խաղաղապահ առաքելությունն է պատասխանատու միջադեպի համար։  Եվ միասնական ջանքերով ավելի կատարելագործում ենք մուտքի և ելքի գործընթացը։  Նույն ձևով շարունակում է իրականացվել օտարերկրացիների մուտքի արտոնագրի տրամադրումը ՀՀ Արցախի մշտական ներկայացուցչության կողմից կամ հարկ է դիմել Արցախի ԱԳՆ։ Քանի որ նոր է ներդրվում այս համակարգը, մի քանի օր հնարավոր է լինեն անհարմարություններ օտարերկրացիների մուտքի հետ կապված, որի համար հայցում ենք ներողամտություն, և առաջիկա օրերին կավարտվի գործընթացը։ Բաքուն որևէ կապ չի կարող ունենալ Արցախ ելք ու մուտքի հետ կապված»։

ՀՀ արտգործնախարարությունից պաշտոնապես տեղեկացնում են՝ օտարերկրացի լրագրողների հավատարմագրման կարգը ՀՀ-ում նույնպես չի փոխվել, և շարունակում է գործել է նույն ընթացակարգը։ Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո բոլոր օտարերկրացիներին, ովքեր ցանկացել են մեկնել Արցախ, արտոնագիր տրվել է։ Խոսքը երկու տասնյակից ավելի մարդկանց մասին է։

«Հոսքը օտարերկրյա լրագրողների Արցախ և Հայասատան անընդհատ է։ Ներկա պահին էլ Արցախում աշխատում են մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրող»։

Արցախ այցելության սահմանափակման իր նկրտումների մասին Բաքուն խոսեց հունվարի 5–ին, երբ ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը Ստեփանակերտում հանդիպեց իր գործընկեր Դավիթ Բաբայանին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն Այվազյանի այցը որակեց «անօրինական»՝ նշելով, թե այն հակասում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած զինադադարի համաձայնագրին։ Թեմայի արձագանքը հնչեց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի կողմից։

Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ, և սա այն հարցն է, որ երբեք չի քննարկվել՝ հայտարարեց։ «Ակնհայտ է, որ այդ կապը պետք է լինի, և հայաստանցի պաշտոնյաները, որոնք ներգրավված են նաև Ղարաբաղում հումանիտար գործընթացներում, Ղարաբաղ այցելելու իրավունք ունեն, հենց դրա համարէլ գոյություն ունի Լաչինի միջանցքը։ Այլ հարց է, որ հավանաբար պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել Ստեփանակերտում»,- հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը։

«Արցախ մուտքի տրամադրման ընթացակարգի մասին»։

Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման կարգ գործում է միայն օտարերկրացիների համար։ Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001թ. օգոստոսի 31-ի օրենքի` Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար օտարերկրյա պետության քաղաքացիները պետք է ունենան վավերական արտասահմանյան անձնագիր կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ և ԱՀ մուտքի արտոնագիր։ Մուտքի արտոնագիր տրամադրվում է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում։

Back to top button